«High Construction»-ի համաժողովը՝ նորագույն տեխնիկական ու թվային լուծումներով

26.04.2025 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /
Ավտոմատացման և թվային ինչ լուծումներ կարելի է ներդնել Հայաստանի շինարարության, գյուղատնտեսության և գեոդեզիայի ոլորտներում, որպեսզի աշխատանքը և հետազոտությունները դառնան ավելի արագ ու արդյունավետ։ Թեմայի շուրջ ծավալուն քննարկում է անցկացվել «Automation Solutions by High Construction 2025» խորագրով համաժողովի ընթացքում, որին ներկա էին ինչպես տեղական ընկերությունների ներկայացուցիչներ, ճարտարապետներ, դիզայներներ, շինարարներ, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրեր։

«Թվային լուծումներն այլեւս անհրաժեշտություն են»

«Համախմբելով տարբեր ոլորտների մասնագետների՝ մենք ձգտում ենք ձևավորել համագործակցության միջավայր, որտեղ կիսվում են գիտելիքներով, փորձով, ստեղծվում են նոր կապեր, ծնվում են հետաքրքիր ու կարևոր գաղափարներ: Համաժողովը միայն նորարարական տեխնոլոգիաների քննարկման հարթակ չէ, այստեղ անդրադառնում ենք նաև ոլորտում առկա խնդիրներին և միասին փորձում գտնել դրանց լուծման արդյունավետ ուղիներ: Մեր նպատակն է ներկայացնել առաջատար լուծումներն ու խթանել ոլորտի զարգացմանը Հայաստանում»,- Banks.am-ի հետ զրույցում ասել է «High Construction» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Խեչոյանը։


Նրա խոսքով՝ ավտոմատացումն ու թվային լուծումներն այսօր անխուսափելի անհրաժեշտություն են, որոնք թույլ են տալիս բարձրացնել աշխատանքի որակը, ճշգրտությունը և կայունությունը․ «Ամենամեծ խնդիրն այն է, որ հայաստանյան շուկան մի փոքր դժվար է ընդունում նորարարությունները։ Բայց մենք ամեն ինչ անում ենք, այդ թվում ՝ նմանատիպ հանդիպումների, համաժողովերի միջոցով, որպեսզի առկա խոչընդոտները հաղթահարենք»,- ընդգծել է նա։

Եզակի նախագծերը՝ Հայաստանում

«High Construction» ընկերությունը ստեղծվել է 2023թ․-ին Հայաստանում։ Գործունեության երկու տարիների ընթացքում այն հասցրել է ակտիվորեն զբաղվել շինարարությամբ, տարբեր գեոդեզիական խնդիրների լուծմամբ, սպասարկմամբ և նախագծերի կառավարման ծառայություններով։ Թիմն իրականացնում է ջրամատակարարման, ջրահեռացման, դրենաժային համակարգերի և պոմպակայանների մոնտաժման աշխատանքներ։ Այն սկսել է նաև օդափոխության համակարգերի կառուցման ու մոնտաժման աշխատանքներ իրականացնել։


Հատկանշական է, որ High Construction-ը «MyLer Mountain» ռեզորտում տեղադրել է 100 բար ճշումով հատուկ պոմպակայան և 20 կմ երկարությամբ բարձր ճնշումային խողովակաշար, որի միջոցով այսօր այնտեղ իրականացվում է արհեստական ձնագոյացում:


2024 թվականից սկսած High Construction-ը հանդիսանում է CHC-NAV ընկերության Machine Control բաժնի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Միջոցառման կազմակերպիչները վստահ են՝ գեոդեզիական ոլորտի նորագույն տեխնոլոգիաների և Machine Control լուծումների շնորհիվ շինարարության ոլորտը Հայաստանում կարող է առաջանցիկ տեմպերով զարգանալ։

«Հայաստանում ոլորտի զարգացման մեծ պոտենցիալ կա»

Համաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև գյուղատնտեսության ոլորտին․ այն Հայաստանում կենսական և տնտեսական մեծ նշանակություն ունի։ FJ Dynamics կազմակերպության հետ համագործակցությամբ High Construction-ը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանում գյուղտեխնիկայի և տրակտորների ավտոմատացված լուծումներ։ Իհարկե, տեխնիկական այս հնարավորությունները պատկերավոր ցուցադրվել են քննարկման ժամանակ։


Միջոցառմանը հրավիրված էր նաև CHC-NAV ընկերության Machine Control բաժնի ղեկավար Սանդեյ Սանը Չինաստանից։ Իր խոսքում նա ներկայացրել է ավտոմատացման լուծումների ներդրման իրենց հաջողակ պատմություններն ու անդրադարձել հարցին, թե ինչպես կարելի է համեմատել նոր տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը տարբեր երկրներում ու տարածաշրջաններում: Նա նշել է, որ Հայաստանում այս ուղղոթյան զարգացման մեծ պոտենցիալ կա, և իրենք պատրաստ են համագործակցել այդ մասով։

Համաժողովն ամփոփվեց հատուկ զեղչերի խաղարկությամբ՝ 10%, 15% և 25%՝ «Machine Control, GPS, սքաներներ և գյուղատնտեսական ավտոմատացում» ուղղություններով։


Տիգրան Խեչոյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ նմանատիպ հանդիպումներ, քննարկումներ էլի են կազմակերպելու․ վստահ են, որ սա երկխոսության համար շատ արդյունավետ ու եզակի հարթակ է և ոլորտի զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 2904
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW