Մեր կախվածությունը հանածո վառելիքից մարդկությանը մղում է դեպի եզրագիծ: Մենք սուր երկընտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ մենք կանգնեցնում ենք այն, կամ այն կկանգնեցնի մեզ:ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նոյեմբերի 1-ին Գլազգոյում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) բացման արարողությանը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։Գուտերեշը շարունակել է, որ վերջին տասնամյակում շուրջ 4 մլրդ մարդ է տուժել կլիմայական աղետների հետեւանքով: Նա կոչ է արել զարգացող երկրներին ստեղծել անհրաժեշտ ֆինանսական ու տեխնոլոգիական պայմաններ՝ ակտիվացնելու դեկարբոնիզացիան եւ փուլային ճանապարհով հրաժարվելու ածխից:Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հերթին ասել է․ «Եթե այսօր կլիմայական փոփոխությունների դեմ լրջորեն գործի չանցնենք, մեր երեխաների համար վաղն արդեն շատ ուշ կլինի որեւէ բան փոխել․․․ Նրանք կիմանան, որ Գլազգոն այն պատմական շրջադարձային կետ էր, որտեղ պատմությունը չկարողացավ շրջադարձ կատարել»:Իսկ Ուելսի արքայազն Չալզի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, թե որքան ավերիչ կարող են լինել անդրսահմանային ճգնաժամերը․ «Մենք պետք է հրատապ կրճատենք արտանետումները եւ միջոցներ ձեռնարկենք՝ մթնոլորտում արդեն իսկ առկա ածխածնի դեմ պայքարելու համար: Սպառնալիքների ծավալը, որին մենք առերեսվում ենք, մեզ կոչ է անում գտնել գլոբալ լուծումներ՝ ածխի վրա հիմնված տնտեսությունն արմատապես տրանսֆորմացիայի ենթարկելու միջոցով: Ժամանակն արդեն անցել է, աշխարհը պետք է գործի հիմա»: Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով Մեծ Բրիտանիայի՝ երբեւէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն է, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարեւոր միջոցառումը 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո:Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը կարճատեւ զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Հայաստանի նախագահը զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Կատարի էմիրի, Հնդկաստանի, Կանադայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրալիայի վարչապետների, Արգենտինայի, Լիբանանի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ղրղզստանի, Եվրոպական խորհրդի նախագահների հետ:Արմեն Սարգսյանի ելույթը նախատեսվում է նոյեմբերի 2-ին: Tweet Դիտում՝ 1663