«Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը հունիսի 24-25-ին Երեւանում կազմակերպում է երկրորդ միջբուհական գիտաժողովը՝ նվիրված Հայաստանում հաշվապահական հաշվառման զարգացման հիմնախնդիրներին: Գիտաժողովի, շարունակական կրթության կազմակերպման եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՈՒՄԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանի հետ:-Տկն Սահակյան, ինչպե՞ս ՀՈՒՄԿ-ին հաջողվեց քաղաքացիների շրջանում կոտրել մասնագիտական կրթություն ստանալու կարծրատիպերը եւ մագիստրատուրա կազմակերպել ոչ թե բուհի, այլ կրթական հիմնադրամի շրջանակում:- ՀՈՒՄԿ-ը ստեղծվեց 1998թ., երբ շարունակական կրթության կազմակերպման գաղափարը դեռ նոր էր հասունանում Հայաստանում: Մարդիկ անկախացման առաջին տարիներին սկսեցին ձգտել նոր մասնագիտություն¬ների ձեռքբերմանը, քանի որ աշխատաշուկան դա էր պարտադրում: Սակայն ազգաբնակչության մեջ դեռեւս իշխում էր այն կարծրատիպը, որ բարձրագույն մասնագիտություն կարելի է ստանալ միայն բուհերում: Եվ ահա, TACIS ծրագրի աջակցությամբ ստեղծվեց «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնը», որտեղ պատրաստվում են ֆինանսների մագիստրոսներ՝ «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» մասնագիտության գծով:Սկզբնական շրջանում թերեւս թերահավատության նշաններ նկատվում էին մեր հանդեպ: Սակայն, շատ կարճ ժամանակ անց դիմորդները հասկացան, որ չեն սխալվել, քանի որ ստանում են որակյալ մասնագիտական կրթություն եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան անհրաժեշտ հմտություններ: Հիմնադրումից ի վեր՝ ՀՈՒՄԿ-ը թողարկել է շուրջ 400 մա¬գիստրոս, որոնց գրեթե 80%-ը ներկայում աշխատում է իր մասնա¬գիտությամբ: Սրանք պարզապես թվեր չեն, մենք շարունակական կապի մեջ ենք մեր շրջանավարտների հետ, ունենք հատուկ ռեեստր, որտեղ գրանցում ենք նրանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ կապի մեջ ենք նրանց գործատուների հետ՝ իրականացնելով հետազոտություններ, որոնց նպատակն է պարզել, թե որքանով են մեր շրջանավարտները համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: - Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան կարճ ժամանակահատվածում մրցակցային դիրքեր գրավեցիք կրթական շուկայում եւ որոշակիորեն գրավիչ դարձաք դիմորդների համար:- Ի սկզբանե մենք ընտրեցինք կրթական ծառայությունների մատուցման քաղաքականությունը` խստագույնս թիրախավորված դեպի աշխատաշուկան: Իսկ դա նշանակում է դասախոսական անձնակազմի ընտրություն` հենց գործարար ոլորտից: Մեզ համար առաջնայինը ոչ թե դասախոսների գիտական աստիճաններն ու կոչումներն են, այլ նրանց կուտակած աշխատանքային փորձը եւ ներկայացվածությունը աշխատաշուկայում: Բացի այդ, մեր դասախոսների սկզբնական խումբն անցավ վերապատրաստում եվրոպացի փորձագետների կողմից, որն էլ հենց տվեց մրցակցային առավելություն: Մեզ մոտ դասավանդում են փորձառու եւ գործող գլխավոր հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսական մենեջերներ, որոնք քաջատեղյակ են շրջանավարտի նկատմամբ գործատուի ներկայիս պահանջներին:- Ասել է, թե ՀՈՒՄԿ-ի գործունեությունը ուղղորդված է միմիայն գործա¬տուի պահանջներին համահունչ հմտություններով ու հաշվապահների եւ ֆինանսիստների պատրաստմանը, եւ ոչ ավելին: - Կուզենայի չհամաձայնել այդ դրույթի հետ: Անշուշտ, շատ ենք կարեւորում «կրթություն-աշխատաշուկա» կամրջումը եւ ձգտում ենք մրցունակ մասնագիտական հմտու¬թյուններ ուսուցանել մեր շրջանավարտներին: Սակայն մեր համեստ գիտակրթական պոտենցիալով փորձում ենք նաեւ կենտրոնում գիտություն զարգացնել: Ասածիս վկայությունն է հունիսի 24-25-ին ՀՈՒՄԿ հիմնադրամի եւ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի նախաձեռնությամբ կազմակերպվող միջբուհական գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ-ում հաշվապահական հաշվառման զարգացման հիմնախնդիրներին:- Կպատմե՞ք գիտաժողովի նպատակների եւ թեմաների մասին առավել մանրամասն: -Սա արդեն երկրորդ միջբուհական գիտաժողովն է եւ թեմատիկ առումով տարբերվում է առաջինից, որը կազմակերպվեց 2015 թ. նոյեմբերին: Այս գիտաժողովը վերաբերում է Հայաստանում հաշվային տեղեկատվական համակարգի բարելավման հիմնախնդիրներին: Խմբագրական կոլեգիային են ներկայացվել ավելին քան 25 հոդված, որից մենք ընտրել ենք միայն 19-ը: Ընդհանուր առմամբ, ներկայացված է շուրջ 8 բուհ: Հեղինակների աշխարհագրությունը այս անգամ շատ բազմազան է, ունենք հեղինակներ Իսպանիայից, Ռուսաստանից, Իրանից: Հոդվածների թեմաները վերաբերում են հաշվային տեղեկատվական համակարգի բարելավման տարբեր ասպեկտներին, օրինակ՝ ռազմավարական հաշվառման ներդրման հիմնախնդիրներին, ՀՀ-ում ծախսերի աուդիտի հիմնախնդիրներին, հասույթի հաշվառմանը հանրային ոլորտի կազմակերպություններում, ՀՀ Հարկային օրենսգրքով պահանջվող փոփոխություններին, բնապահպանական հարկային համակարգի զարգացմանը Հայաստանում եւ այլն: - Իսկ ի՞նչ դժվարությունների եք հանդիպում կրթության կազմակերպման ընթացքում: - Ինչպես հայաստանյան բոլոր բուհերը, մենք էլ դժվարություններ ունենք կրթավճարների հավաքագրման, որակյալ դասախոսական անձնակազմի պահպանման, արդիական կրթական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրման հարցերում: - Եվ ինչպե՞ս եք հաղթահարում այդ դժվարությունները:- Կազմակերպում ենք ճկուն կրթական ծրագրեր՝ երեկոյան եւ ցերեկային խմբերի համար, որպեսզի հարմարավետ դառնանք դիմորդների տարբեր խմբերի համար: Նրանց հիմնական մասին հնարավորություն ենք տալիս աշխատել եւ միաժամանակ երեկոյան դասերի հաճախել: Դրանով նրանք կարողանում են նաեւ ուսման վարձ վճարել: Տարբեր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցելով՝ իրականացնում ենք միջնաժամկետ կրթական վերապատրաստման ծրագրեր գործազուրկ կանանց, սիրիահայերի, ՓՄՁ-ների համար: Սակայն, դա բավարար չենք համարում: Շատ լավ կլիներ, որպեսզի նկատելի դառնար պետության հոգածությունը շարունակական կրթության նկատմամբ` հարկային արտոնություններ տրամադրելու, պետպատվեր իջեցնելու ճանապարհով: Չէ՞ որ շարունակական կրթությունը կամ, ինչպես ասում են, «ցկյանս ուսումնառությունը» անհրաժեշտություն է յուրաքանչյուրիս համար եւ մեծ տարածում ունի զարգացած երկրներում:Հասմիկ Սահակյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 14760