Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի հարցազրույցը Banks.am-ին - Պարոն Եղիազարյան, կարանտինով պայմանավորված՝ ի՞նչն է փոխվել բանկային կյանքում, ինչպե՞ս է այն ազդել, օրինակ, քարտերով գործարքների, ավանդների կամ վարկերի վրա։ Արդյոք ունեցե՞լ եք ավանդների վաղաժամկետ խզումներ:- COVID-19-ի մուտքը մեր կյանք, իհարկե, լուրջ մարտահրավեր էր, սակայն բանկային համակարգը հարցին մոտեցավ համախմբված եւ բարձր պրոֆեսիոնալիզմով։ Առկա իրողությանն արձագանքելու նպատակով Evocabank-ն արագորեն քայլեր ձեռնարկեց՝ ապահովելով բանկի բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ իր աշխատակիցների եւ հաճախորդների առողջության պահպանումը: Գլխամասային գրասենյակի աշխատակիցների մեծ մասի աշխատանքը 1-2 օրվա ընթացում վերափոխվեց WFH (work from home) ձեւաչափի։ Այսօր մեր 100-ից ավել աշխատակիցներ հեռահար աշխատում են տանից` պահպանելով վարձատրության ամբողջ չափը: Ի դեպ, որոշ բաժինների համար WFH ձեւաչափին անցումն արդեն նախատեսված էր բանկի ծրագրերում՝ տեղեկատվական անվտանգության ստանդարտների պահպանմամբ, ինչի շնորհիվ անցումը կատարվեց կազմակերպված եւ սահուն: Արագ կազմակերպվեց աշխատակիցների եւ այցելուների անհպում ջերմաչափումն ու սպասարկումը ձեռնոցներով, բժշկական ու թափանցիկ պլաստիկից պաշտպանիչ դիմակներով: Ի լրումն ամենօրյա ընթացիկ ախտահանման աշխատանքների՝ մասնագիտացած ընկերություններն ամեն շաբաթ հատուկ սարքավորումներով եւ նյութերով ախտահանում են բանկի գլխամասն ու բոլոր մասնաճյուղերը։ 15.04.2020 | 10:01 Կանխարգելիչ ախտահանում` Evocabank-ի բոլոր գրասենյակներում Ուզում եմ նշել, որ, ելնելով բանկի mobile-first ձեւաչափից, մեր հաճախորդների զգալի մասն արդեն իսկ օգտվում էր հեռահար բանկային սպասարկումից, եւ այդ մշակույթը մեր հաճախորդների զգալի մասի մոտ զարգացած էր նաեւ նախքան այս իրավիճակը: Բանկի EvocaTOUCH հավելվածն ունի ավելի քան 300 000 ներբեռնում, սակայն դեռեւս ոչ բոլորն են այն ակտիվ կիրառում: Այս ընթացքում նկատվեց պասիվ օգտատերերի զգալի ակտիվացում եւ հեռահար գործարքների աճ: Մենք մշտապես ուղղորդում ենք հաճախորդներին դեպի EvocaTOUCH՝ ոչ միայն տեղեկատվական նյութերով, այլեւ՝ առաջարկելով հեռահար ծառայություններից օգտվելու ավելի շահավետ սակագներ, օրինակ՝ EvocaTOUCH-ով ավանդ ներդնելիս՝ հաճախորդը ստանում է 0.25%-ով ավելի բարձր տոկոսադրույք, վճարում է 25%-ով ավելի ցածր միջնորդավճար՝ միջազգային փոխանցումների դեպքում, իսկ ՀՀ տարածքում բոլոր փոխանցումներն իրականացնում է անվճար: Այս ընթացքում քարտային գործարքները, բնականաբար, որոշակիորեն նվազել են՝ պայմանավորված տնտեսական գործունեության նկատմամբ եղած սահմանափակումների հետեւանքով առեւտրային կետերի գործունեության ժամանակավոր դադարեցմամբ, փոխարենը՝ զգալիորեն աճել են առցանց քարտային վճարումները՝ թե´ քանակապես, թե´ ծավալով:Մարտի երկրորդ կեսին նկատվեց որոշակի աննշան տեղաշարժ ավանդների կազմում։ Առանձին ավանդատուներ շտապեցին, տրվեցին պահի ազդեցությանը, իրենց դրամային ավանդները վաղաժամկետ խզեցին եւ վերաներդրեցին արտարժույթով՝ մտահոգվելով արտարժույթի փոխարժեքի տատանումներից: Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի օպերատիվ համագործակցության արդյունքում կայունությունն արտարժութային շուկայում, բնականաբար, արագորեն վերականգնվեց, եւ ավանդատուների վարքագծում սկսեց նկատվել հակառակ միտումը: Ժամկետային ավանդների զուտ արտահոսքը բանկից աննշան է եղել. հիմնականում վաղաժամկետ խզվել են այնպիսի փոքր ավանդներ, որոնց գումարը տնտեսական գործունեության սահմանափակումների ընթացքում անհրաժեշտ է եղել քաղաքացիներին իրենց առօրյա ծախսերը հոգալու համար: Ավելին՝ մեր ժամկետային ավանդների պորտֆելը մարտի սկզբի համեմատ աճել է 3%-ով։ Ինչ վերաբերում է վարկառուներին, որպես պատասխանատու գործընկեր մենք ամեն ինչ անում ենք, որ իրենք վարկերի սպասարկման հարցում դժվարություններ չունենան: Հասարակության մի հատված՝ հիմնականում՝ ոչ պատշաճ վարկային կարգապահություն ունեցողները փորձում են բանկերին վերագրել «ֆիլմի բացասական հերոսի» դերը։ Բանկերի կատարած աշխատանքը հաճախ թերագնահատվում է եւ խեղաթյուրված լուսաբանվում։ Իրականում, այս ընթացքում բոլոր առեւտրային բանկերն իրենց որոշումներով հարյուր հազարավոր վարկառուների տրամադրեցին բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ վարկային արձակուրդներ։ Բանկերը, հետաձգելով վարկերի գծով ստացվելիք գումարները, չստանալով այս բոլոր ամիսների ընթացքում այդ վարկերի տոկոսագումարները եւ մայր գումարները, պարտաճանաչ կերպով սպասարկում են ավանդները եւ վճարում դրանց տոկոսները:Evocabank-ը 6 ամսով երկարաձգեց իր բոլոր SingleTOUCH եւ ապառիկ վարկատեսակների մարման վերջնաժամկետները, իսկ վարկերի ամսական մարումները հետաձգեցինք մինչեւ հուլիս ամիսը: Վերանայվել եւ վարկային արձակուրդներ են տրվել հարյուրավոր այլ վարկերի գծով՝ հիփոթեքային վարկեր, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տրված բիզնես վարկեր եւ այլն: Բանկն արդեն իսկ վերանայել է շուրջ 67 մլրդ դրամ ընդհանուր գումարի ավելի քան 35 000 վարկ: - Վարկային արձակուրդները, այնուամենայնիվ, ժամանակավոր լուծում են, եւ այդ արձակուրդից օգտված վարկառուները ստիպված են լինելու մարել կուտակված պարտքերը: Այս առումով ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել խնդրահարույց վարկերի մասով: - Վարկային արձակուրդների մոդելը նախագծելիս՝ Evocabank-ը հաշվի է առել սահմանափակումների փուլային մեղմացման եւ համավարակով պայմանավորված զարգացումների իրատեսական սցենարի դեպքում՝ տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնման ակնկալվող ժամանակացույցը: Պատահական չէր, որ մենք SingleTOUCH եւ ապառիկ վարկատեսակների առաջիկա ամսական մարումները հետաձգեցինք մինչեւ հուլիս: Մեր կանխատեսումների համաձայն, որոնք, ի դեպ, իրականացան, հիմնական սահմանափակումների մեղմացումը պետք է տեղի ունենար մայիսի կեսերին: Հունիսին բնակչության եկամուտներն աստիճանաբար կսկսեն վերականգնվել, ինչը հնարավորություն կտա հոգալու առօրյա կենսական ծախսերը, եւ հնարավորություն կստեղծվի, որպեսզի արդեն հուլիսից մարդիկ սկսեն կանոնավոր վճարել գործող վարկերը: Իսկ մարումների վերջնաժամկետները երկարացնելով 6 ամսով՝ մենք ապահովել ենք, որ մեր գործընկերների ամսական վարկային բեռը չգերազանցի, իսկ շատ դեպքերում՝ նույնիսկ ավելի փոքր լինի, քան նախատեսված է եղել նախկին ժամանակացույցով: Մշակել ենք գործողությունների ծրագիր՝ համավարակի բացասական սցենարով հետագա հնարավոր զարգացումների դեպքում եւս:Բնականաբար, համավարակի ազդեցությունը չի կարող անհետեւանք մնալ։ Գործող վարկառուների մի մասի մոտ ակնկալվում է վարկունակության որոշակի նվազում, սակայն նշված ռիսկերը գտնվում են կառավարելի մակարդակում: Առեւտրային բանկերի եւ Կենտրոնական բանկի ղեկավարությունը ամենօրյա ռեժիմով խորհրդակցություններ է անցկացնում, տրվում են բոլոր առկա եւ սպասվող խնդիրների արագ եւ օպերատիվ լուծումներ, վերլուծվում է իրավիճակը, քննարկվում են հնարավոր զարգացումների սցենարները եւ առեւտրային բանկերի ու Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ի դեպ, Կենտրոնական բանկը վերջերս հրապարակել է Հայաստանում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության եւ անխափան գործունեության ապահովման նպատակով իրականացված միջոցառումների ամփոփ նկարագիրը: Հայաստանի բանկերի միությունը եւս ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում:Այս ընթացքում շատ կարեւոր է տնտեսական ակտիվության վերականգնումը: Գիտակցելով դրա կարեւորությունը՝ անգամ մարտի առաջին օրերին, երբ անորոշության մակարդակը դեռեւս բարձր էր, իսկ բանկի աշխատակիցները, գործընկերներն ու հաճախորդներն անհանգիստ էին ու լարված, Evocabank-ն աշխատել է բնականոն ռիթմով, սպասարկման սրահները բաց են եղել, գործարքները ակնթարթային հաստատվել են։ Ուզում եմ հատուկ նշել եւ շնորհակալություն հայտնել մեր ու բոլոր գործընկեր բանկերի frontline աշխատակիցներին բարդ եւ պատասխանատու աշխատանքի համար: Նրանք աշխատում են կանխիկի հետ, շփվում հազարավոր հաճախորդների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել պոտենցիալ վարակակիր։ Անգամ ամենաանորոշ օրերին մեր frontline թիմակիցներն աշխատել են նվիրումով, միշտ ունեցել են դրական տրամադրվածություն, որը փոխանցել են նաեւ հաճախորդներին:Այս ընթացքում ՀՀ կառավարության աջակցության 1-ին եւ 3-րդ ծրագրերով հաստատել եւ տրամադրել ենք ավելի քան 1.5 մլրդ դրամի վարկեր: Աշխատելով փոքր անձնակազմով եւ գերծանրաբեռնված՝ շարունակել ենք բնականոն վարկավորումը թե´ բիզնես, թե´ հիփոթեքային եւ թե´ սպառողական վարկատեսակներով: Մարտի 15-ից մինչ օրս կառավարության ծրագրերով վարկավորումը չհաշված՝ տրամադրել ենք եւս 5 մլրդ դրամ ընդհանուր գումարով շուրջ 3 000 այլ վարկեր: Ուսանողական վարկերն առավել մատչելի դարձնելու նպատակով՝ EvocaTOUCH հավելվածում ներդնում ենք ուսանողական վարկերի օնլայն դիմումների ընդունման հնարավորություն եւ ակնկալում ենք ուսանողության մեծ ակտիվությունն այս ծրագրում:Շատ ենք կարեւորում մեր մասնակցությունը միջազգային վարկային ծրագրերին: Մասնակցում ենք գերմանական KfW բանկի էներգաարդյունավետ վարկավորման ծրագրին: Վերջերս միացանք նաեւ Եվրոպական ներդրումային բանկի՝ EIB-ի վարկային ծրագրին, որի շրջանակներում ՓՄՁ-ներին դրամով բիզնես վարկեր ենք առաջարկում 9.5%-ով եւ մինչեւ 7.5 տարի ժամկետով: Նախատեսում ենք նոր համագործակցություն սկսել խոշորագույն միջազգային ֆինանսական կազմակերպության հետ։- Ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները բանկերի համար։ Ըստ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի՝ սա բանկային ճգնաժամ չէ, «այն սկսվում է համավարակից, շարունակվում է տնտեսությամբ եւ ավարտվում բանկերով։ Այո, բանկերն իրենց վրա շատ դժվար հետեւանքներ կզգան, բայց իրենք կլինեն երրորդն այս շղթայում։ Եվ հիմա այն ժամանակը չէ, երբ պետք է օգնել բանկերին»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:- Նմանատիպ իրավիճակներում սոցիալական բնույթի եւ տնտեսության իրական հատվածին ուղղվող աջակցությունն ունի առաջնային դեր: Այդ առումով շատ եմ կարեւորում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված սոցիալական աջակցության եւ տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերի իրագործումը, որոնք մեծապես նպաստեցին իրավիճակի կայունացմանն ու ինչ-որ չափով որոշակիացմանը՝ տնտեսության մեջ առաջացնելով դրական սպասումներ:Ակտիվորեն մասնակցելով կառավարության ծրագրերին՝ վճարել ենք հազարավոր քաղաքացիների սոցիալական աջակցության գումարները: Ինչպես նշեցի, 1-ին եւ 3-րդ ծրագրերով շարունակում ենք ակտիվ վարկավորում իրականացնել: COVID-19-ի կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով Evocabank-ը 10 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին՝ համապատասխան հաշվեհամարի բացման առաջին իսկ ժամերին:Կիսում եմ Սբերբանկի ղեկավարի տեսակետն այն մասով, որ բանկերը լինելու են երրորդը՝ ճգնաժամի բացասական տնտեսական հետեւանքների այս շղթայում, սակայն գտնում եմ, որ, ի տարբերություն շատ այլ երկրների, հայաստանյան բանկային համակարգը պետության միջոցների հաշվին որեւէ օգնության կարիք չի ունենա: Բանկային համակարգն ունի կապիտալիզացիայի եւ իրացվելիության ավելի քան բավարար մակարդակ եւ ընդունակ է ամբողջությամբ կլանել հնարավոր բոլոր ռիսկերը: Կապիտալի մասին խոսելիս՝ նշեմ, որ շուտով համալրելու ենք բանկի կապիտալը եւս 2 մլրդ ՀՀ դրամով։ Ի դեպ, Սբերբանկը մեր լավ գործընկերն է. Evocabank-ը՝ առաջինն ու միակը Հայաստանում, միացել է Սբերբանկի ակնթարթային փոխանցման համակարգին, ինչի շնորհիվ մեր ռուսաստանաբնակ հայրենակիցները կամ Сбербанк Онлайн-ի ցանկացած այլ օգտատեր կարող է հավելվածի 3 հպումով գումար փոխանցել Evocabank-ի քարտատերերին, որն անմիջապես մուտքագրվում է քարտին։ 11.03.2020 | 15:56 Evocabank-ը միացել է Սբերբանկի ակնթարթային փոխանցման համակարգին - Ի՞նչ է անելու Evocabank-ը COVID-19-ից հետո։- Մենք շարունակում ենք իրագործել մեր պլանները՝ վերանայելով, վերափոխելով եւ համապատասխանեցնելով դրանք արտաքին իրավիճակի դինամիկ զարգացումներին: Ինչպես եւ նախատեսել էինք մեր տարեկան ռազմավարությամբ, մենք ընդլայնվում ենք։ Շուտով կգործարկենք 3 նոր մասնաճյուղ Երեւանում, որից 2-ը՝ Նոր Նորք եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, որտեղ դեռեւս ներկայացված չէինք, իսկ 1-ը՝ քաղաքի փոքր կենտրոնում։ Այս մասնաճյուղը կոնցեպտուալ առումով տարբերվելու է մեր բոլոր մասնաճյուղերից։ Հուսով ենք, այն կդառնա առաջադեմ, ձգտումով երիտասարդների սիրելի վայրերից։Աշխատանքներ ենք կատարում նոր իրականության մեջ գործընթացների արագությունն ու արդյունավետությունն օպտիմալացնելու, աշխատակիցների մոտիվացիան էլ ավելի բարձրացնելու, աշխատանքի նոր ձեւաչափեր ներդնելու ուղղությամբ։ Ինչպես փաստում են առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքները՝ մենք շարունակում ենք առաջանցիկ տեմպով աճել՝ բարելավելով մեր դիրքերը ֆինանսական շուկայում: Մենք վճռական ենք տրամադրված՝ պահպանել այս տեմպը եւ, հավատարիմ մնալով մեր ռազմավարությանը, շարունակաբար զարգացնել mobile-first բենքինգի ենթակառուցվածքն ու էկոհամակարգը՝ ներդնել բազմաթիվ նոր ծառայություններ, նորարարական լուծումներ եւ ստեղծելով ժամանակակից լավագույն պայմանները մեր գործընկերների համար:Կյանքն անսպասելի է, մենք բոլորս ապրում ու գործում էինք մեր նախընտրած տեմպերով, իսկ սա արագընթաց գնացք էր դեպի ապագա, դեպի նոր իրականություն։ Այո, մեր պլանները երբեմն փոփոխվում են, սակայն ուղղությունն ու տեսլականն անփոփոխ է:Կարեն Եղիազարյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 66307