Ռուսական արմատներով Revolut-ը հավակնոտ նախագիծ է գործարկում ԱՄՆ-ում

20.01.2022 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut #Նիկոլայ Ստորոնսկի #արժեթղթեր
Ռուսական եւ ուկրաինական արմատներով բրիտանական Revolut ֆինտեխ ընկերությունն իր հավելվածի միջոցով բաժնետոմսերի առեւտուր է գործարկում ԱՄՆ-ում, հաղորդում է Techcrunch.com-ը։

Մեծ Բրիտանիայից իր հաճախորդներին ընկերությունն արդեն հնարավորություն էր ընձեռել գնել եւ վաճառել բաժնետոմսեր: Եվ այժմ Revolut-ը թույլտվություն է ստացել դառնալու լիցենզավորված բրոքեր-դիլեր ԱՄՆ-ում։

Revolut-ի օգտատերերը կկարողանան առեւտուր իրականացնել 1100 արժեթղթերով, ինչպիսիք են բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում եւ NASDAQ-ում: Ընկերությունը նաեւ հասանելիություն կառաջարկի 200 ETF-ներին (exchange traded funds)։

Հավելվածում օգտատերերը կկարողանան գտնել շուկայական գծապատկերներ, նորությունների վերնագրերի ընտրանի եւ տեղեկատվություն յուրաքանչյուր ETF-ի խոշորագույն ակտիվների տասնյակի մասին: Հաճախորդները կկարողանան նաեւ օգտվել գների ծանուցման գործառույթից: Ակտիվ գնելիս եւ վաճառելիս միջնորդավճար չի գանձվում: Այնուամենայնիվ, ինչպես բոլոր առեւտրային հարթակներում, կա որոշակի սպրեդ առքի եւ վաճառքի գնի միջեւ:



Revolut ֆինտեխ ստարտափը մուտք է գործել ամերիկյան շուկա 2020 թվականի գարնանը: «Revolut-ում մենք միշտ ենք մտածել ԱՄՆ-ի մասին: Դա թե՛ չափերով, թե՛ հնարավորություններով թիվ մեկ շուկան է: Կարծում եմ, մինչ այդ մենք պարզապես պատրաստ չէինք: ԱՄՆ-ում գործարկվելուց առաջ պետք է հիանալի պրոդուկտ մշակել, պետք է ունենալ ուժեղ բիզնես մոդել»,- մեկ տարի անց նշել էր Revolut-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկին:

Անցած տարի ամռանը Revolut-ը նոր ներդրումային փուլի ընթացքում ներգրավել էր $800 մլն ծավալի միջոցներ, իսկ ընկերության գնահատումն աճել էր մինչեւ $33 մլրդ։ Ստորոնսկու խոսքով՝ ներդրումներն ու գնահատումը ցույց տվեցին ներդրողների վստահությունն առ այն, որ ընկերությունն ի վիճակի է մատակարարել այնպիսի պրոդուկտներ, որոնք «կբարձրացնեն հաճախորդների սպասելիքների շեմը ֆինանսական ծառայությունների ամբողջ ոլորտում»: Ստարտափը նախատեսում էր ներգրավված միջոցներն օգտագործել մարքեթինգի ասպարեզում ծախսերի ավելացման նպատակով՝ հատկապես ԱՄՆ-ում եւ Հնդկաստանում, ինչպես նաեւ նոր պրոդուկտներ մշակելու համար:

Revolut ֆինտեխ ստարտափը 2015 թվականին Լոնդոնում հիմնել են ռուսաստանցի Նիկոլայ Ստորոնսկին եւ ուկրաինացի Վլադ Յացենկոն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22452
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW