Կրիպտոակտիվների ծառայությունների «խաղի նոր կանոնները»՝ MB Legal-ի պարզաբանմամբ

08.09.2026 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Կրիպտոակտիվների շուկան Հայաստանում մտնում է նոր փուլ։ Հիմնականում չկարգավորված այս դաշտն այժմ ունի օրենսդրական հստակ շրջանակ, լիցենզավորման պահանջներ եւ գործունեության սահմանված կանոններ։ 

«Կրիպտոակտիվների մասին» օրենքի եւ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի կիրառմամբ շուկայի մասնակիցները կանգնում են նոր իրականության առջեւ, որն ընձեռում է թե՛ հնարավորություններ, թե՛ ենթադրում պատասխանատվություն։ 

Ոլորտի նոր կարգավորումների եւ սահմանված «խաղի կանոնների» մասին Banks.am-ը զրուցել է MB Legal իրավաբանական ընկերության գործընկերներ Գրիգոր Գրիգորյանի եւ Անահիտ Սարգսյանի հետ։

«Կրիպտոակտիվների ծառայություններ կարող են մատուցել բացառապես իրավաբանական անձիք»

Անահիտ Սարգսյան

Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների ծառայություններ կարող են մատուցել բացառապես իրավաբանական անձիք։ Այս ուղղությամբ հիմնականում գործում է ընկերությունների երկու ենթատեսակ։ 

Անահիտ Սարգսյանը

Առաջինը ներդրումային ընկերություններն են, որոնք Կենտրոնական բանկից արդեն իսկ ունեն ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա եւ սահմանված կարգով լրացուցիչ թույլտվություն ստանալով՝ կարող են մատուցել նաեւ կրիպտոակտիվների ծառայություններ։

Երկրորդ ենթատեսակը զրոյից ստեղծվող ընկերություններն են, որոնք գրանցվում եւ լիցենզավորվում են Կենտրոնական բանկի կողմից եւ ի սկզբանե ստեղծվում կրիպտոակտիվների ծառայություններ մատուցելու համար։ Վերջինների դեպքում գործընթացը, բնականաբար, ավելի երկարատեւ ու բարդ է, որովհետեւ այն պետք է անցնի ԿԲ բոլոր կանոնակարգերով։

Ներդրումային ընկերություններն, ի տարբերություն նրանց, արդեն իսկ որոշ չափով համապատասխանում են կանոնակարգերի մի մասին եւ պարզապես պետք է մշակեն կրիպտոակտիվների ծառայությունները կարգավորող ներքին իրավական ակտեր, ստանան կրիպտոակտիվներով զբաղվելու լրացուցիչ թույլտվություն։

Օրենսդրությունը սահմանում է կրիպտոակտիվների ծառայությունների տասը տեսակ, այդ թվում՝ խորհրդատվության մատուցումը

Անահիտ Սարգսյան

Օրենսդրության տեսանկյունից այսօր Հայաստանում կա երկու հիմնական իրավական ակտ։ Առաջինը «Կրիպտոակտիվների մասին» օրենքն է, որն ընդունվեց 2025 թվականին՝ ենթադրելով անցումային շրջան։ Այս օրենքի դրույթները պետք է ուժի մեջ մտնեին Կենտրոնական բանկի կողմից նորմատիվ իրավական ակտերի ընդունումից հետո։ Սա տեղի ունեցավ այս տարվա հունվարին։ Այս պահի դրությամբ ԿԲ կողմից մշակվել է վեց կանոնակարգ, եւ մինչեւ տարվա ավարտ նախատեսվում է դրանց ավելացում։

Անահիտ Սարգսյանը

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է ոլորտում ծառայություններ մատուցելու հիմնական սկզբունքները, հասկացությունները, լիցենզավորման կարգը, իսկ ԿԲ կանոնակարգերը սահմանում են ընթացակարգային, տեխնիկական դրույթներ, օրինակ՝ ինչ կանոնակարգ եւ ներքին համակարգ պետք է ունենա ընկերությունը։ 

Օրենքը հստակ սահմանել է նաեւ կրիպտոակտիվների ոլորտում ծառայությունների տեսակները։ Դրանք են՝ կրիպտոակտիվների առեւտրային հարթակի գործարկումը, դրանց պահառությունը, իր եւ/կամ հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը, կրիպտոակտիվների տեղաբաշխումը, դրանց փաթեթի կառավարումը, կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրումը, փոխանցումը եւ ակտիվին կցված թոքենների թողարկումը։

Նկատելի է, որ օրենքի տրամաբանությունը բավականին մոտ է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքին։ Սա է պատճառը, որ ներդրումային ընկերությունների համար կրիպտոակտիվների ծառայություններ մատուցելու թույլտվության ստացումն առավել հեշտ ընթացակարգ է։ Դրանք արդեն ունեն որոշակի ենթակառուցվածք եւ պատկերացում ծառայությունների վերաբերյալ։

«Հայաստանը կարող է դառնալ կրիպտոակտիվների շուկայի տարածաշրջանային հարթակ»

Անահիտ Սարգսյան

Հայաստանում այս ոլորտում ակտիվությունը բավականին մեծ է, եւ սրա հիմքում ոչ միայն տեղական, այլեւ միջազգային ընկերությունների հետաքրքրվածությունն է։ Մեզ հարցումներով դիմել են միջազգային ընկերություններ, որոնք արտերկրի շուկայում արդեն իսկ հայտնի են։ Ընդ որում, նրանք Հայաստանը դիտարկում են ոչ միայն որպես նոր շուկա, այլեւ՝ որպես հարթակ ԱՊՀ երկրներին հասանելիություն ապահովելու համար։

Ինչպես նշեցի, մեր փորձը ցույց է տալիս, որ հաճախ այս ոլորտում խորհրդատվություն ստանալու համար դիմում են նաեւ ներդրումային ընկերություններ: Եթե փորձեմ ներկայացնել MB Legal-ի հաճախորդների տոկոսային բաշխվածությունը, կստանանք 60%-40% հարաբերակցություն, որում առաջին, առավել մեծ տոկոսը ներդրումային ընկերություններն են։ 

Անահիտ Սարգսյանը

Սա հասկանալի է, որովհետեւ այս ընկերությունների համար սա կարող է դառնալ նոր բիզնես մոդել եւ զարգացման ուղղություն՝ առանց մեծ բարդությունների։ 

Օրենքը նոր է, դեռեւս՝ փոփոխությունների փուլում։Կարծում եմ՝ կրիպտոակտիվների մասին օրենքի ընդունումը դրական ազդակ է ոչ միայն տեղական, այլեւ՝ միջազգային շուկայի համար։

Այո՛, միայն սա չի կարող հստակ գրավչություն ապահովել, բայց այն, որ Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել կարգավորել դաշտը, դրական ազդակ է միջազգային ընկերություններին: Սա ճիշտ մոտեցում է, որի ուղղությամբ պետք է շարունակել աշխատել։

«Հաճախորդների հետ աշխատանքում առաջին քայլը ճիշտ «ախտորոշումն» է» 

Գրիգոր Գրիգորյան

Կրիպտո ոլորտը բավականին ռիսկային է եւ ռիսկերի կառավարման ձգտումը ներկա օրենսդրության հիմքերից մեկն է։ Չկարգավորված դաշտում կրիպտոակտիվների ճանապարհով կարող են օրինականացվել, օրինակ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները։ «Ազատ» ոլորտը, բնականաբար, կարող է բերել չարաշահումների։  

Գրիգոր Գրիգորյանը

Ինչ վերաբերում է կրիպտոակտիվների ոլորտում գործունեությանն ու դրա հետ կապված ռիսկերին, կարեւոր է հիշել՝ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առանց համապատասխան լիցենզիայի առաջացնում է պատասխանատվություն։ Իհարկե, անցումային ժամկետը՝ մինչեւ 2027թ. հունվարի 31-ը, վերաբերում է միայն այն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք 2025թ. հուլիսի 4-ի դրությամբ Հայաստանում արդեն մատուցում էին այդ ծառայությունները։ Այս պահի դրությամբ շարունակվում է նաեւ ոլորտի օրենսդրության ամբողջացումը։

Գործընկերս նշեց, որ կրիպտոակտիվների ոլորտում կա լիցենզավորման ենթակա տասը ծառայություն։ Բայց դրանց բովանդակությունը միանշանակ չէ, օրինակ՝ խորհրդատվության տրամադրումը։ Այնպես որ, հաճախորդի հետ հարաբերություններում նախ եւ առաջ կարեւոր է հստակեցնել՝ իր բիզնես մոդելը ենթակա՞ է լիցենզավորման, եւ եթե այո՝ ինչ լիցենզիայի կարիք կա։ Այստեղ էլ կան մի շարք ենթատեսակներ եւ ընթացակարգեր։ Սա առաջին վերլուծությունն է, որը կատարում ենք մեր հաճախորդի հետ։ Այնպես որ, նոր իրականությունում գործելու առաջին քայլը ճիշտ «ախտորոշումն» է։

«Կրիպտոակտիվների ուղղությունը MB Legal-ում ամենաակտիվներից է»

Գրիգոր Գրիգորյան

«Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտավ 2025թ. հուլիսի 4-ին, իսկ լիցենզավորման հիմնական կանոնակարգերը՝ 2026թ. հունվարի 31-ին, եւ մենք եւս ազդարարեցինք այս փոփոխության մասին։ Ոլորտի առաջին հաճախորդների հետ սկսեցինք աշխատել արդեն մարտ-ապրիլ ամիսներին, իսկ բավականին հայտնի եւ խոշոր միջազգային հաճախորդ մեզ դիմեց խորհրդատվության համար։ 


Եթե ամփոփեմ, այսօր սա MB Legal-ի գործունեության ամենաակտիվ ուղղություններից է։ Մշտապես մասնակցում ենք ոլորտի կարգավորումների հետ կապված միջոցառումներին եւ փորձում լինել տեղեկացված։ Սա իսկապես մեծ ներուժ ունեցող ոլորտ է:

«Կենտրոնական բանկը բաց է այս ուղղությամբ քննարկումների համար»

Գրիգոր Գրիգորյան

Այս պահի դրությամբ մեր հաճախորդներին կարելի է բաժանել մի քանի խմբի։ Առաջինը ներդրումային ընկերություններն են, որոնց եւս մատուցում ենք առաջին՝ «ախտորոշման» ծառայությունը, որպեսզի պարզ դառնա, թե գործող օրենսդրության սահմաններում ինչ լրացուցիչ թույլտվության կարիք կա։

Ընդ որում, այս ընթացքում ի հայտ են գալիս հարցեր, որոնք օրենսդրությամբ դեռ կարգավորված չեն։ Կարեւոր է, որ Կենտրոնական բանկը բաց է այս ուղղությամբ քննարկումնների համար, եւ արդեն ունեցել ենք մի քանի հանդիպում։ ԿԲ-ն ցանկանում է համագործակցել նաեւ խոշոր կրիպտո ընկերությունների հետ, որոնք մեր հաճախորդների երկրորդ մեծ խումբն են։ Կան համաշխարհային հայտնի կրիպտո հարթակներ, որոնք դիտարկում են Հայաստանը՝ որպես որոշակի «հաբ»։ Այնպես որ, կարգավորումների մշակումը տեղի է ունենում ինչ-որ առումով թիմային մոտեցմամբ։

Գրիգոր Գրիգորյանը

Մեզ դիմող երրորդ խումբը փոքր հաճախորդներն են, հաճախ՝ անհատները, որոնք կրիպտո ոլորտում կատարում են, օրինակ, փոխանակումներ եւ դեռեւս լավ չեն պատկերացնում տեղի ունեցող փոփոխությունները։ Նրանց եւս կողմնորոշում ենք լիցենզիայի անհրաժեշտ տեսակի հարցում, բացատրում ընթացակարգերը։

Լիցենզիայի տեսակից կախված՝ կա անհրաժեշտ փաստաթղթերի եւ պահանջների ցանկ։ Օրինակ՝ կրիպտոակտիվների ծառայություն մատուցող ընկերությունը պետք է ունենա որոշակի քաղաքականություն, որը եւս օգնում ենք մշակել եւ կյանքի կոչել։ Սահմանված է կապիտալի նվազագույն չափ, որը տատանվում է ծառայությունների տեսակի հետ կապված։ Օրինակ՝ միայն կրիպտոակտիվների հետ կապված անհատական խորհրդատվություն մատուցող ընկերության ընդհանուր կապիտալի բազային նվազագույն շեմը 10 միլիոն դրամ է։ Ընդ որում, ընդհանուր կապիտալը պետք է լինի առնվազն այդ գումարից եւ ԿԲ կանոնակարգ 7/02-ով հաշվարկվող ֆիքսված ծախսերի 25 տոկոսից առավելագույնը։ 

Պատասխանատվությունն անցումային շրջանից հետո

Անցումային ժամկետի ավարտին նախկինում գործող իրավաբանական անձիք պետք է գրանցված եւ լիցենզավորված լինեն ԿԲ-ում կամ դադարեցնեն կարգավորվող ծառայությունների մատուցումն ու առաջարկը։ Անհատ ձեռնարկատերերը ժամկետի ավարտից հետո չեն կարող շարունակել այդ ծառայություններն իրենց կարգավիճակով։ Անցումային ժամկետը չի վերաբերում նոր մասնակիցներին եւ չի ազատում այդ ընթացքում կիրառելի այլ օրենսդրական պահանջներից:

Գրիգոր Գրիգորյանը

Խախտումների համար ԿԲ-ն կարող է կիրառել նախազգուշացում եւ տուգանք, իսկ համապատասխան կարգավիճակ ունեցող անձանց դեպքում՝ նաեւ ղեկավարին հանել գրանցումից, լիցենզիան ճանաչել ուժը կորցրած կամ դադարեցնել թույլտվությունը՝ օրենքով նախատեսված հիմքերով։ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 85-րդ հոդվածով տուգանքը կարող է հասնել խախտմամբ ստացված շահույթի կամ խուսափած վնասի 300 տոկոսին, եթե առանձին խախտման համար ավելի մեծ տուգանք սահմանված չէ։ Եթե այդ չափը հնարավոր չէ որոշել, իրավաբանական անձի համար նախատեսված է վերջին տարվա հրապարակված, աուդիտորական եզրակացությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունների հիման վրա հաշվարկվող տարեկան հասույթի կամ եկամտի մինչեւ 15 տոկոսի չափով տուգանք։

Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում հնարավոր է նաեւ քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվություն։ Օրինակ՝ առանց անհրաժեշտ լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեությունը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով, եթե առկա են հանցակազմի բոլոր հատկանիշները, այդ թվում՝ խոշոր չափերի գույքային վնասը։ Այսինքն՝ քրեական պատասխանատվությունը միայն լիցենզիայի բացակայության փաստից ինքնաբերաբար չի առաջանում:

«Կարգավորումը շուկայի համար լրացուցիչ հնարավորություն է»

Գրիգոր Գրիգորյան

Կրիպտոակտիվների ծառայությունների շուկան Հայաստանում կար, բայց՝ չկարգավորված։ Կարգավորում ունենալը ոչ թե բարդություն է, այլ՝ ճիշտ մոտեցման դեպքում՝ լրացուցիչ հնարավորություն։ Եթե կարգավորումները թափանցիկ են, ցանկացած ոլորտ միայն գոհ կլինի «խաղի կանոններ» ունենալուց։ Կարգավորումներն անխուսափելիորեն բերում են նաեւ շուկայի որոշակի կայունացման:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 61

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW