S&P Global Ratings գործակալությունը Հայաստանի վերաբերյալ կանխատեսումը «կայուն»-ից փոխել է «դրական»-ի՝ հաստատելով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով եւ ազգային արժույթով՝ «BB-/B» մակարդակում։«Կանխատեսման «դրական»-ի վերանայումն արտացոլում է մեր գնահատականը տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ անվտանգային դինամիկայի բարելավման հնարավորության վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական ու առեւտրային հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի առումով։ Մենք նաեւ դրական ենք գնահատում Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները։ Կենտրոնական բանկի միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը եւ ճկուն փոխարժեքը պետք է նպաստեն հնարավոր անսպասելի արտաքին ցնցումների չեզոքացմանը։Ադրբեջանի հետ բանակցություններում առաջընթացը կարող էր կրճատել անվտանգության ոլորտում կարճաժամկետ ռիսկերը, սակայն կայուն խաղաղության համաձայնագրի հեռանկարները դեռեւս կախված են իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթղթի ստորագրումից եւ դրա փաստացի կատարումից», - նշված է S&P Global Ratings-ի զեկույցում։«Մենք կանխատեսում ենք, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ն կաճի 5,3%-ով ընթացիկ տարում եւ 4,8%-ով՝ 2027 թ.-ին։ 2022–2025 թվականներին Հայաստանի տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 7,8%՝ ցուցադրելով աճի ամենաարագ տեմպերից մեկը մեր կողմից գնահատվող 143 պետությունների շրջանում։ Միջնաժամկետ հեռանկարում դանդաղումն արտացոլում է մեր ակնկալիքները, որ ռուսական պահանջարկով պայմանավորված վերաարտահանման գործունեության, ինչպես նաեւ աշխատուժի ու կապիտալի հոսքերի հետ կապված աճի գործոնները կշարունակեն թուլանալ։Ակնկալում ենք, որ աճը կշարունակի պայմանավորվել հիմնականում սպառման եւ մասնավոր ներդրումների կողմից՝ աշխատաշուկայի կայուն պայմանների, դանդաղող գնաճի ֆոնին իրական եկամուտների աճի ու բարենպաստ վարկային պայմանների, ինչպես նաեւ շինարարության եւ ծառայությունների ոլորտում ներդրումների շարունակման աջակցությամբ»,- ասված է S&P Global Ratings-ի զեկույցում։Գործակալությունը նշում է, որ չնայած Հայաստանի միջազգային պահուստների աճին, վճարային հաշվեկշռի խոցելիությունը պահպանվում է, ինչի մասին վկայում են ընթացիկ գործառնությունների հաշվի բարձր դեֆիցիտը։«Հայաստանի միջնաժամկետ բյուջետային քաղաքականությունն արտացոլում է կողմնորոշումը 2024–2025 թթ. ավելի բարձր դեֆիցիտներից հետո աստիճանական բյուջետային կոնսոլիդացիայի ուղղությամբ։Կանխատեսում ենք, որ բյուջետային դեֆիցիտը 2026–2029 թթ. կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,3%-ը։ Թեեւ 2025 թ.-ի բյուջեն ուղղված էր ՀՆԱ-ի մոտ 5,5% դեֆիցիտի ապահովմանը, փաստացի արդյունքը ՀՆԱ-ի 4%-ից մի փոքր ցածր ստացվեց՝ հիմնականում նախատեսված կապիտալ ծախսերի թերկատարման պատճառով։ Հաշվի առնելով սա՝ 2026 թ.-ի բյուջեն կողմնորոշված է ավելի ցածր դեֆիցիտի՝ ՀՆԱ-ի մոտ 4,5%-ի ապահովմանը՝ ելնելով մոտ 5,5% իրական տնտեսական աճի ենթադրությունից։Հայաստանի միջազգային պահուստները էականորեն ամրապնդվեցին 2025 թ.-ին՝ կարեւոր բուֆեր ապահովելով անկանխատեսելի արտաքին զարգացումների պայմաններում։ Համախառն միջազգային պահուստները հունվարին հասան ռեկորդային $ 5,2 միլիարդի (ՀՆԱ-ի 18%)՝ նախորդ տարվա մոտ $ 3,3 միլիարդ դոլարի համեմատ։ Այս աճը պայմանավորված է պետական եվրոպարտատոմսերի թողարկման եւ Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնումների համադրությամբ՝ արտերկրից ֆինանսական ու կապիտալային միջոցների զգալի հոսքի աջակցությամբ։Այս պահուստային բուֆերների առկայությունը պետք է հնարավորություն տա Կենտրոնական բանկին չեզոքացնել բանկային համակարգ կապիտալի պոտենցիալ անկայուն հոսքից բխող ռիսկերը։Ցածր գնաճի շրջանից հետո գնային ճնշումը կրկին ուժեղացավ. 2026 թ. հունվարին գնաճը հասավ 3,8%-ի՝ 2025թ. հունվարի 1,7%-ի համեմատ։ Գնաճի արագացումը պայմանավորված է պարենային մթերքների գների աճով, ինչպես նաեւ տրանսպորտային եւ կրթական ծախսերի ավելացմամբ։ Մենք ակնկալում ենք, որ տնտեսական ակտիվության սառեցմանը զուգընթաց գնաճը կնվազի մինչեւ մոտ 3,2% միջին մակարդակ», - ասված է S&P Global Ratings-ի զեկույցում։ S&P Global Ratings-ի ներքին եւ արտաքին քաղաքական կանխատեսումների մասին կարդացեք «Առաջիկա ընտրությունները կարեւոր թեստ կդառնան» հրապարակման մեջ: Tweet Դիտում՝ 1807