Ավելի քան 450 ֆինանսական ընկերություն 45 երկրից մասնակից են դարձել նոր նախաձեռնության՝ ուղղված կլիմայի պաշտպանությանը։ Այն ստացել է «Գլազգոյի ֆինանսական ալյանս՝ ածխածնային չեզոքության համար» (GFANZ) անվանումը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարվել է Գլազգոյում ընթացող ՄԱԿ-ի` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) ընթացքում։Նոր նախաձեռնությունը, որը համանախագահում է Անգլիայի բանկի նախկին ղեկավար, իսկ այժմ կլիմայի եւ ֆինանսների հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարկ Քարնին, ներառում է բանկեր, ապահովագրական, աուդիտորական ընկերություններ, կենսաթոշակային հիմնադրամներ, վարկանիշային գործակալություններ եւ ֆոնդային բորսաներ: Դրանց ընդհանուր ակտիվները կազմում են $130 տրիլիոն։ Sky News հեռուստաալիքի գնահատմամբ՝ դա կազմում է համաշխարհային ակտիվների ծավալի մոտ 40%-ը։Մասնակիցները կամավոր կերպով պարտավորվել են հասնել «հավակնոտ, գիտության վրա հիմնված նպատակներին, այդ թվում՝ առավելագույնը 2050 թվականին ջերմոցային գազերի արտանետումները զրոյական մակարդակի բերելու առումով»: Միաժամանակ, նախատեսվում է արդեն ընթացիկ տասնամյակի վերջում արտանետումները կրճատել 50%-ով։Նոր նախաձեռնությանը միացած ընկերությունները պետք է պարբերաբար զեկուցեն իրենց կողմից կանաչ օրակարգի զարգացման մասին:«Ներդրողները պետք է նույնքան հստակություն եւ վստահություն ունենան իրենց ներդրումների վրա կլիմայի հարաբերական ազդեցության մասին, որքան շահույթի եւ վնասի ավանդական ֆինանսական ցուցանիշների դեպքում»,- ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը` հավելելով, որ «ամբողջ համաշխարհային ֆինանսական համակարգը կվերակառուցվի՝ ածխածնային չեզոքության հասնելու համար»։ Սունակը տեղեկացրել է, որ գործընթացի շրջանակում կներդրվեն կայուն զարգացման մասին տեղեկատվության պարտադիր բացահայտման պահանջներ, ինքնիշխան կանաչ պարտատոմսեր, հաշվետվությունների ավելի խիստ գլոբալ ստանդարտներ եւ կլիմայական ռիսկերի նկատմամբ համապատասխան վերահսկողություն։ Tweet Դիտում՝ 4284