Revolut-ը լիարժեք եվրոպական բանկային լիցենզիա է ստացել

10.08.2026 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Revolut-ը Ֆրանսիայի կարգավորող մարմնից ստացել է լիարժեք եվրոպական բանկային լիցենզիա, ընդ որում՝ որոշումը հաստատվել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից:


ԵԿԲ-ի այս որոշումը մեծ նշանակություն ունի, քանի որ մեկ տարի առաջ կարգավորողը սահմանափակել էր Revolut-ի ակտիվ ընդլայնումը մայրցամաքում՝ մտավախություն ունենալով, որ հավելվածի աճը գերազանցում է դրա ներքին վերահսկողության համակարգերի զարգացման տեմպերը, հաղորդում է Finextra-ն:

Սահմանափակումը վերաբերում էր Եվրոպական տնտեսական գոտում նոր ծառայություններ գործարկելու Revolut-ի հնարավորությանը եւ ժամանակավորապես արգելում էր նոր պրոդուկտների մուտքը շուկա: Եվրոպացի կարգավորողները պարտավորեցրել էին Revolut-ին վերանայել պրոդուկտների հաստատման գործընթացները՝ կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման եւ քոմփլայենսի համակարգերում հայտնաբերված թերություններից հետո:

Revolut-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նիկ Ստորոնսկին հայտարարել է.

«Այս լիցենզիան մեզ հնարավորություն է տալիս նոր սերնդի բանկինգ կառուցելու Արեւմտյան Եվրոպայում մեր ավելի քան 30 միլիոն հաճախորդների համար: Ֆրանսիան դարձել է առաջատար ֆինանսական կենտրոն՝ շնորհիվ դինամիկ ֆինանսական էկոհամակարգի եւ հուսալի կարգավորող բազայի: Սա կատարյալ հարթակ է Revolut-ի աճի հաջորդ փուլն արագացնելու համար»:

Վերջին մեկ տարվա ընթացքում Revolut-ը հայտարարել է Եվրոպայում ավելի քան €1 միլիարդի ներդրումների մասին եւ հաստատել 2027 թվականին Փարիզում նոր կենտրոնակայանի բացման ծրագիրը:

Արեւմտյան Եվրոպան Revolut-ի համար ամենամեծ եւ ամենաարագ աճող շուկան է:

Նոր բանկային ստորաբաժանումն իր աշխատանքը կսկսի Ֆրանսիայում հաճախորդների սպասարկումից՝ աստիճանաբար ընդլայնվելով դեպի եվրոպական այլ շուկաներ, այդ թվում՝ Գերմանիա, Իռլանդիա, Իտալիա, Պորտուգալիա եւ Իսպանիա:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 4970

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW