ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի հարցազրույցը Banks.am կայքին:- Պրն Բրուտյան, որո՞նք են եղել հարկային վարչարարության համակարգում անցնող տարում իրականացված հիմնական քայլերը:- Ի սկզբանե մեր խնդիրն է եղել համակարգված ձեւով վեր հանել հարկային վարչարարության հետ կապված հիմնական ռիսկերը, մշակել եւ իրականացնել այդ ռիսկերի չեզոքացման միջոցառումներ: Որպես առաջին քայլ՝ 2016թ. իրականացվել էր հարկային վարչարարության համակարգի ախտորոշում՝ նույնականացվել էին առկա ռիսկերը եւ որոշվել էին անելիքները: 2017թ. հունվարից ձեռնամուխ ենք եղել մշակված միջոցառումների իրագործմանը, որոնց հիմնական թիրախ է սահմանվել «Կոռուպցիայի չեզոքացում եւ արդյունավետ կառավարում» մոտեցման ներդրումը՝ կոնկրետացնելով հարկային վարչարարության խնդիրները եւ գործառույթները: Որոշ փոփոխություններ արդեն իսկ իրագործվել են` նախանշված արդյունքներն ապահովվել են, իսկ մնացածը նախատեսվում է կյանքի կոչել 2018-ին եւ հաջորդող տարիներին: - Հարկային վարչարարության խնդիրները եւ գործառույթներն արդյոք կոնկրետ չե՞ն:- Իրավական առումով՝ կոնկրետ են եւ սահմանված համապատասխան նորմատիվ ակտերով: Պատմականորեն, հարկային մարմինն ընկալվում է որպես պետական բյուջեի հարկային եկամուտները ապահովող կամ հավաքագրող, որի խնդիրն է պետական բյուջեի հարկային մուտքերի ծրագրային ցուցանիշի՝ պլանի կատարումը, ինչը իրականում այդքան էլ համարժեք չէ:Հարկերը ձեւավորվում են հարկային մարմնից անկախ՝ հարկ վճարողների գործունեության արդյունքում, եւ հարկ վճարողների պարտականությունն է հարկերի հայտարարագրումն ու դրանց վճարումը: Այս գործընթացում հարկային մարմնի խնդիրն է երաշխավորել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով եւ ժամանակին հայտարարագրումն ու կատարումը: Այս պարագայում բյուջեի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ապահովումը հարկային մարմնի համար դառնում է ոչ թե նպատակ, այլ՝ հետեւանք: Օրինակ, եթե հարկային մուտքերի ծրագրային ցուցանիշը ապահովվել է, սակայն առկա է հարկային ստվերի կամ իրական գերավճարների աճ, սա նշանակում է, որ հարկային մարմինն իր առջեւ դրված խնդիրը թերի է լուծել, քանի որ առկա է հարկային ստվեր, իսկ մուտքերն ապահովվել են գերավճարների հաշվին: Եվ ընդհակառակը, եթե բոլորը վճարում են բոլոր հարկերը, սակայն դա չի բավարարում ծրագրային ցուցանիշի ապահովման համար, այստեղ թերացումը հարկային մարմնինը չէ:Չնվազեցնելով բյուջետային գործընթացում հարկային մարմնի նշանակալի պատասխանատվությունը՝ այդուհանդերձ, հարկային վարչարարության թիրախը պետք է լինի հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների՝ ամբողջ ծավալով եւ ժամանակին հայտարարագրման ու կատարման ապահովումը: Այս դեպքում հարկային մարմնի գործունեությունից ակնկալվող արդյունքները եւ դրանց գնահատումը կլինեն համարժեք:- Որո՞նք են հայտնաբերված հիմնական ռիսկերը եւ ինչպե՞ս են դրանք դրսեւորվում:- Էական ռիսկերը նպատակահարմար է դասակարգել հետեւյալ երկու հիմնական խմբում՝ 1) հարկային ստվեր եւ օրենսդրական սողանցքներ, 2) կազմակերպական կառուցվածք եւ կառավարում:Հարկային ստվերը կամ այլ կերպ ասած՝ չարամտորեն հարկերի չվճարումը հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների թերհայտարարագրումն է: Վերջինիս տարածված դրսեւորումներն են՝ իրացման շրջանառությունների եւ գների թերհայտարարագրումը, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարումը, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումը, աշխատողների թվաքանակի ու վարձատրության մեծությունների թերհայտարարագրումը, կեղծ ծախսերի հայտարարագրումը եւ այլն:Հարկային ստվերի գնահատման կոնկրետ եւ հանրահայտ բանաձեւ չկա, սակայն իրականացված տարբեր գնահատումներով կարող ենք ասել, որ հարկային ստվերի ռիսկը դեռեւս կրում է համատարած բնույթ: Այսպես, չնայած արձանագրված առաջընթացին, «միջին եւ խոշոր» համարվող հարկ վճարողների խմբում ռիսկային են համարվում հարկ վճարողների ավելի քան 50 տոկոսը, իսկ «փոքր» հարկ վճարողների խմբում՝ ավելի քան 75 տոկոսը:Ինչ վերաբերում է օրենսդրական սողանցքների միջոցով հարկերի նվազեցման (չվճարման) հիմնական դրսեւորումներին, ապա նման դրսեւորման օրինակ են «խոշորի» կողմից ստեղծված արբանյակները կամ միեւնույն սեփականատիրոջը պատկանող «խոշոր կամ միջին» բիզնեսի մասնատումները, որոնք հիմնականում գործում են առանձնացված, շրջանառության հարկի դաշտում: Մյուս տարբերակը շահութահարկի նվազեցման ակնկալիքով ուռճացված ծախսերը եւ հաստատագրված վճարներն են եւ (կամ) շրջանառության հարկ վճարողներից ստացված ծառայությունների գները, որոնց արդյունքում ուռճացված արժեքից կա՛մ ընդհանրապես լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն կրում, կա՛մ կրում են մասնակի:Օրենսդրական սողանցքների մասով կառանձնացնեի նաեւ նյութածախսի նորմատիվների բացակայությունը: Մասնավորապես, նյութական ծախսերին վերագրվող տեխնոլոգիական կորուստները, խոտանից կորուստները եւ թափոնները հարկ վճարողները սահմանում են ինքնուրույն եւ հաճախ դրանք լինում են ուռճացված:Այս կորուստները նվազեցվում են ԱԱՀ-ից եւ շահութահարկից: - Ռիսկերը դասակարգելիս նշեցիք նաեւ հարկային մարմնի կազմակերպական կառուցվածքի եւ կառավարման հետ կապված ռիսկերը: Կխնդրեի պարզաբանել այդ հատվածը: - Այստեղ խոսքը հարկային մարմնի տարբեր ստորաբաժանումների կողմից ոչ միասնական հարկային վարչարարության ապահովման եւ ծառայությունների մատուցման մասին է:Այս ռիսկերի շարքին է դասվում նաեւ հարկ վճարողների գործունեության վերաբերյալ ամբողջական տվյալների հասանելիության, դրանց մշակման եւ վերլուծության ավտոմատացված ու առցանց համակարգերի ոչ լիարժեք լինելը:Կառանձնացնեի նաեւ ստուգումների եւ բոլոր տիպի հսկողական այլ միջոցառումների պլանավորման ու իրականացման կանոնակարգվածության դեռեւս ոչ բավարար մակարդակը:Մեզ չի կարող չմտահոգել նաեւ հարկային ծառայողների մասնագիտական կարողությունների եւ աշխատավարձերի ոչ բավարար մակարդակը: - Դուք չնշեցիք կոռուպցիայի մասին: Նման ռիսկ առկա չէ՞:- Հնարավոր է, բայց քիչ հավանական: Հարկային վարչարարության ընթացքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերն են կաշառքը եւ (կամ) հովանավորչությունը: Դրանք կարող են դրսեւորվել համակարգված դրամահավաքի, ստուգման կամ հսկողական կոնկրետ միջոցառման շրջանակում գործարքային կաշառքի, միջանձնային հարաբերությունների, սոցիալական կամ այլ ենթատեքստով հովանավորչության ձեւերով: Մեր գնահատմամբ՝ մեկ միավոր կաշառքը եւ (կամ) հովանավորչությունը հավասար է բազմապատիկ չվճարված հարկի: Չէ՞ որ, բացի տվյալ գործարարի չվճարած հարկերից, կոռուպցիան շղթայական ձեւով ազդում է նաեւ վերջինիս մրցակիցների տնտեսական գործունեության եւ հարկային վարքագծի վրա: Սա էլ, ի վերջո, հանգեցնում է անհավասար մրցակցության եւ ընդհանուր հարկերի նվազեցման, որը կարող է էականորեն շատ լինել հովանավորվողի չվճարած հարկերից: Նշված բոլոր դրսեւորումներն անընդունելի եւ դատապարտելի են: Կարող ենք հայտարարել, որ համալիր եւ անընդհատ միջոցառումների, ՊԵԿ-ի ղեկավարության անհանդուրժողականության, ներքին անվտանգության եւ հսկողական մյուս համակարգերի հետեւողական աշխատանքի արդյունքում ներկայում հարկային մարմնում կաշառքի ռիսկը բացակայում է կամ մոտ է զրոյի: Չբացառելով անհատական առանձին դրսեւորումների հնարավորությունը՝ պետք է նշել, որ բոլոր նման դեպքերը վաղ թե ուշ հայտնի են դառնալու եւ մեր կողմից ձեռնարկվելու են օրենքով նախատեսված միջոցներ՝ այդ հանցագործությունները կատարած անձանց` ե՛ւ հարկային ծառայողներին, ե՛ւ հարկ վճարողներին, պատասխանատվության ենթարկելու ու պետությանը պատճառած վնասը հատուցելու ուղղությամբ: Մենք գիտակցում ենք, որ անհնար է համակարգային հաջողության հասնել, եթե հանդուրժում ենք կոռուպցիան: Հնարավոր չէ ե՛ւ կաշառք վերցնել, ե՛ւ պահանջել, որ վճարվեն բոլոր հարկերը: Այս հարցում մեր մոտեցումը եւ ձգտումը միանշանակ է՝ կոռուպցիայի եւ այն ծնող պատճառների չեզոքացում: - Այդուհանդերձ, ինչպե՞ս եք բացահայտում եւ չեզոքացնում հարկային ստվերը:- 2017թ. «խոշոր եւ միջին» հարկ վճարողների մասով ներդրվել է «Անհատական վերլուծությունների եւ հսկողության համակարգը», որի միջոցով ամենօրյա դիտարկման եւ վերլուծությունների արդյունքում հարկային մարմինը կանխարգելում ու բացահայտում է յուրաքանչյուր հարկ վճարողի հարկային խախտումները: Խախտում հայտնաբերելու դեպքում՝ հարկ վճարողին խախտումը շտկելու եւ չվճարված հարկերը կամավոր վճարելու հնարավորություն է տրվում՝ առանց պատիժ կիրառելու: Թաքցված հարկերը կամավոր չվճարելու դեպքում կիրառվում են հսկողության եւ պատասխանատվության միջոցներ:«Փոքր» հարկ վճարողների մասով ներդրվել է «Ոլորտային վերլուծությունների եւ հսկողության համակարգը», որի միջոցով հարկային մարմինը նույնականացնում է ընդհանուր օրինաչափություններից շեղվող հարկ վճարողներին: Նախ, հարկ վճարողին առաջարկվում է շտկել վարքագիծը եւ հետագայում բացառել խախտումները, որից հետո, խախտումը կրկնվելու դեպքում, անկախ հարկ վճարողի «փոքր» լինելու հանգամանքից, ինտենսիվ կերպով իրականացվում են հսկողական միջոցառումներ՝ մինչեւ խախտումները բացառվեն:Վերոնշյալից բացի, ռիսկային հարկ վճարողների եւ հարկային ռիսկերի նույնականացման գործում էական է ՊԵԿ-ի նորաստեղծ «Մոնիթորինգային կենտրոնի» դերակատարումը: Կենտրոնը նախապես հաստատված ռիսկայնության ցուցանիշների հիման վրա ավտոմատ կերպով վեր է հանում ռիսկերը եւ դրանց մասին ծանուցում ինչպես հարկ վճարողներին, այնպես էլ հսկողական ստորաբաժանումներին: Առաջիկայում այս գործիքի կիրառման ընդլայնումը մեծացնելու է ռիսկերի վերհանման գործընթացի օբյեկտիվությունը եւ համատարած բնույթը:Օրենսդրական սողանցքների միջոցով հարկերի նվազեցման (չվճարման) մասով պետք է նշել, որ այս դաշտում հարկային ստվերի կանխարգելումը եւ բացահայտումը միայն ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարության խնդիր չէ: Այս կապակցությամբ պետք է պարբերաբար ախտորոշել գործող կառավարման եւ իրավական համակարգերը եւ դրանցում կատարել համապատասխան փոփոխություններ՝ բացառելով հարկային ստվերը ծնող մեխանիզմները: Միաժամանակ, պետք է ապահովել, որ հարկային արտոնությունները եւ դրանց տրամադրման պայմանները լինեն կոնկրետ, իսկ դրանց արդյունքները եւ հետեւանքների գնահատումը՝ չափելի:- Ինչպե՞ս եք գնահատում հարկային մարմնի կազմակերպական կառուցվածքում եւ կառավարման համակարգում իրականացված քայլերը:- Շատ լավ, բայց դեռեւս ոչ բավարար: Նախ, մենք մանրամասն ուսումնասիրել ենք հարկային տեսչությունների կողմից իրականացվող բոլոր գործընթացները, որոշումների կայացման մեխանիզմները, ինչպես նաեւ հարկային ծառայողների ծանրաբեռնվածության եւ կարողությունների հարցերը: Բացահայտել ենք, որ առանձին դեպքերում տեսչությունները գործել են ոչ միասնական կարգով, տարբեր տեսչությունների եւ տարբեր հարկային տեսուչների ծանրաբեռնվածությունը տարբեր է եղել, ինչպես նաեւ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը կարող էր տարբեր տեսչություններում տարբեր լինել: Այսինքն, կախված տեսչության ղեկավարության հայեցողությունից եւ կարողություններից՝ հարկ վճարողների նկատմամբ վարչարարությունը կամ վերջիններիս մատուցվող ծառայությունների որակը տարբերվում էր: Պարզ է, որ կառավարման նման մոդելն անթույլատրելի եւ անարդյունավետ է: Միաժամանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգերի զարգացման արդյունքում, պետք էր վերանայել առանձին գործառույթների իրականացման կարգերը, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ դրանց անհրաժեշտությունը:Այս հանգամանքներից ելնելով՝ 2017թ. իրականացվեցին որոշ փոփոխություններ:Մասնավորապես, տարածքային հարկային տեսչությունները լուծարվեցին եւ ստեղծվեց «Փոքր հարկ վճարողների» հարկային տեսչություն-վարչությունը, որը, ինչպես եւ «Խոշոր եւ միջին հարկ վճարողների» հարկային տեսչություն-վարչությունը, բացառապես զբաղվում է վերլուծական եւ հսկողական աշխատանքներով, որոնք ուղղված են հարկային ստվերի բացահայտմանը եւ կանխարգելմանը:Հարկ վճարողների սպասարկման գործառույթն առանձնացվեց ստուգումների (հսկողական) գործառույթից եւ ստեղծվեց «Հարկ վճարողների սպասարկման» վարչությունը:Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում հարկային մարմնում կրճատվեց շուրջ 400 հաստիքային միավոր, իսկ հարկային տեսուչների աշխատավարձի դրույքաչափը միջինը բարձրացվեց շուրջ 40%-ով:Մշակվել են Հարկային տեսչությունների եւ Սպասարկման վարչության գործունեության միասնական կարգերը, որոնք ենթադրում են հարկային վարչարարության եւ հարկային մարմնի կողմից ծառայությունների մատուցման միանման պայմաններ Հայաստանի ամբողջ տարածքում:- Որո՞նք են 2018 թվականի հիմնական անելիքները:- Անելիքները շատ են: Նախ, պետք է հետեւողականորեն շարունակել 2016թ. մեկնարկած աշխատանքները եւ ընդլայնել ստվերի վերհանմանն ուղղված վերլուծական եւ հսկողական աշխատանքների ծավալը՝ այս պրոցեսները դարձնելով անշրջելի: Կոռուպցիայի կանխարգելման եւ բացահայտման աշխատանքները նույնպես պետք է խորացվեն, արդյունքում պետք է փարատել բոլոր այն սպասումները, որ իրականացված փոփոխությունները ժամանակավոր են:Մեծածավալ ագիտացիոն աշխատանք է հարկավոր իրականացնել հարկ վճարողների շրջանակում, առ այն, որ հարկ վճարողների մոտ ամրապնդվի վստահությունը հարկային մարմնի եւ իրականացվող փոփոխությունների նկատմամբ, ինչպես նաեւ գիտակցվի, որ հարկերից խուսափելու պարագայում պատիժը անխուսափելի է: Անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ իրականացնել նաեւ հանրային լայն շրջանակների համար, որպեսզի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ հասարակական հարգանք ձեւավորվի, իսկ ոչ օրինապահների նկատմամբ՝ պարսավանք:Հարկային մարմնի կառավարման արդյունավետության բարձրացման առումով նույնպես դեռ շատ անելիքներ ունենք, որոնցից առաջնայինը հարկային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումն է: Առանձնահատուկ կարեւոր է հարկային մարմնում իրականացվող գործընթացների հնարավորինս ավտոմատացումը: Պետք է ձգտել 100%-ով ավտոմատացնել տեղեկատվական հոսքերը, ինչպես նաեւ վերլուծական եւ հսկողական աշխատանքների կազմակերպումը:- Ո՞րն է Ձեր հիմնական ասելիքը հարկ վճարողներին:- Ինչպես եւ կոռուպցիան, այնպես էլ հարկային ստվերը ռիսկեր են, որոնք ուղղակի հակասում են մեր պետության եւ հասարակության ընդհանրական շահերին ու խոչընդոտում են բնականոն զարգացումը: Հետեւաբար, հարկային մարմինը պետք է գործի այնպես, որ հարկ վճարողները չկարողանան եւ չձգտեն թաքցնել հարկերը: Այլ կերպ ասած՝ բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը:Բնականաբար, նախ եւ առաջ, հարկային մարմնի կողմից պետք է մատուցվեն որակյալ ծառայություններ եւ պետք է իրականության մեջ ապահովվի հարկային վարչարարության ոչ խտրական լինելը:Հարկային մարմինը չպետք է միջամտի օրինապահ հարկ վճարողների գործունեությանը հաճախակի ստուգումներով եւ ավելորդ պարտավորություններով, օրինակ՝ չպետք է ծանրաբեռնի հարկ վճարողներին գերավճարներով կամ կանխավճարներով: Այլ կերպ ասած՝ օրինապահ հարկ վճարողը պետք է չնկատի հարկային վարչարարությունը, թեեւ անգամ օրինապահները պետք է ենթարկվեն մշտադիտարկման, որպեսզի երաշխավորվի վերջիններիս օրինապահ լինելը:Մյուս կողմից, մենք բազմիցս հայտարարել ենք, որ սոցիալական, քաղաքական կամ որեւէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող եւ դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենը շարքային օրինախախտ է, իսկ, այսպես կոչված՝ մեղմ վարչարարությունը կարող է եւ պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից՝ «խոշոր, միջին կամ փոքր», պետք է կանխվի. բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, հարկային մարմինը պարտավոր է արձագանքել:Շնորհակալություն հայտնելով բոլոր օրինապահ հարկ վճարողներին համարժեք հարկային վարքագծի համար՝ նաեւ ցանկանում եմ նշել, որ ժամանակն է, որպեսզի ոչ օրինապահ հարկ վճարողները գիտակցեն, որ`- Բացի պարտադիր լինելուց, հարկ վճարելը նաեւ պատվաբեր է:- Հարկ չվճարելը ձեռնտու չէ, քանի որ կիրառվող պատասխանատվության միջոցները անխուսափելի, անհամաչափ խիստ եւ թանկ են:- Հարկ չվճարելու հաշվին շահույթ ստացող գործարարը շարքային օրինախախտ է` հանցագործ, եւ վաղ թե ուշ դատապարտվելու է:- Չկան երաշխավորման այնպիսի մեխանիզմներ կամ անձիք, որոնք օրինախախտ հարկ վճարողին կապահովագրեն պատասխանատվության անխուսափելիությունից:Կարեն Բրուտյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 23287