Ի՞նչ գինի խմենք երեկոյան

05.08.2016 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

-Ո՞ւր գնանք այսօր երեկոյան, ի՞նչ խմենք:

-Դե, երեւի գինի:

-Ուրեմն գնացինք Սարյան:

Վերջին մի քանի տարում՝ հատկապես հանգստյան օրերի երեկոներին, այս երկխոսությունը շատ կարելի է լսել: Գարեջուր ու օղի խմող երեւանցիները վերջին 5-7 տարում սկսել են նաեւ գինի խմել, որպես կանոն՝ Սարյան փողոցի ու փոքր կենտրոնի մեկ տասնյակի հասնող գինետներում: Այս հաստատություններն այսօր ավելի շատ հաճախորդ ունեն, քան փաբերը` իրենց զարթոնքի շրջանում:


Banks.am-ը երեւանյան երեք գինետների խորհրդատուների (սոմելյե) հետ զրուցել է այցելուների նախընտրությունների, գինիների մրցակցության ու հայկական գինու խնդիրների մասին:

Հայկակա՞ն, թե՞ արտասահմանյան

Այս հարցին մեր այցելած երեք գինետներում ստացած պատասխանները համադրելով՝ պարզ դարձավ, որ հայկական ու արտասահմանյան գինիները գրեթե միեւնույն չափով են վաճառվում, սակայն արտասահմանյան (հիմնականում՝ իսպանական, իտալական, ֆրանսիական կամ պորտուգալական) գինիները առավելություն ունեն գնային սանդղակում:

InVino գինու ակումբ/վաճառատան գործադիր տնօրեն, խորհրդատու Մարիամ Սաղաթելյանն ամեն օր հաճախորդներին է ներկայացնում 900 տեսակի գինի ամբողջ աշխարհից, գնի ու նախընտրությունների մասին մեր հարցին պատասխանում է սպառողի տեսանկյունից.



- Դե պատկերացրեք, հաճախորդին առաջակում ես հայկական գինի, որը սկսվում է 3600 դրամից, եւ նույն կարգի իտալական գինի՝ սկսած 2900 դրամից:  Որպես կանոն ընտրում են իտալականը, քանի որ էժան է, մյուս կողմից էլ կարծում են, թե դրսինն ավելի լավն է: Բայց հայկական գինին, եթե գնային առումով մատչելի լինի, շատ ավելի շատ կսպառվի:  

Ի՞նչ են խմում հյուրերը

«Ոսկեվազ-գինու ժամանակ» ռեստորանում մոտ 250 տեսակ արտասահմանյան գինի կա, որոնք մրցակցում են «Ոսկեվազ» գործարանի արտադրության 15 անուն հայկական գինու հետ: Գինու խորհրդատու Տաթեւիկ Կարապետյանը արդեն մի քանի ամիս ուսումնասիրում է հաճախորդների նախընտրությունները:

«Հայկական ու արտասահմանյան գինու պայքարը մեզ մոտ հավասար է ընթանում: Հաստատակամ են միայն արտասահմանցիները: Նրանց հետաքրքիր է հայկական գինու ծագումը, պատմությունը, խաղողի տեսակը, այդ պատճառով էլ արտասահմանցի այցելուների 90 տոկոսից ավելին հայկական գինի է նախընտրում: Բայց դա պայմանավորված է նաեւ զբոսաշրջիկների՝ Հայաստանում հենց հայկական գինի խմելու ցանկությամբ: Այլ հարց է, թե կգնեն արդյոք մեր գինին արտասահմանում»:

Ո՞վ է հաղթում գնային պայքարում  

Aperetivo Wine Bar-ի գինու խորհրդատու Սոնա Աբրահամյանը մեզ պատմում է գնային տարբերությունների մասին: Այստեղ արտասահմանյան ամենաէժան գինին իսպանական San Simon-ն է: 1500 դրամ արժեցող կարմիր չոր գինին այստեղ մեծ պահանջարկ ունի: Մեկ շիշ հայկական կարմիր չոր գինի խմելու համար 3000-5000 դրամ կպահանջվի:  


Հայկական «Տակառը» (աջից) եւ իսպանական San Simon-ը

Պատկերը նույնն է նաեւ սպիտակ գինու պարագայում: Իսպանական FUEGO սպիտակ գինին կարելի է գնել 3300, հայկական «Տակառը»՝ 4200 դրամով:


Հայկական «Տակառը» (ձախից) ու իսպանական FUEGO-ն

Հայկական գինու «թույլ կողմերը»

Թեեւ հայկական գինին որակով չի զիջում ներկրվածին, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնք ազդում են թե՛ ներքին սպառման, թե՛ արտահանման ծավալների ավելացման վրա:

Գինու պիտակը - եվրոպական գինիների պիտակների վրա բավարար տեղեկատվություն կա խմիչքի ծագման ու որակի մասին` արտադրող երկիր, մարզ, բերքահավաք, գինու տարբերվող անուն, խաղողի տեսակ եւ այլն: Հայկական գինիների մեծ մասը թողարկվում է առանց այս տեղեկատվության, գրվում է միայն գինու տեսակը, անունը եւ տարեթիվը:

Բրենդավորում - մի երկրից արտահանվող տարբեր արտադրողների գինին պետք է ունենա մեկ ընդհանուր մակնշում/պիտակ, որն ավելի ճանաչելի կդարձնի խմիչքը պոտենցիալ սպառողին:

Արտահանման խթանում/պետական երաշխիքներ - որպես նոր զարգացող ոլորտ՝ պետությունը պետք է երաշխիքներ ու պայմաններ ստեղծի խաղողագործության ու գինեգործության խթանման համար, ինչը կհանգեցնի արտահանման ծավալների ավելացմանը:

Գինը – գնի մասին կարծիքներն ու փաստերը միանշանակ չեն, ի վերջո, ճաշակին ընկեր չկա: Սակայն մի շարք գործոններով ու արտադրանքի փոքր ծավալներով պայմանավորված՝ հայկական մի քանի տասնյակ արտադրողների գինիները կա՛մ գնային նույն սանդղակում են արտասահմանցի մրցակիցների հետ, կա՛մ էլ ավելի թանկ են:

***********



ՀՀ կառավարության կողմից խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության եւ զարգացման ծրագրերի իրականացման նպատակով այս տարվա հունիսի 23-ին որոշվել է ստեղծել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ, որի համար հատկացվել է 103 միլիոն 500 հազ. դրամ:

Հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասել է, որ կառավարության որոշմամբ ստեղծված հիմնադրամը ոլորտի փրկության վերջին հնարավորությունն է:

Նրա խոսքով՝ այս հիմնադրամը պետք է «իրար գլուխ հավաքի» փորձառու մասնագետների ու մինչ այդ ոլորտի խնդիրները համակարգած մարմիններին:

Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Դիտում՝ 54294
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai