Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավան եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկել են COVID-19-ի ազդեցությունը եւ Հայաստանում ԱԶԲ-ի գործունեությունը։«ԱԶԲ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելու իր հանձնառությանը այս դժվարին ժամանակներում եւ պատրաստ է, ըստ անհրաժեշտության, տրամադրել ֆինանսական օժանդակություն եւ խորհրդատվություն քաղաքականությունների մշակման գործընթացում»,- ասել է Մասացուգու Ասակավան:Կողմերը քննարկել են Հայաստանին ուղղված ԱԶԲ ընթացիկ աջակցության պորտֆելը, այդ թվում՝ առողջապահության, կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքաշինության եւ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում իրականացվող ծրագրերը։ Վերջերս ԱԶԲ-ն հաստատել էր Հայաստանին հատկացվող $2 մլն ծավալով դրամաշնորհը «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աղետների ռիսկերին արձագանքման ֆոնդից»՝ Հայաստանի համար խիստ կարեւոր անհատական պաշտպանիչ միջոցների եւ բժշկական պարագաների գնման համար։ Սա հավելվում է բժշկական սարքավորումների եւ պարագաների ձեռքբերման նպատակով նախկինում տրամադրված $500 հազ. գումարին։ Այս ամիս ԱԶԲ-ն նաեւ հաստատել էր դրամաշնորհային ֆինանսավորմամբ իրականացվելիք $750 հազ. արժեքով տեխնիկական աջակցության ծրագիրը՝ սատարելու Հայաստանում հեռավար ուսուցման հարթակի ստեղծմանը։ Սա կօգնի ապահովել որակյալ եւ շարունակական կրթություն արտակարգ դրության եւ նորմալ կենսագործունեության պայմաններում։Հունիսի 1-ին ԱԶԲ-ն ստորագրել էր $20 մլն-ի վարկային համաձայնագիր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ շրջանառու կապիտալին աջակցության նպատակով՝ ապահովելու էներգիայի մատակարարումը, քանի դեռ երկիրը գտնվում է COVID-19-ի ազդեցության կառավարման փուլում։ Tweet Դիտում՝ 8825