2017-ին պետական բյուջե հաշվեգրված հարկային եւ մաքսային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամ կամ 11.6%: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է, որ աճն ապահովվել է առանց գերավճարների. 2017-ի ընթացքում իրական գերավճարները նվազել են 13,1 մլրդ դրամով կամ 9%-ով: Արդեն 2018թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային եւ մաքսային եկամուտները կազմում են 183.9 մլրդ դրամ՝ նախորդ տարեսկզբի 2 ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 19.3 մլրդ դրամով կամ 11.7%-ով: «Առանց մաքսային մասով վճարների՝ առեւտրային հարկ վճարողներն այս տարի 12.2%-ով ավելացրել են վճարած հարկերը՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Խոշոր եւ միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 10.4%, փոքր հարկ վճարողներինը՝ 19.5%»,-հայտնել է Կարեն Բրուտյանը՝ ընդգծելով, որ 2017թ. եւ 2018թ. հունվար-փետրվար ամիսների հարկային եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ստվերի կրճատման հաշվին:Նրա փոխանցմամբ՝ այս տարի ՊԵԿ-ը շարունակում է հարկային վարչարարության բարելավումը՝ ընդլայնելով նաեւ հարկային ստվերի վերհանմանն ուղղված վերլուծական եւ հսկողական աշխատանքները: «Հարկային մարմնի մոտեցումը հստակ է. բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը: Հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու ցանկացած դրսեւորում կանխվելու է»,- ասել է Կարեն Բրուտյանը: 19.12.2017 | 10:25 Կարեն Բրուտյան. Մեր թիրախը կոռուպցիայի չեզոքացումն է ու արդյունավետ կառավարումը Երեւան քաղաքում հարկային ստվերի չեզոքացման եւ հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տարեկան 115-500 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող առեւտրային հարկ վճարողները, ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողները, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունները ամրակցվել են ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության ստուգումների մեկ բաժնի: «Հարկային վարչարարության կենտրոնացման միջոցով ապահովվում է միատեսակ վարչարարություն, եւ բարձրանում ստվերի բացահայտմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը»,-ընդգծել է Կարեն Բրուտյանը:Պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման տեսակետից էական դերակատարություն ունեցող, ինչպես նաեւ հարկային ստվերի առումով ռիսկային գնահատված 18 ոլորտի ավելի քան 500 հարկ վճարողների հետ 2017թ.-ից մեկնարկած հանդիպումները շարունակվում են այս տարի: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների գործընթացում նախատեսված է պիլոտային ծրագիր: Ծրագրի նպատակն է փաստաթղթային ստուգումների մասը հարկ վճարողի տարածքից տեղափոխել հարկային մարմնի գրասենյակ, նվազեցնել հարկային ծառայող-հարկ վճարող ուղղակի շփումը, ինչպես նաեւ մեծացնել ստուգումների ամբողջականության եւ որակի համար հարկային ծառայողների պատասխանատվությունը:2018-ի նախաձեռնություններից է նաեւ հորիզոնական մոնիթորինգի պիլոտային ծրագիրը: «Այն կամավորության սկզբունքով եւ հարկային մարմնի կողմից անվճար իրականացվող սպասարկման ու հսկողության համակարգ է, որն ապահովում է կազմակերպության եւ հարկային մարմնի միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակում իրական ժամանակում՝ բացառելով մոնիթորինգի ընթացքում ստուգման անցկացումը»,-տեղեկացրել է Կարեն Բրուտյանը: Նա հայտնել է նաեւ, որ Հայաստանի ամբողջ տարածքում հարկային մարմինն արդեն ծառայություն է մատուցում «մեկ պատուհան» սկզբունքով: Մասնավորապես, հարկ վճարողը անկախ իր հաշվառման վայրից, կարող է դիմել հարկային մարմնի տարածքային ցանկացած ստորաբաժանում եւ ստանալ սպասարկման ծառայություններ: Այդ նպատակով ավելի քան 800 հարկային ծառայող վերապատրաստվել է: Կարեն Բրուտյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի կողմից հանձնարարվել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացնի հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման եւ ոչ հստակ կարգավորումների շտկման, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաեւ վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ:«Լայնամասշտաբ գործընթացի ելակետն այն է, որ համակարգային ռիսկերի կանխարգելումը միայն ՊԵԿ-ի վարչարարության խնդիրը չէ: Գործընթացի արդյունքում հարկային արտոնությունները, օրենսդրական, այդ թվում՝ ոլորտային կարգավորումները հարկ վճարողներին պետք է հարկերի վճարումից խուսափելու կամ հարկման բազան արհեստական նվազեցնելու հնարավորություն չընձեռեն»,- եզրափակել է Կարեն Բրուտյանը: Tweet Դիտում՝ 2129