Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը MITT Moscow ցուցահանդեսում

19.03.2021 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #զբոսաշրջություն #MITT Moscow
Մարտի 16-ից 18-ը Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանը, երկար դադարից հետո, կրկին ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են 20 զբոսաշրջային ընկերություններ։

Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 1,5 հազար կազմակերպություն 229 երկրից, այդ թվում նաեւ Հայաստանը՝ մեկ միասնական տաղավարով։

Հայկական տաղավարի առաջին այցելուներից էր «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան, ով հանդիպում է ունեցել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակն ու հեռանկարները։

Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարը, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների եւ Զբոսաշրջության կոմիտեի համատեղ ջանքերով, հասցրել է գրավել ռուսաստանցի այցելուների, տարբեր երկրներից ժամանած գործընկերների ուշադրությունը՝ աչքի ընկնելով իր զբոսաշրջային առաջարկների բազմազանությամբ՝ արկածային զբոսաշրջություն, գաստրո տուրեր, գինու ուղղություններ, երեւանյան եւ մարզային փառատոններ, իրական փորձառություններ, համաշխարհային մշակութային արժեքներ եւ այլն։

Հայկական տաղավարի ձեւավորմանն ու յուրահատուկ ներկայացմանն իր մասնակցությունն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը։

Մարտի 17-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանի գլխավորությամբ, հյուրընկալել է այդ օրերին Մոսկվայում գտնվող Զբոսաշրջության կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին։

Դեսպանը կարեւորել է ներկայիս դժվար ժամանակներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացումը Ռուսաստանում եւ հայ-ռուսական հետագա կապերի ամրապնդումը։ Ընդունելության ժամանակ դեսպան Տողանյանը հուշանվեր է հանձնել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին։ Հանդիպմանը հրավիրվել էին նաեւ Ռուսաստանի զբոսաշրջային բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Ավելի վաղ՝ մարտի 9-ից 12-ը, Զբոսաշրջության կոմիտեն, 21 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, առցանց ձեւաչափով մասնակցել է ITB Berlin միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկին։
Դիտում՝ 2400
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW