Ռուս զբոսաշրջիկներին ամենից շատ մտահոգում են դեպի Հայաստան ավիատոմսերի գները

25.03.2021 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Նաիրա Թովմասյան #MITT Moscow #զբոսաշրջություն #JUST TRAVEL

Հայաստանը նախորդ շաբաթ իր զբոսաշրջային ներուժն է ներկայացրել Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսում: Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով Հայաստանից 20 զբոսաշրջային ընկերություն է ներկայացել:


MITT Moscow հարթակում տուրօպերատորները հնարավորություն են ունեցել ուղիղ շփվել Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների հետ:

Banks.am-ը զրուցել է ցուցահանդեսին մասնակից JUST TRAVEL զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն Նաիրա Թովմասյանի հետ՝ պարզելու, թե մեկ տարվա դադարից հետո հետաքրքրություն կա՞ Հայաստանի նկատմամբ, վերջին պատերազմն որքանո՞վ է ազդել մեր երկիր այցելել ցանկացող ռուս զբոսաշրջիկների վրա եւ ի՞նչ ակնկալիքներ կարել է ունենալ զբոսաշրջային տարվա հետ կապված:

Նաիրա Թովմասյանն ասում է, որ Հայաստանը, որպես էքսկուրսիոն ու գաստրոնոմիկ ուղղություն, ռուս զբոսաշրջիկին միշտ հետաքրքրել է, եւ այդ հետաքրքրությունը պահպանվել է:



Նրա խոսքով՝ MITT Moscow-ում տուրօպերատորներին մտահոգող հարցերը հիմնականում կապված են եղել դեպի Հայաստան ավիատոմսերի բարձր գների եւ հանրահավաքների ու ցույցերի հետ:



«Ի ուրախություն մեզ՝ հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ, իսկ պատերազմին առնչվող որեւէ հարց չի եղել: Հիմնականում հետաքրքրվում էին, թե հանրահավաքներով ու ցույցերով պայմանավորված՝ որքանով է մեր երկիրն անվտանգ զբոսաշրջիկների տեղաշարժի համար: Հետաքրքրվում էին, թե զբոսաշրջիկն անվտանգ ու անխոչընդոտ կարո՞ղ է զբոսնել փողոցով: Մենք ներկայացրել ենք իրավիճակն ու հավաստիացրել, որ Հայաստանն անվտանգ է այցելությունների համար»,- նշում է JUST TRAVEL-ի տնօրենը:



Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին՝ Նաիրա Թովմասյանը նկատում է, որ սա ամենից շատ մտահոգող հարցն է:

«Համավարակի պատճառով մարդկանց եկամուտները նվազել են, բոլորն ակնարկում էին, որ ավիատոմսերը շատ թանկ են եւ հարցնում՝ թե ի՞նչ կարելի է անել, որ ավելի մատչելի լինի Հայաստան գալը: Նշում էին, որ դեպի Հայաստան ավիատոմսերի գները երբեք այսքան բարձր չեն եղել», - պատմում է նա:

JUST TRAVEL-ի տնօրենի խոսքով՝ ավիատոմսերի բարձր գների պատճառով տուժում են նաեւ զբոսաշրջային գործակալությունները, սակայն խնդիրը միայն տուրօպերատորների մակարդակով լուծել հնարավոր չէ:

«Էքսկուրսիոն տուրերի առումով եվրոպական շուկան բավական մեծ հոսք էր ստանում Ռուսաստանից, բայց, քանի որ այսօր եվրոպական շատ երկրներ փակ են ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, մեր երկրի բաց սահմանների շնորհիվ ակնկալիքներ կարելի է ունենալ ռուսական շուկայից, սակայն մինչեւ ավիատոմսերի գները չնվազեն, զանգվածային հոսքի մասին խոսելն իրատեսական չէ: 2019 թվականի զբոսաշրջային ծավալների 20-30 %-ի չափով ակնկալիքն իրատեսական կլինի միայն սեպտեմբերի-հոկտեմբեր ամիսներին»,- ասում է Նաիրա Թովմասյանը:



Նա հավելել է, որ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է նմանատիպ այլ ցուցահանդեսների մասին, ինչն այս իրավիճակում շատ արդյունավետ կլինի՝ մեկ միասնական տաղավարի ներքո ներկայանալ Հայաստանով հետաքրքրված զբոսաշրջիկներին:

Արփի Ջիլավյան

Դիտում՝ 3080
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai