Ամիօ բանկը, կարեւորելով փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) առանցքային դերը երկրի տնտեսության զարգացման գործում, կիրառում է ՓՄՁ ոլորտի վարկավորման ընդլայնման եւ աջակցման ռազմավարություն: Բանկը որոշում է կայացրել 2026 թվականի հունիսի 1-ից մինչեւ 1 տոկոսային կետով նվազեցնել ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի եւ լիզինգների տարեկան տոկոսադրույքները: Բանկից հայտնել են, որ տոկոսադրույքների նվազեցումը իրականացվել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների համար, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին: «Այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն նվազեցնել գործող ֆինանսական պարտավորությունների բեռը, այլեւ խթանել բիզնեսի ակտիվությունը, ընդլայնման հնարավորությունները եւ երկարատեւ համագործակցությունը բանկի եւ հաճախորդների միջեւ: Բանկը շարունակելու է հանդես գալ գործարար համայնքի կարիքներին արձագանքող նախաձեռնություններով՝ ապահովելով հասանելի, ճկուն եւ հաճախորդամետ ֆինանսական լուծումներ ՓՄՁ-ների համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Ամիօ բանկի կողմից առաջարկվող բիզնես վարկերին կարող եք ծանոթանալ այստեղ: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1145