Աշխարհի ամենահին բանկի բացահայտումները ԵՄ ֆինանսական ինտեգրման մասին

04.09.2026 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Եվրոպական կենտրոնական բանկի հետազոտությունների նախկին տնօրեն Լուկրեցիա Ռեյխլինը Լոնդոնի բիզնես դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր է։

Լուկրեցիա Ռեյխլին

Օգոստոսի 20-ին յոթ ժամ տեւած խորհրդակցություններից հետո 1472 թվականին հիմնադրված Banca Monte dei Paschi di Siena-ի խորհուրդը արտասովոր որոշում կայացրեց։ 

Intesa Sanpaolo-ի՝ 30,6 միլիարդ եվրո արժողությամբ ձեռքբերման առաջարկից պաշտպանվելու համար Monte dei Paschi-ն, որը փրկվեց 2017 թվականին իտալացի հարկատուների միջոցներով, Banco BPM-ի եւ Banca Generali-ի բաժնետոմսերի դիմաց ներկայացրեց բաժնետոմսերի փոխանակման առաջարկներ՝ ընդհանուր շուրջ 34 միլիարդ եվրո արժեքով՝ միաժամանակ իր սեփական բաժնետերերին բաշխելով եւս 4 միլիարդ եվրո։

Իտալացիներն այսպիսի մանեւրումների համար մի բառ ունեն՝ risiko (համանուն սեղանի խաղի անունով)։ Monte dei Paschi-ն փորձում է իրեն այնքան մեծ ու թանկ դարձնել, որ իրեն հնարավոր չլինի «կուլ տալ»։ Սակայն այս քայլը նաեւ կարեւոր  բացահայտում է այն մասին, թե ինչու է եվրոպական ֆինանսական ինտեգրումն այդքան դժվար առաջ գնում։

Խոսքը միայն շուկայական մասնաբաժնի կամ ծախսերի կրճատումից ստացվող խնայողությունների մասին չէ: Խոսքը Mediobanca ներդրումային բանկի նկատմամբ վերահսկողության, Mediobanca-ի՝ ապահովագրական հսկա Assicurazioni Generali-ում ունեցած 13% բաժնեմասի եւ, ի վերջո, իտալական տնային տնտեսությունների խնայողությունների հսկայական զանգվածի վերահսկողության մասին է։ Նաեւ այն հաստատությունների ցանցի մասին է, որը տասնամյակներ շարունակ ձեւավորել է Իտալիայի ֆինանսական եւ արդյունաբերական հզորությունը։ 

Ահա թե ինչու բորսայում ցուցակված ընկերությունների միջեւ վերահսկողության համար մղվող պայքարը ներկայացվում է որպես ազգային շահի հարց։ Արհմիությունները սպառնացել են մոբիլիզացնել իրենց անդամներին: Տարբեր կողմերին աջակցող բաժնետերերի ինքնությունը քաղաքական նորությունների թեմա է դարձել: Իսկ միջսահմանային գործոնը՝ այն փաստը, որ ֆրանսիական Crédit Agricole բանկին է պատկանում Banco BPM-ի 29,3%-ը, ընկալվում է գրեթե որպես արտաքին միջամտություն։

Դասը պարզ է։ Եվրոպայի բանկային համակարգը շարունակում է մնալ ազգային ոլորտ, ինչը Եվրոպական Միության քաղաքականություն մշակողները մշտապես թերագնահատել են։

Բանկային միության ամբողջական ձեւավորման եւ ինտեգրված եվրոպական կապիտալի շուկա ստեղծելու ձախողման ընդունված բացատրությունն այն է, որ կառավարությունները չեն ցանկանում կիսել ֆինանսական ռիսկերը։ Հաճախ ասում են, որ գերմանացի հարկատուները պատրաստ չեն ապահովագրել իտալական բանկերի ավանդները։ Թեեւ այս բացատրության մեջ որոշակի ճշմարտություն կա, Monte dei Paschi-ի օրինակը մատնանշում է մեկ այլ խոչընդոտ։


Ազգային բանկային համակարգը պարզապես վարկեր տրամադրելու մեխանիզմ չէ։ Այն նաեւ կառավարություններին հնարավորություն է տալիս ազդեցություն պահպանել առ այն, թե որտեղ են ուղղվում ազգային խնայողությունները՝ որ ընկերություններն են ստանում ֆինանսավորում, որ ոլորտներն են ընդլայնվում, որ տարածաշրջաններն են ներգրավում ներդրումներ եւ, ոչ պակաս կարեւոր՝ ով է գնում պետական պարտքը։

Մինչեւ Եվրոպական արժութային միության ստեղծումը կառավարություններն այս ազդեցությունն իրականացնում էին շատ ավելի բացահայտ կերպով՝ հանրային սեփականության, վարկային վերահսկողության եւ ուղղակի միջամտության միջոցով: Եվրոպական ազատականացումը մեծ մասամբ վերացրեց այդ գործիքները: Սակայն դրանց հիմքում ընկած քաղաքական շահերը պահպանվեցին, թեեւ ոչ այնքան տեսանելի ձեւերով: Եվրոպական ֆինանսական ինտեգրացիան հաճախ ընկալվում է որպես արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական նախագիծ: Սակայն ազգային կառավարությունների տեսանկյունից բանկային միությունը եւ ԵՄ Խնայողությունների եւ ներդրումների միությունը շատ քիչ բան են առաջարկում այն սակավաթիվ մնացած լծակներից մեկը թուլացնելու դիմաց, որոնց միջոցով կառավարությունները կարող են ազդել ներքին խնայողությունների բաշխման վրա։

Օրինակ, երբ ազգային բանկային համակարգը լուրջ խնդիրների է բախվում, դրա համար վերջնական ֆինանսական պատասխանատվությունը այնուամենայնիվ կրում է ազգային կառավարությունը: Իտալիան 2017 թվականին եվրոպական կանոններին համապատասխան վերակապիտալացրեց Monte dei Paschi-ն, սակայն դա արեց իտալական պետական միջոցների հաշվին։ Եթե շատ ավելի խոշոր Monte dei Paschi-ն լուրջ դժվարությունների բախվեր, Իտալիայի կառավարությունը կրկին կհայտնվեր միջամտելու հսկայական ճնշման տակ:

Մի խոսքով՝ ԵՄ քաղաքականություն մշակողները պահանջում են, որ կառավարությունները ավելի քիչ վերահսկողություն ունենան իրենց բանկային համակարգերի նկատմամբ՝ միաժամանակ նրանց ամբողջությամբ չազատելով համակարգային ճգնաժամի հաղթահարման պատասխանատվությունից։ Սա այնքան էլ շահեկան գործարք չէ։ 

Եվրոպան պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Ֆինանսական ինտեգրման հասնելու համար կառավարությունների ազդեցությունը ազգային բանկերի վրա նվազեցնելու փոխարեն ԵՄ-ն պետք է ստեղծի եվրոպական ֆինանսավորման մեխանիզմ այն ներդրումների համար, որոնք ազգային բանկերը չեն կարող արդյունավետորեն ֆինանսավորել։

Այս անհրաժեշտությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Եվրոպան պետք է ֆինանսավորի էլեկտրաէներգիայի ցանցերը, պաշտպանական ծախսերը, էներգետիկ ենթակառուցվածքները, թվային ցանցերը եւ այլ նախագծեր, որոնց տնտեսական արժեքը դուրս է գալիս ազգային սահմաններից։ Ազգային բանկային համակարգերը, որոնք հիմնականում կոչված են ազգային խնայողությունները դեպի ազգային վարկառուներն ուղղելու եւ նրանց ֆինանսավորելու համար, այնքան էլ հարմար չեն այս խնդրի լուծման համար։ Հետեւաբար, նման մեխանիզմը պետք է դուրս գա բանկային համակարգի սահմաններից՝ հնարավորություն տալով ներդրումային ֆոնդերին, ապահովագրական ընկերություններին, մասնագիտացված վարկատուներին եւ այլ ֆինանսական հաստատություններին նախաձեռնել ու ֆինանսավորել եվրոպական նախագծեր։

Նպատակը պետք է լինի եվրոպական ներդրումներով ապահովված ֆինանսական ակտիվների մեծ շուկայի ստեղծումը: Շատ կարեւոր է այն, որ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է նպաստել նման շուկայի ձեւավորմանը՝ գործելով գների կայունության ապահովման իր մանդատի շրջանակներում։ Իր գրավի եւ իրավասության չափանիշների միջոցով ԵԿԲ-ն արդեն որոշում է, թե որ ֆինանսական ակտիվները կարող են հեշտությամբ փոխանակվել կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման դիմաց: Այդ կանոնները կարելի է մշակել այնպես, որ եվրոպական նախագծերի ֆինանսավորմանն ուղղված հուսալի ֆինանսական ակտիվները գրավիչ լինեն պահելու եւ շուկայում առքուվաճառք իրականացնելու համար։ Այսպիսով, սահմանափակ չափով հանրային կապիտալը կարող է իր վրա վերցնել սկզբնական ռիսկի մի մասը եւ օգնել ներգրավել մասնավոր ֆինանսավորման շատ ավելի մեծ ծավալներ։


Կառավարություններին ազգային շահերը զոհաբերելու կոչ անելու փոխարեն՝ ԵՄ-ն նրանց կառաջարկի շոշափելի օգուտ՝ ֆինանսավորման աղբյուր այն ներդրումների համար, որոնք նրանք չեն կարող արդյունավետորեն իրականացնել սեփական ուժերով։ Ազգային ընկերությունները կարող են մասնակցել էլեկտրացանցերի, նավահանգիստների, պաշտպանական համակարգերի եւ եվրոպական այլ ենթակառուցվածքների կառուցմանը: Բանկերը կարող են միջնորդավճարներ ստանալ՝ արժեթղթերի ձեւավորման, դրանց թողարկման կազմակերպման եւ տեղաբաշխման միջոցով՝ առանց ստեղծված վարկային ակտիվները իրենց հաշվեկշիռներում պահելու։ Արդյունքում եվրոպական խնայողությունները հնարավոր կլինի ուղղել դեպի եվրոպական ներդրումներ այնպիսի մեխանիզմի միջոցով, որը ամբողջությամբ կախված չի լինի ազգային բանկային համակարգերից։

Ժամանակի ընթացքում ֆինանսավորման այս ուղին կարող է իսկապես եվրոպական նախագծերի համար ավելի գրավիչ դառնալ, քան ազգային այլընտրանքները։ Կառավարությունները պաշտոնապես չեն հրաժարվի իրենց առկա լիազորություններից. նրանք պարզապես ավելի քիչ պատճառներ կունենան դրանք օգտագործելու համար: Այս տարբերակումը կարեւոր է, քանի որ եվրոպական ինտեգրացիան հաճախ առաջ է շարժվել այն ժամանակ, երբ ԵՄ նոր մեխանիզմներն աստիճանաբար փոխարինել են ազգային գործիքներին։

Monte dei Paschi-ի շուրջ պայքարը պարզապես Իտալիայի անվերջանալի բանկային խնդիրների հերթական դրվագը չէ: Այն բացահայտում է քաղաքական տնտեսության մի իրողություն, որը ԵՄ ֆինանսական բարեփոխումները մեծապես անտեսել են: Հաջորդ անգամ, երբ Եվրոպական խորհրդի հաղորդագրությունը կոչ անի ինտեգրել Եվրոպայի կապիտալի շուկաները, քաղաքականություն մշակողները պետք է հիշեն, որ կառավարություններին մտահոգում է ոչ միայն այն, թե ով է կրում ֆինանսական ռիսկերը, այլեւ այն, թե ով է վերահսկում խնայողություններն ու վարկավորումը, որոնց վրա հիմնված է ազգային տնտեսական հզորությունը:

Կառավարություններից ավելի մեծ զիջումներ պահանջելու փոխարեն՝ Եվրոպան պետք է ստեղծի մի համակարգ, որի օգտագործումը ազգային իշխանությունների համար շահավետ կլինի։

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:               


Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org

Դիտում՝ 748

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW