Պարտադիր աուդիտի, աուդիտորական ծառայությունների գնագոյացման, գնումների մասին օրենսդրական կարգավորումների եւ ձեւավորված մշակույթի վերաբերյալ Banks.am-ը զրուցել է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն, «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատի» խորհրդի նախագահի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի հետ:- Անցած տարի ապրիլին զրուցել էինք հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում նոր օրենքների ու այդ փոփոխությունների արդյունքում ակնկալվող խնդիրների լուծման շուրջ: Այսօր՝ մեկ տարի անց, ինչպե՞ս եք գնահատում գործընթացը: - Ինչպես գիտեք, 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունը, համաձայն որի խոշոր, միջին եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները պետք է պարտադիր աուդիտի ենթարկեն եւ հրապարակեն 31.12.2020 թվականին ավարտվող եւ վերջինիս հաջորդող տարիների համար պատրաստված ֆինանսական հաշվետվությունները: Նման պահանջ գործում է զարգացած բոլոր երկրներում, ինչպես նաեւ ԱՊՀ հիմնական տարածքում: Օրենսդրական այս փոփոխության նպատակն էր հրապարակված ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ հանրության վստահության ձեւավորումը, Հայաստանում մրցակցային, թափանցիկ, բիզնես միջավայրի ստեղծումը եւ կառուցողական գործարար փոխհարաբերությունների զարգացումը: Այս նպատակին հնարավոր է հասնել միայն աուդիտի որակի նկատմամբ ձեւավորված վստահության պայմաններում, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում աուդիտորական ծառայությունների մատուցման համար հայտարարված մրցույթներում պատվիրատու կազմակերպության համար միակ որոշիչ գործոնը գինն է, ինչը կասկածի տակ կարող է դնել իրականացված աուդիտորական ծառայությունների որակը:- Այդ պարագայում ինչպե՞ս են ձեւավորվում աուդիտորական ծառայությունների գները: Հաճախ նույն ծառայության համար տարբեր ընկերություններից ստացված առաջարկները շատ նման են թվում պատվիրատուներին. այդ դեպքում՝ ինչպե՞ս ընտրել: - Աուդիտորական ծառայությունների գնային տարբերությունները, հատկապես առաջատար միջազգային ցանցերի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների եւ այդպիսիք չհանդիսացող տեղական աուդիտորական կազմակերպությունների միջեւ, հաճախ անհարկի շահարկումների պատճառ են դառնում: Սակայն, քանի որ գնումների գործընթացում որոշումների կայացման հիմքում հաճախ գինն է, անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ այս հարցին ավելի մանրամասն:Միջազգային ցանցերի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են պահպանել արդեն տասնյակ տարիներ միջազգային ասպարեզում գործող ցանցերի կողմից մշակած գործունեության պայմանները, ինչն ուղղված է անկախ, որակյալ եւ աուդիտի միջազգային ստանդարտներին ու Մասնագիտական էթիկայի կանոնագրքին համապատասխան բարձր մասնագիտական ծառայությունների մատուցման ապահովմանը: Սա իր մեջ ներառում է հատուկ ծրագրային ապահովում, որն օգտագործվում է աուդիտորական ընթացակարգերի բոլոր փուլերում, սկսած հաճախորդի ընդունման եւ հաստատման փուլից, վերջացրած աուդիտորական եզրակացության տրամադրմամբ եւ իրականացված աշխատանքների որակի մոնիթորինգով: Միջազգային ցանցերի անդամները մեծ ներդրումներ են անում որակի ապահովման համար: Օրինակ, աշխատանքներում ներգրավում են փորձառու եւ հմուտ տարաբնույթ մասնագետների, հաճախորդների տվյալների եւ աշխատանքային փաստաթղթերի պահպանման համար կիրառում միջազգային լավագույն եւ լիզենզավորված ծրագրեր: Բացի այդ, այս ընկերությունները պարբերաբար անցնում են ցանցի կողմից որակի վերահսկողության մոնիթորինգ, ապահովագրում մասնագիտական գործունեությունը եւ այլն: Ընդհանուր առմամբ, հարյուր հազարավոր ԱՄՆ դոլարներին համարժեք այս ներդրումներն, իհարկե, իրենց ազդեցությունն են ունենում աուդիտորական ծառայությունների գների վրա: Համապատասխան օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում մյուս կազմակերպությունները պարտադրված չեն նմանատիպ ներդրումներ անելու: Այս պարագայում աուդիտորական ծառայությունների գների մեջ տարբերությունները չափվում են միլիոն դրամներով: Սա, իհարկե, նորմալ չէ եւ չի ապահովում հավասար մրցակցային դաշտ: Այն կազմակերպությունները, որոնք մինչ այս օրենքի ընդունումն էլ կամավոր կամ պարտադիր ցանկանում էին իրականացնել երաշխավորված որակյալ եւ միջազգային հանրության կողմից ընդունելի աուդիտ, օգտվում էին բացառապես միջազգային ցանցի անդամ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից (հիմնականում ֆինանսական ոլորտի կազմակերպությունները եւ խոշոր հարկատուների մի մասը): Բայց այժմ, այն խոշոր, միջին եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները, որոնք ազատ են ընտրելու աուդիտորին, հիմնականում առաջնորդվում են ցածր գներով, որոնք որոշ դեպքերում այնքան աբսուրդային են կազմակերպությունների՝ միլիարդների հասնող ակտիվների եւ շրջանառության պայմաններում, որ միանշանակ վկայում են ավելի շուտ աուդիտի բացակայության, քան իրականացման մասին: - Հետեւապես, կարո՞ղ ենք եզրակացնել, որ օրենսդրական փոփոխությունը նպատակին չի ծառայում: Ի՞նչ հավելյալ քայլեր ու լուծումներ եք առաջարկում, ի վերջո, մրցակցային ու վստահելի միջավայրի ապահովման համար: - Անշուշտ, առկա գործընթացները չեն կարող օժանդակել մրցակցային, թափանցիկ, բիզնես միջավայրի ձեւավորմանը, եւ սա հետեւանք է մի կողմից անկատար օրենսդրական դաշտի, մյուս կողմից աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ՝ այս պահին որակի հսկողության եւ մոնիթորինգի բացակայության:Մինչ նոր օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը աուդիտորական գործունեության որակի վերահսկողությունը ՀՀ-ում վերապահված էր ֆինանսների նախարարությանը: Այժմ, ֆինանսների նախարարությանը կից հասարակական հիմունքներով ստեղծված Հանրային վերահսկողության խորհուրդն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտում հանրային վերահսկողությունը: Այս գործունեության շրջանակներում Խորհուրդը պետք է ապահովի աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերի մշակումը եւ հաստատումը: Նշված գործառույթը պետք է իրականացվի ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության կողմից: Պալատն այժմ գտնվում է կայացման փուլում, եւ մայիսին կայանալիք ընդհանուր ժողովից հետո, երբ ընտրվի պալատի խորհուրդը եւ ձեւավորվեն հանձնաժողովները, կսկսի իրեն վերապահված գործառույթների իրականացումը, այդ թվում՝ իր անդամ աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումը:- Այդ դեպքում, ինչպե՞ս է ներկայումս իրականացվում որակի վերահսկողությունը աուդիտի ոլորտում, մինչեւ Պալատի կայացման եւ գործառույթների ամբողջական կատարման ապահովումը: - Բոլոր աուդիտորական կազմակերպությունների համար պարտադիր է Որակի հսկողության միջազգային ստանդարտ 1-ը, որի համաձայն միջազգային ցանցի մաս հանդիսացող ընկերությունները մոնիթորինգային ընթացակարգերը կարող են իրականացնել ցանցային հիմունքներով, ինչն էլ ներկայումս արվում է: Իսկ սահմանափակ թվով աշխատակազմ ունեցող ընկերությունները կարող են որոշել ներգրավել համապատասխան որակավորմամբ արտաքին մասնագետի կամ մեկ այլ ընկերություն՝ առաջադրանքի ստուգումներ եւ այլ մոնիթորինգային ընթացակարգեր իրականացնելու համար, ինչը ցավոք պետք է նշել, որ կիրառություն չունի ՀՀ-ում, չնայած մեր երկրում ընդունվել եւ գործում է նշված ստանդարտը: Ավելի վաղ, ՀՀ աուդիտորների ասոցիացիան (այժմ «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպություն) կամավոր հիմունքներով իրականացրեց որակի գնահատման մոնիթորինգ արտաքին մասնագետի հրավիրմամբ, որին ցանկություն հայտնեց մասնակցելու մոտ 30 ընկերությունից 11-ը, եւ գնահատումը հաջողությամբ անցան 7-ը: Նախատեսվում էր, որ պետական մարմինները կօգտագործեին այս գործառույթը պետական գնումների մրցութային ընթացակարգերում, սակայն սա չունեցավ ցանկալի շարունակություն: Այս առումով որակի գնահատման բավականին հաջողված տարբերակ է կիրառվում հարեւան Վրաստանում: Աուդիտորական գործունեության որակի գնահատումն ամբողջովին վերապահված է պետությանը, եւ պարբերական (1-3 տարի հաճախականությամբ) ստուգումների արդյունքում աուդիտորական կազմակերպությունները դասակարգվում են 1-5 դասի խմբերում: Առաջին երկու խմբերում ընդգրկված կազմակերպություններին թույլատրվում է անցկացնել աուդիտ առանց բացառության բոլոր ընկերություններում, 3-րդ խմբի կազմակերպություններին արգելվում է իրականացնել աուդիտ հանրային հետաքրքրություն ներկայացնող ընկերություններում, 4-րդ խմբին՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող եւ խոշոր ընկերություններում, իսկ 5-րդ խմբին՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր եւ միջին ընկերություններում: Այս մոտեցումը թույլ է տալիս հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր եւ միջին ընկերություններում (մեր օրենքով պարտադիր աուդիտի ենթակա ընկերություններ) թույլատրել իրականացնելու աուդիտ որակապես նույն հարթության վրա գտնվող ընկերություններին, ինչը երաշխավորում է նմանատիպ գներ եւ որակ:- Խոսելով պետական գնումների ընթացակարգերի մասին՝ ինչպիսի՞ առանձնահատկություններ կան ծառայությունների, մասնավորապես, աուդիտորականների գնման գործընթացում: - Ինչպես արդեն նշեցի, պետական մասնակցություն ունեցող կազմակերպություններն աուդիտոր ընտրելիս պարտավոր են առաջնորդվել «Գնումների մասին» օրենքով: Ցավոք, այն հնարավորություն չի տալիս սահմանել ավելի բարձր գործակցով տեխնիկական ու որակական չափանիշներ, քանի որ յուրաքանչյուր նման չափանիշ կարող է համարվել խտրական, մրցակցությունը սահմանափակող կամ ոչ համարժեք: Ի հավելումն նշվածի, առաջնահերթությունը տրվում է ամենացածր գին առաջարկած տարբերակին եւ, երբեմն էլ, հավելյալ սակարկություններ անցկացնելուց հետո: Բնականաբար, նմանատիպ, հիմնականում միայն գնային առաջարկով պայմանավորված մրցույթները չեն կարող երաշխավորել որակյալ աուդիտի իրականացում, մասնավորապես, պետական մասնակցություն ունեցող կազմակերպություններում:Իսկ առեւտրային ընկերությունները եւ միջազգային կազմակերպությունները իրենց մրցութային տեխնիկական առաջադրանքները կազմելիս կարող են եւ հաճախ սահմանում են որակական խիստ պահանջներ, օրինակ՝ փորձի առկայություն կոնկրետ ոլորտում, իրականացված ծառայությունների քանակ եւ ծավալ, աուդիտորական կազմակերպության հասույթ, մասնագիտական ապահովագրության առկայություն, աուդիտորների որակական չափանիշներ եւ այլն: Ամփոփելով, աուդիտորի ընտրություն կատարող այն պատվիրատուներին, որոնք իրապես ցանկանում են որակյալ ծառայություններ ստանալ, կհորդորեի չառաջնորդվել միայն ցածր գնով, ինչը ոչ միայն չի երաշխավորի որակյալ ծառայությունների ստացումը, այլեւ կարող է վնասել հենց տվյալ կազմակերպության բարի համբավին: Ես լիահույս եմ, որ այժմ, երբ որակի գնահատման մոնիթորինգն արդեն կարգավորվում է օրենքով, Պալատն ամեն ջանք կգործադրի այն հաջողելու համար եւ կոչ եմ անում ոլորտի մեր բոլոր գործընկերներին համագործակցել այս նպատակին միասին հասնելու համար: Tweet Դիտում՝ 22162