Գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ կներդրվեն

25.04.2024 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գանձապետական պարտատոմսեր #աճուրդ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները եւ ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր:

Նշվում է, որ փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը եւ կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը:

Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: Այս միջոցառումները կբարելավեն ներքին պարտքի շուկայի մասնակիցների կազմն ու կառուցվածքը:

«ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիության աճն ամրագրված է որպես ներքին պետական պարտքի կառավարման նպատակադրում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի կոնսոլիդացիա, շուկային առաջարկել նոր գործիքներ՝ ընդլայնելով ներդրողների շրջանակը, ինչպես նաեւ փոխանակման աճուրդների կազմակերպման միջոցով լրացուցիչ գործիքակազմ ապահովել վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի իրականացման համար: Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու զուտ միջոցների տեսակարար կշռի ավելացումն արտաքին փոխառու զուտ միջոցների նկատմամբ միտված է նվազեցնել փոխարժեքի ռիսկը, ինչպես նաեւ հիմքեր ստեղծել ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա խորացման համար»,- նշվում է հիմնավորման մեջ:
Դիտում՝ 2250

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW