Կարեն Բաբայան. «Միայն պահանջներ կրկնօրինակելը ցանկալի արդյունքը չի երաշխավորում»
15.04.2025 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /


Կարգավորողների լիազորություններն ընդլայնելու հարցում կարծիքները տարբեր են՝ կախված երկրին բնորոշ գործոններով, օրինակ, երկրի բանկային հատվածի չափերով: Շատ կենտրոնական բանկեր, որոնք որդեգրում են Բազել 3-ը (միջազգային կարգավորումներ բանկերի համար), նշում են, որ գլոբալ կարգավորող ստանդարտները միշտ չէ, որ հաշվի են առնում տեղական բանկային հատվածի առանձնահատկությունները:
Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն Կարեն Բաբայանը, Central banking-ի հետ զրույցում նշել է, որ պարզապես պահանջներ կրկնօրինակելը ցանկալի արդյունք չի երաշխավորում:
Բաբայանն ընդգծել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը հիմնականում հետեւում է Բազել-ի կանոններին, սակայն միաժամանակ փորձում է մշակել այնպիսի կանոնակարգեր, որոնք հատուկ են Հայաստանին: Օրինակ՝ նախատեսվում է բանկերի համար կապիտալի պահանջներ սահմանել՝ կախված ավանդատուների բնակության վայրից եւ ավանդի չափից։
2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո շատ ռուսներ իրենց կապիտալներով տեղափոխվեցին Հայաստան։ Սա զգալիորեն մեծացրեց հայաստանյան բանկերի շահութաբերությունը, բայց նաեւ մտահոգություն առաջացրեց ֆինանսական կայունության վերաբերյալ, քանի որ ավանդների ներհոսքը ցանկացած պահի կարող էր ետ դառնալ։
Կարեն Բաբայանի խոսքով, ԿԲ-ն գիտակցում է, որ ոչ ռեզիդենտների ավանդներն ավելի անկայուն կարող են լինել, քան ռեզիդենտներինը։ Ոչ ռեզիդենտ ավանդների ներհոսքը միայն մեծացրել է կարգավորիչ բարեփոխումների անհրաժեշտությունը, ավելացնում է նա:
«Եթե խոշոր ավանդատուն համարվում է ռիսկային, մենք ակնկալում ենք, որ դա կարտացոլվի ավանդների գնագոյացման վրա»,- ասում է Բաբայանը՝ հավելելով, որ ԿԲ-ն ցանկանում է, որ բանկերը պատշաճ գնահատեն ոչ ռեզիդենտ ավանդատուներից եկող ռիսկերը։
Նա նշում է, որ ԿԲ-ն նաեւ շատ ավելի խիստ պահանջներ է սահմանում բանկերի արտարժութային պահուստների նկատմամբ՝ նրանց ազգային արժույթի պահուստների համեմատ։ Նրա խոսքով, դա կօգնի բանկերին պաշտպանվել հնարավոր համակարգային ցնցումներից։
«Ինչ վերաբերում է ազգային արժույթին, ապա մենք ճկուն ենք միջամտելու եւ բանկերին իրացվելիություն ապահովելու հարցում», - ասում է Կարեն Բաբայանը:
Նա նաեւ ընդգծում է խիստ վերահսկողության անհրաժեշտությունը կարգավորումն իրականացնելու հարցում։ Կենտրոնական բանկերը կարող են «խաղալ» կապիտալի թվերի կամ պահուստի հետ կապված պահանջների հետ, սակայն հաճախ հենց վերահսկողությունն է կարգավորումը տեղին եւ արդյունավետ դարձնում:
«Արդյունավետ կարգավորումը պահանջում է ոչ միայն համապատասխան բուֆերներ, այլ, որ ավելի կարեւոր է, ճիշտ խթաններ ռիսկերի կառավարումը բարելավելու համար: Միայն կարգավորումը՝ առանց լավ վերահսկողության, ոչինչ չի տա», - ասում է նա:
Կարեն Բաբայանը պնդում է, որ սթրես-թեստավորումը եւ վերականգնման պլանավորումը կենտրոնական բանկերի համար կարող են ծառայել որպես ռիսկերը չափող գործիքներ՝ ճիշտ ժամանակին միջամտելու համար: Ըստ նրա, կարգավորման պրոցեսի պլանավորումը նույնպես երաշխավորում է Կենտրոնական բանկի արդյունավետ միջամտությունը:
Central Banking-ը նկատում է, որ Կարեն Բաբայանը միակը չէ, ով կարծում է, որ միայն կապիտալի պահանջները բավարար չեն։ Նմանատիպ մտքեր է արտահայտել նաեւ Միջազգային հաշվարկների բանկի (BIS) նոր գործադիր տնօրեն եւ Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեի նախկին նախագահ Պաբլո Էրնանդես դե Կոսը: BIS Ֆինանսական կայունության ինստիտուտի ղեկավար Ֆերնանդո Ռեստոյը նույնպես պնդում է, որ վերահսկողությունը կարող է ավելի ուժեղ դեր խաղալ:
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Վերջին լուրեր
22.04.2025 | 23:00 Հոդվածներ
22.04.2025 | 16:59 Նորություններ
22.04.2025 | 10:58 Նորություններ
Երեւանում տեղի է ունեցել FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը
22.04.2025 | 10:01 Նորություններ
Կոնվերս Բանկը CCF-ում է՝ նոր հնարավորություններով ու անակնկալներով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: