MDB-ները նոր գլոբալ անվտանգ ակտիվ են դառնում

28.08.2026 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Էրիկ Բերգլյոֆը Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի գլխավոր տնտեսագետն է։

Չնայած աշխարհաքաղաքական քաոսին՝ այսօրվա կապիտալի շուկաներում դեռեւս կարելի է որոշակի մխիթարություն գտնել։ Բազմակողմանի կարգի հիմքերը կարող են ճաք տալ, սակայն համաշխարհային ֆինանսների համեմատաբար հանգիստ անկյուններում ուշագրավ հակադարձ միտում է ի հայտ գալիս. բազմակողմ զարգացման բանկերը (multilateral development banks-MDBs) ոչ միայն գոյատեւում են, այլեւ՝ ծաղկում։ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությանը մոտ պայմաններով փոխառություններ ներգրավելու իրենց կարողության շնորհիվ MDB-ները ձեւավորել են գործնականում ռիսկերից զերծ ակտիվների նոր դաս, որոնք կարող են նպաստել համաշխարհային ֆինանսական համակարգի ամրապնդմանը։

Պարզապես հաշվի առեք թվերը։ MDB-ների թողարկումների միջին տարբերությունը ԱՄՆ պետական պարտատոմսերի նկատմամբ 2025 թվականի առաջին կիսամյակից մինչեւ 2026 թվականի առաջին կիսամյակ կիսով չափ կրճատվել է՝ 10.8 բազիսային կետից հասնելով 5.4-ի։ Սա չափազանց փոքր տարբերություն է, ինչը նշանակում է, որ այդ պարտատոմսերը գործնականում նույնքան անվտանգ են ընկալվում, որքան ԱՄՆ պետական պարտատոմսերը։ MDB համակարգի ամբողջ հաշվեկշիռը շարունակում է մնալ կայուն, իսկ նոր թողարկումների նկատմամբ պահանջարկը բարձր է եղել։ Որպես համակարգի ամենաերիտասարդ անդամ՝ Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի վերջին թողարկումը՝ 5 տարի ժամկետով 2 միլիարդ դոլարի պարտատոմսը, գնանշվել է ԱՄՆ հնգամյա պետական պարտատոմսերի նկատմամբ ընդամենը 3.6 բազիսային կետ տարբերությամբ։ Թողարկման նկատմամբ պահանջարկը եւս տպավորիչ էր. պատվերների ծավալը հասել էր 13.9 միլիարդ դոլարի՝ վկայելով ներդրողների բարձր հետաքրքրության մասին։


Այնուամենայնիվ, այս նոր ֆինանսական կառույցը հիմնված է փխրուն աշխարհաքաղաքական նախադրյալի վրա։ Վերջին տարիներին բազմակողմ համակարգի վրա հարձակումները կտրուկ սրվել են, ինչի հետեւանքով որոշ մեկնաբաններ սկսել են խոսել «բազմակողմանիության մահվան» մասին։ Համակարգի որոշ հատվածներ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, բախվում են լուրջ ֆինանսավորման կրճատումների, մինչդեռ մյուսները պարզապես սառեցվել են։ Միեւնույն ժամանակ, պաշտոնական զարգացման աջակցության ծավալները՝ անկախ նրանից, այն տրամադրվում է երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափով, գրեթե ամենուրեք նվազում են։

Այս պայմաններում MDB-ները զարմանալիորեն դիմացկուն են թվում՝ շարունակելով ընդլայնել իրենց վարկավորման ծավալները։ Թեեւ անդամ պետությունների կողմից կապիտալի համալրումը կարող է անմիջապես տեղի չունենալ, որեւէ երկիր դուրս չի եկել MDB համակարգից։ Դա մասամբ կարող է պայմանավորված լինել նման գործընթացի բարդությամբ, սակայն միաժամանակ արտացոլում է այն փաստը, որ MDB-ները արձագանքել են բարեփոխումների կոչերին։ Նրանք հասկացել են, որ իրենց գործունեությունը հիմնված է վստահության վրա՝ իրենց հաշվեկշիռների նկատմամբ վստահության, կառավարման որակի եւ հանրային աջակցության կայունության, ինչը նրանց հնարավորություն է տալիս արդյունավետորեն միջոցներ ներգրավել եւ մեծածավալ վարկավորում իրականացնել։

Ահա թե ինչու MDB-ները ձեռնարկել են վերջին սերնդի ամենահավակնոտ կապիտալի համարժեքության բարեփոխումները։ G20-ի հովանավորությամբ իրականացված MDB-ների կապիտալի համարժեքության շրջանակների (CAF) անկախ վերանայումը, որի շրջանակում ուսումնասիրվել է 17 հիմնական առաջարկություն, խթանել է համակարգի հաշվեկշիռների օպտիմալացումը, եւ արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։ Օրինակ՝ Համաշխարհային բանկը սեփական կապիտալի եւ վարկերի հարաբերակցությունը նվազեցրել է 20%-ից մինչեւ 18%, ինչի շնորհիվ առաջիկա տասնամյակի համար բացվել է 70 միլիարդ դոլարի լրացուցիչ վարկային կարողություն։ Նմանատիպ ցուցանիշներ, իսկ հարաբերական առումով՝ նույնիսկ ավելի բարձր արդյունքներ, կարելի է արձանագրել նաեւ այլ MDB-ների դեպքում։

Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ CAF-ի բարեփոխումները հաջորդ տասնամյակում կստեղծեն 600-800 միլիարդ դոլարի լրացուցիչ վարկային կարողություն։ MDB-ները նաեւ ակտիվացրել են համագործակցությունը վարկանիշային գործակալությունների հետ՝ 2023 թվականից ի վեր անցկացնելով յոթ տեխնիկական կլոր սեղան՝ ապահովելու համար, որ վարկանիշավորման մեթոդաբանությունները հաշվի առնեն իրենց՝ որպես նախընտրելի վարկատուների կարգավիճակը եւ պատմականորեն ցածր դեֆոլտի մակարդակները։ Արդյունքում՝ մի շարք վարկանիշային գործակալություններ արդեն արձագանքել են եւ սկսել են վերանայել իրենց մոտեցումները։

Քաղաքական ճնշման եւ ֆինանսական նորարարության ներկայիս համադրությունը հանգեցնում է պարադոքսալ արդյունքի։ Նույնիսկ այն պայմաններում, երբ բաժնետերերը սպառնում են դուրս գալ, բազմակողմ զարգացման բանկերը (MDBs) ամրապնդել են իրենց ֆինանսական մոդելները եւ թուլացրել հաշվեկշռային սահմանափակումները։ Նրանց պարտատոմսերը վաճառվում են գրեթե նույն տարբերությամբ, ինչ գանձապետական պարտատոմսերը՝ ոչ թե այն պատճառով, որ աշխարհաքաղաքական ռիսկերը նվազել են, այլ որովհետեւ իրականացված բարեփոխումները բարձրացրել են կապիտալի արդյունավետությունը, մինչդեռ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերն իրենք են դարձել համեմատաբար ավելի ռիսկային։ Իրականում, հենց այն դիսֆունկցիան, որը դժվարացնում է բազմակողմ համագործակցությունը, MDB-ներին ավելի գրավիչ է դարձրել որպես անվտանգ հանգրվան:


Իհարկե, կան ակնհայտ սահմանափակումներ այն հարցում, թե որքան լրացուցիչ կապիտալ կարող են ազատել առանձին MDB-ները՝ հաշվեկշիռների օպտիմալացման միջոցառումների միջոցով։ Ի վերջո, այս հաստատությունները պետք է որոշակի միջոցներ պահուստավորեն՝ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի նման ճգնաժամերին արձագանքելու համար։ Հետագա բարեփոխումները, հավանաբար, պետք է ուղղված լինեն ամբողջ MDB համակարգի մակարդակով լուծումների ներդրմանը։ Օրինակ՝ առաջարկներից մեկի համաձայն՝ կարելի է ստեղծել ընդհանուր իրացվելիության բուֆեր՝ կենտրոնական բանկերի հետ համատեղ մեխանիզմի միջոցով, ինչը կնվազեցնի առանձին հաստատություններում իրացվելիության լրացուցիչ պահուստներ պահելու անհրաժեշտությունը։ Միայն այս քայլը կարող է բարելավել MDB-ների մեծ մասի վարկային վարկանիշը առնվազն կես աստիճանով։ (AAA-ից AAA+ անցումը, օրինակ, կնշանակեր մեկ ամբողջական աստիճանի բարձրացում։)

Կան նաեւ առաջարկներ՝ համաշխարհային պահուստների մի մասը ներդնելու զարգացման բանկերի հիբրիդային կապիտալում՝ միաժամանակ ստեղծելով անվտանգ ակտիվների նոր դաս եւ խթանելով զարգացման ֆինանսավորումը։ Եթե այս նախաձեռնություններն իրականացվեն, նման նորարարությունները կարող են զարգացման բանկերը վերածել համաշխարհային ֆինանսական ճարտարապետության իրական այլընտրանքային հենասյան։ (Նույն կերպ, եթե կառավարման թերությունները չշտկվեն եւ չապահովվի բարեփոխումների շարունակական իրականացումը, բաժնետերերի անուղղակի աջակցության վրա չափազանց մեծ կախվածությունը կարող է բարոյական վտանգ ստեղծել):

Առայժմ պարադոքսն այսպիսին է. նույնիսկ այն պայմաններում, երբ բազմակողմանիությունը բախվում է գոյաբանական սպառնալիքի, այդ համակարգի շրջանակում ստեղծված բազմակողմ զարգացման բանկերը դարձել են անվտանգ հանգրվանին ամենամոտը՝ հենց այն պատճառով, որ դրանք ավելի արագ են բարեփոխվել, քան նահանջել են իրենց քաղաքական բաժնետերերը։ Իրականում, բազմակողմ զարգացման բանկերի գործիքները կարող են ավելի կարեւոր դառնալ, եթե ԱՄՆ պետական պարտատոմսերի շուկաները շարունակեն անկայունություն դրսեւորել։ Սա ողջունելի, սակայն բավական անկայուն պարադոքս է։ Քաղաքականություն մշակողների խնդիրն է ապահովել, որ այն ողբերգական հետեւանքներ չունենա։

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի


Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 109

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW