2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Հաշվապահական հաշվառման մասին» (ՀՀՄ), «Աուդիտորական գործունեության մասին» (ԱԳՄ), «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» (ՀԱՀՎ) օրենքները, որոնք էական փոփոխություններ են նախատեսում հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում:Նոր օրենքների վերաբերյալ Banks.am-ը զրուցել է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն, Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի նախագահի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի հետ:- Վերջին շրջանում շատ է խոսվել կազմակերպությունների գործունեության թափանցիկության մասին, եւ ահա միանգամից երեք նոր օրենք է ընդունվում, որոնք անմիջական կապ ունեն այս խնդրի հետ: Ի վերջո, ի՞նչու հիմա եւ ի՞նչ խնդիրների լուծումներ են ապահովվում այս օրենքներով: - Եթե փորձենք ընդհանրացնել, ապա արդեն վաղուց անհրաժեշտություն էր առաջացել՝ կատարելագործելու Հայաստանում գործող, հատկապես՝ խոշոր եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականության գործառույթների արդյունավետությունը: Սա ավելի կարեւորվեց կառավարության կողմից ստվերի կրճատման ուղղությամբ ձեռնարկվող՝ հարկային եւ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ էր մի շարք միջոցառումների միաժամանակյա անցկացում, որի արդյունքում կիրականացվեր.- հաշվետվողականության նպատակով կազմակերպությունների դասակարգումը եւ համապատասխան հաշվապահական հաշվառման մեթոդաբանական հիմքերի սահմանումը,- ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) եւ աուդիտի միջազգային ստանդարտների հայերեն թարգմանության ժամանակին ապահովումը,- ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնության եւ պարտադիր աուդիտի ենթարկման պահանջների կիրառումը միջազգային փորձի եւ ԵՄ դիրեկտիվների չափանիշներին համապատասխան,- աուդիտի որակի վերահսկողության կատարելագործումը,- աուդիտորական եւ հաշվապահական ոլորտներում ներգրավված մասնագետների նկատմամբ որակական չափանիշների սահմանումը եւ դրան համապատասխան կրթական եւ որակավորման պայմանների ապահովումը:- Թվարկված խնդիրների լուծումների արդյունավետության տեսանկյունից կարեւորագույն դեր են խաղալու ոլորտի քաղաքականության ու վերահսկողության սահմանման լիազորություն ունեցող մարմինները: Ինչպե՞ս է ապահովվելու վերոնշյալը:- Իրականացված փոփոխությունների արդյունքում սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը ֆինանսների նախարարություն է, իսկ կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինը՝ հասարակական հիմունքներով ֆինանսների նախարարությանը կից ստեղծվող Հանրային վերահսկողության խորհուրդը:Հանրային վերահսկողության խորհրդի գործառույթներն են.- ապահովել ամբողջական ՖՀՄՍ-ների, ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքների, փոքր եւ միջին կազմակերպությունների (ՓՄԿ) ՖՀՄՍ-ի, ինչպես նաեւ դրանցում տեղի ունեցած փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը նոր ստանդարտների հրապարակումից հետո` մեկ տարվա ընթացքում,- ապահովել հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների եւ խոշոր կազմակերպությունների, փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի եւ օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգի, ինչպես նաեւ ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների մշակումը, միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի եւ հաշվային պլանի կիրառման հրահանգի մշակումը,- ապահովել աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների, Մասնագիտական էթիկայի կանոնագրքի, ինչպես նաեւ դրանցում տեղի ունեցած փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը,- ապահովել աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերի մշակումը եւ հաստատումը,- իրականացնել վերահսկողություն մասնագիտացված կառույցի գործունեության նկատմամբ,- վարել աուդիտորների, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունների միասնական ռեեստր:- Պարտադիր աուդիտի վերաբերյալ նույնպես բազմիցս խոսվել է. նախկինում արված օրենսդրական կարգավորումները լիարժեք չապահովեցին հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ հանրության վստահությունը: Մտահոգությունների հիմքում էին նաեւ աուդիտի ոլորտում որակի ապահովման եւ վերահսկողության հարցերը: Ի՞նչ լուծումներ է նախատեսում նոր օրենքը: - Անշուշտ, աուդիտորական ծառայությունների որակի ապահովումն ու վերահսկողությունը կարեւորագույն խնդիրներ են, որոնց մասին մենք՝ «Գրանթ Թորնթոնը», բարձրաձայնել ենք բազում անգամներ, ինչպես հանրայնորեն, այնպես էլ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մոտ: Նոր օրենքով այս հարցը կարգավորվում է Մասնագիտացված կառույցի ստեղծմամբ, որին անդամակցում են աուդիտորները, փորձագետ հաշվապահները, ինչպես նաեւ աուդիտորական կազմակերպությունները: Այս՝ աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած կառույցն ունենալու է հասարակական կազմակերպության կարգավիճակ եւ հավատարմագրվելու է ֆինանսների նախարարության կողմից: Մասնագիտացված կառույցի հիմնական գործառույթներն են.- Իրականացնել իր անդամ աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում,- հաստատել իր անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգը,- Հաշվապահների միջազգային դաշնության կրթական միջազգային ստանդարտներին (IES) համապատասխան հաստատել աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը եւ որակավորման քննությունների անցկացման կարգը,- իրականացնել իր կողմից որակավորված աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորում եւ ընդունել որոշումներ որակավորման չեղարկման վերաբերյալ,- սահմանել իր անդամ աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման պահանջները:- Եվ կրկին, անդրադառնալով պարտադիր աուդիտին՝ ի՞նչ նոր պահանջներ է սահմանում օրենքը կազմակերպությունների նկատմամբ: - Համաձայն ՀՀՄ օրենքի՝ պարտադիր աուդիտի եւ հրապարակման են ենթակա hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների, խոշոր եւ միջին կազմակերպությունների եւ դրանց խմբերի ֆինանսական հաշվետվությունները: Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող է, բանկ է, վարկային կազմակերպություն, վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, կարգավորվող շուկայի oպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություն, վերաապահովագրական ընկերություն, ապահովագրական բրոքերային կազմակերպություն կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ:Միջին կազմակերպության համար հաշվետու տարվա վերջի դրությամբ պետք է բավարարվեն ներքոհիշյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը. ա) ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 2-10 միլիարդ ՀՀ դրամ, բ) գործունեությունից հասույթը՝ 4-20 միլիարդ ՀՀ դրամ, գ) վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 100-250:Վերոնշյալ ցուցանիշներից բարձր ցուցանիշներ ունեցող կազմակերպությունները համարվում են խոշոր կազմակերպություններ: Ավելի ցածր ցուցանիշներ ունեցող կազմակերպությունները համարվում են փոքր եւ միկրոկազմակերպություններ, որոնց համար պարտադիր չէ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը եւ աուդիտը:- Որո՞նք են հետագա քայլերը: - Այժմ օրենքների ընդունումից հետո, ՀՀԱԱ առաջնահերթ խնդիրն է հրավիրել իրեն անդամակցող աուդիտորների եւ հաշվապահների տարեկան ժողով, ընդունել փոփոխված կանոնադրությունը մասնագիտացված կառույցի պահանջներին բավարարելու համար եւ սկսել հավատարմագրման գործընթացը ֆինանսների նախարարության կողմից: ՀՀԱԱ ունի հաջողված՝ Հաշվապահների միջազգային դաշնության կրթական միջազգային ստանդարտներին (IES) համապատասխան կրթական համակարգ, որն արդեն իսկ հավատարմագրված է ֆինանսների նախարարության կողմից, եւ որի հիման վրա իրականացվում է աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների որակավորումը:Առավել կարեւորում եմ աուդիտորական կազմակերպությունների որակի գնահատման գործընթացի կազմակերպումը եւ հաջողումը, որովհետեւ միայն այդ դեպքում կապահովվի հրապարակված հաշվետվությունների նկատմամբ վստահության ձեւավորումը հանրության կողմից, մրցակցային, թափանցիկ, ազատ եւ արդար բիզնես միջավայրի ձեւավորումը եւ կառուցողական գործարար փոխհարաբերությունների զարգացումը Հայաստանում: Tweet Դիտում՝ 11678