Հիփոթեքային վարկերի ու ներդրումային ֆոնդերի մասին օրենքները կփոփոխվեն

01.12.2016 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման», «Սպառողական կրեդիտավորման», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության» մասին ՀՀ եւ հարակից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ վերոնշյալ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման ու հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է «Կուտակային կենսաթոշակների», «Ներդրումային ֆոնդերի» մասին ՀՀ օրենքներում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով կհստակեցվի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների եւ այլ անձանց կողմից ֆոնդի մասնակիցների պատճառված վնասների հատուցման գործընթացը, այդ թվում՝ դեպքերը եւ հետադարձ պահանջի ծավալը, ինչը զերծ կպահի այդ գործընթացն իրավական ռիսկերից:

Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը եւ երաշխիքային ֆոնդը հատուցումն իրականացնելուց հետո ձեռք կբերեն հետադարձ պահանջի իրավունք համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ, եթե ապացուցեն, որ հատուցման դեպքն առաջացել է կառավարչի գործողության հետեւանքով, իսկ կառավարիչն էլ իր հերթին չի ապացուցի, որ գործում էր օրենքով սահմանված իր ֆիդուցիար պարտականությունների (կառավարչի ղեկավարները եւ աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ի շահ ֆոնդի մասնակիցների) շրջանակում:

Կառավարության հիմնավորմամբ՝ փոփոխություններում հաշվի են առնվել առկա խնդիրներն ու միջազգային լավագույն փորձը: Դրանք նպատակ են հետապնդում ստեղծել մեխանիզմներˋ կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի մասնակիցների շահերի լիարժեք պաշտպանության ու համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար:

Դիտում՝ 3832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai