Գերմանական լեգենդար ավտոարտադրող Porsche AG-ն իրականացնում է իր մոդելային շարքի գլոբալ էլեկտրիֆիկացման հերթական հավակնոտ փուլը: Բրենդի պատմության մեջ ամենավաճառվող եւ առանցքային ֆինանսական հաջողություն ապահովող ամենագնացը՝ Cayenne-ը, պաշտոնապես մուտք է գործում էլեկտրական դարաշրջան: Թուրքիայի Կապադովկիա տարածաշրջանում կայացած Cayenne Electric Media Drive միջազգային փորձարկումներին «Պորշե կենտրոն Երեւան»-ի hրավերով մասնակցել է նաեւ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:PPE պլատֆորմը եւ լիցքավորման նոր ստանդարտներըՆոր Porsche Cayenne Electric-ի տեխնոլոգիական հենքը Premium Platform Electric (PPE) առաջադեմ արխիտեկտուրան է, որը նախագծված է բացառապես բարձր արտադրողականությամբ պրեմիում դասի էլեկտրամոբիլների համար: Մոդելային շարքի երեք տարբերակն էլ՝ Base, S եւ Turbo, համալրված են 113 կՎտ/ժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցով: Շնորհիվ 800-վոլտային համակարգի, մեքենաներն ընդունում են մինչեւ 400 կՎտ հաստատուն հոսանքով (DC) արագ լիցքավորում, ինչը թույլ է տալիս մարտկոցի էներգիան 10%-ից մինչեւ 80% հասցնել ընդամենը 16 րոպեում: Սա սահմանում է էներգաարդյունավետության եւ կիրառականության բոլորովին նոր նշաձող շուկայում:Երեք մոդիֆիկացիաների ինժեներական եւ դինամիկ տարբերություններըՓորձարկումների ընթացքում ներկայացված երեք մոդելներն ունեն հստակ տարանջատված բնավորություն եւ տեխնիկական պարամետրեր. Cayenne Electric (Basic). այս տարբերակն ապահովում է օպտիմալ հավասարակշռություն առօրյա շքեղության եւ ընթացքի ամենաերկար պաշարի միջեւ: Մեքենան ցուցաբերում է բարձր կայունություն ինչպես արագընթաց մայրուղիներում, այնպես էլ լեռնային բարդ լանդշաֆտներում: Հատկանշական է Sport Plus ռեժիմը, որտեղ ներդրված է ներքին այրման շարժիչի ձայնային նմանակման համակարգը՝ պահպանելով Porsche-ի ավանդական սպորտային էմոցիաները: Cayenne S Electric. մոդիֆիկացիան նախագծված է ավանդական V8 շարժիչների դինամիկային սովոր սպառողների համար: 666 ձիաուժ հզորությունը մեծ քրոսովերին հնարավորություն է տալիս զարգացնել բարձր սլացիկություն եւ դառնալ արագընթաց մայրուղիների առաջատարը:Cayenne Turbo Electric. բրենդի պատմության մեջ երբեւէ ստեղծված ամենահզոր սերիական մոդելներից մեկն է: 1,156 ձիաուժը եւ 2.5 վայրկյանում 0-ից 100 կմ/ժ արագացումն այս SUV-ն հավասարեցնում են ժամանակակից սուպերքարերին: Մեքենան օժտված է Porsche Active Ride ինովացիոն հիդրավլիկ ակտիվ կախոցով, որը կատարյալ կերպով հարթում է թափքի ճոճումները կտրուկ ոլորաններում եւ off-road (ամենագնացային) փուլերում: Փորձագիտական գնահատմամբ՝ Turbo տարբերակի արագացման սահմանագիծն ու դինամիկ պոտենցիալը գրեթե անսահմանափակ են եւ ամբողջությամբ հարմարեցված վարորդի վարքագծին: Ավելի քան 130 կիլոմետր ձգվող բարդ երթուղին ներառում էր նաեւ հատուկ ամենագնացային (off-road) փուլ։ Շարժիչի բացարձակ լռությունը սրահում ստեղծում է առանձնահատուկ հարմարավետություն: Էլեկտրական քրոսովերը հեշտությամբ հաղթահարեց ավազե ու քարքարոտ ճանապարհները։Թվայնացում եւ Porsche Digital Interaction էկոհամակարգԱվտոմեքենայի ներքին հայեցակարգը ենթարկվել է լիակատար թվային տրանսֆորմացիայի: Տեխնոլոգիական հիմնական նորույթներից է AR Head-Up Display-ը։ Պրոյեկցիոն հատուկ համակարգը դիմապակու վրա ստեղծում է վիրտուալ 87-դյույմանոց լրացված իրականության էկրան, որը նավիգացիոն հուշումները տեղադրում է անմիջապես ճանապարհային ծածկույթի վրա՝ մեքենայից 10 մետր առաջ: Դավիթ Ալավերդյանը Առջեւի պանելը համալրված է վարորդի 14.25-դյույմանոց կոր OLED Flow Display-ով եւ կողային ուղեւորի անհատական 14.9-դյույմանոց էկրանով: Շնորհիվ հատուկ պոլյարիզացված ծածկույթի, ուղեւորի էկրանի բովանդակությունը վարորդի համար տեսանելի չէ (երեւում է որպես սեւ էկրան)՝ բացառելով ուշադրության շեղումը երթեւեկության ընթացքում: Իսկ պանորամային ապակե տանիքը՝ Variable Light Control տեխնոլոգիայով, հեղուկ բյուրեղների շնորհիվ մեկ հպումով թափանցիկից վերածվում է փայլատի՝ ապահովելով սրահի ջերմային կայունությունը:Ռազմավարական հեռանկարներ եւ շուկայի բազմավեկտոր մոտեցումըՄիջազգային թեստ-դրայվի շրջանակում կարեւոր անդրադարձ կատարվեց նաեւ բրենդի գլոբալ վաճառքի ռազմավարությանը: Ինչպես մեդիա-արշավի ընթացքում նշեց Porsche AG-ի SUV մոդելային շարքի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Դիրք Բրիտցենը (Dirk Britzen), լիովին էլեկտրական մոդելի թողարկումը չի նշանակում հրաժարում ավանդական համակարգերից: Ըստ նրա՝ Porsche-ն չի դադարեցնելու ուժային այլ համակարգերով, այդ թվում՝ հիբրիդային (Plug-in Hybrid) շարժիչներով Cayenne-ների արտադրությունն ու զարգացումը: Այս բազմավեկտոր մոտեցումը թույլ կտա ընկերությանը ճկուն մնալ տարբեր տարածաշրջանային շուկաներում՝ սպառողին առաջարկելով ընտրության լայն հնարավորություն տրանսֆորմացիոն փուլում: Դիրք Բրիտցենը Կապադովկիայի բարդ երթուղին, որն անցնում էր պատմական ժայռերի միջով, ապացուցեց, որ Cayenne-ի էլեկտրականացումը հաջողված բիզնես-ստրատեգիա է: Շտուտգարտի ինժեներներին հաջողվել է պահպանել բրենդի լեգենդար սպորտային ԴՆԹ-ն եւ այն համադրել գերժամանակակից թվային էկոհամակարգի հետ: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Porsche Cayenne Electric-ը սահմանում է պրեմիում E-SUV սեգմենտի զարգացման նոր վեկտորը համաշխարհային շուկայում:Դավիթ ԱլավերդյանՄեդիամաքսի գլխավոր խմբագիրԼուսանկարները՝ voyagevoyage.agency GmbH / Մաքսիմիլիան Բալաշ Tweet Դիտում՝ 83