Ռեստորանային գործը դասվում է առավել կայուն բիզնեսների շարքին, անգամ կարծիք կա, որ այն առավել եկամտաբեր է դառնում սոցիալական ճգնաժամերի ժամանակ: «Զբաղվիր ռեստորանային բիզնեսով. որքան էլ վատ լինեն մարդկանց գործերը, իրենք միեւնույն է պետք է սնվեն»՝ ահա այսպիսի պատգամ է ստացել իր հորից ամերիկացի hայտնի մենեջեր Լի Յակոկկան: Բնականաբար, յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում՝ ինչ, որտեղ եւ որքան ուտել: Եվ հենց այդ ընտրությունից է շատ անգամ կախված մարդու առողջությունը, անգամ՝ տրամադրությունը: Արտասահմանցի տարբեր գիտնականների կողմից մշակվող «լավատեսության դիետաները» միգուցե եւ արդյունավետ են, սակայն հայաստանյան իրականության մեջ լավատեսության համար շատ ավելի իրատեսական նախադրյալներ են անհրաժեշտ:Բիզնես-լավատեսության եւ հասարակական սննդի բիզնեսի ազգային առանձնահատկությունների շուրջ զրուցել ենք Menu.am նախագծի ղեկավար Վահան Քերոբյանի հետ: - Վահան, մոտ 1 տարի առաջ Banks.am-ին տված հարցազրույցում նշել էիք, որ լավատես եք ու հավատում եք, որ «մեր երկիրն ու տնտեսությունը միեւնույն է պետք է առաջ գնան»: Մինչդեռ Գրանթ Թորնթոն-ի օրերս հրապարակած հետազոտության արդյունքները վկայում են, որ ապագայի նկատմամբ հայ գործարարների լավատեսությունն էապես պակասել է: Իսկ Ձեր լավատեսությունը պահպանվու՞մ է: - Իհարկե, շատ դժվար է լավատես մնալ նման տնտեսական միջավայրում, որտեղ հիմնական մարտահրավերները ոչ միայն ֆունդամենտալ լուծումներ չեն ստանում, այլեւ ձեռք են բերում խրոնիկ բնույթ, եւ երկրում ձեւավորված բիզնես մթնոլորտը դրդում է թե մարդկանց, թե կապիտալի արտահոսքին Հայաստանից: Սակայն ես իմ էությամբ եմ լավատես՝ անկախ միջավայրից, եւ դա դժվար թե փոխվի: Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից, ես գոհ եմ իմ նախագծերի առաջընթացից: - Բայց եւ այնպես, այս ընթացքում լուրջ փոփոխություններ եղան Ձեր կարիերայում՝ թողեցիք ՍԹԱՐ-ի գործադիր տնօրենի պաշտոնը եւ այսօր զբաղվում եք բիզնեսով, որը, ըստ էության, եւս առնչվում է սննդի վաճառքի կազմակերպման հետ: Ի վերջո՝ Դուք շարունակում եք գործ ունենալ «փորձված թանի՞» հետ, թե՞ նոր գործը, այնուամենայնիվ, Ձեզ համար «անփորձ մածուն է»:- Menu.am-ը շատ հեռավոր նմանություն ունի մանրածախ առեւտրի հետ: Այստեղ թե մարքեթինգը, թե օպերացիոն կառավարումը էապես տարբեր են նախկին բիզնեսի խնդիրներից: Տարբեր է ամեն ինչ՝ թե սեգմենտը, թե առեւտրային ցիկլը, թե հաճախորդների սպասելիքները: Միակ սկզբունքը, որը, երեւի թե, նույնն է յուրաքանչյուր բիզնեսի համար, սերն է հաճախորդների նկատմամբ: Մենք սիրով ենք շփվում մեր բոլոր հաճախորդների հետ եւ վայելում նրանց բարի վերաբերմունքը եւս: - Հայերն ուտող-խմող, հյուրասեր ժողովուրդ են՝ հաճախ այս իրողությունը մեջբերվում է նաեւ այն դեպքերում, երբ խոսք է գնում ներդրում կատարելու եւ դրա համար հնարավորինս եկամտաբեր եւ ոչ ռիսկային ոլորտ ընտրելու մասին: Դուք եւ՞ս կիսում եք այն կարծիքը, թե՞ Հայաստանում հասարակական սննդի բիզնեսի հաջողված լինելը մեծապես պայմանավորված է մեր ազգային հոգեկերտվածքով: - Եթե խոսենք ոլորտի ներկայի եւ ապագայի մասին, ապա այստեղ, մանրածախ առեւտրի համեմատ, երկու հիմնական տարբերություն կա: Առաջինը, իհարկե, ոլորտի ավելի մրցակցային լինելն է՝ այստեղ չկան մենաշնորհներ եւ օլիգոպոլիաներ եւ համեմատաբար ազատ է մրցակցությունը: Դա հնարավորություն է տալիս տնտեսվարողներին աշխատելիս ավելի շատ վստահել սեփական ուժերին եւ ստեղծագործական ջիղին:Երկրորդը՝ կարգավորող դաշտի ավելի հասկանալի եւ կանխատեսելի լինելն է, ինչի շնորհիվ շահում են թե պետությունը, թե ոլորտի խաղացողները: Այնուամենայնիվ, մեկ մարդուն ընկնող համախառն արդյունքի տեսանկյունից դեռ բազմակի աճի հնարավորություն կա, եւ ուրախությամբ կարելի է արձանագրել, որ որակապես եւ քանակապես ոլորտն իսկապես ծաղկում է: - Վրաստան մեր այցելությունները շատ անգամ պայմանավորված են այդ թվում վրացական խոհանոցից օգտվելու ցանկությամբ. ստացվում է, մենք ակամա զարգացնում ենք հարեւան երկրի գաստրոնոմիկ տուրիզմը: Իսկ ի՞նչ ներուժ ունի այդ առումով Հայաստանը եւ որքանո՞վ է այն օգտագործվում: - Ինչպես արդեն նշեցի, այս ոլորտը մեծ ներուժ ունի, սակայն ազգային խոհանոցի մասով դեռ շատ անելիք կա: Հայկական խոհանոցի ոլորտում լուրջ ընկերությունները սակավ են եւ հիմնականում գործում են բարձր գնային սեգմենտում: Այսօր որոշակի քայլեր են ձեռնարկվում ազգային ֆաստֆուդերի եւ միջին սեգմենտում որակյալ ռեստորանները զարգացնելու ուղղությամբ, եւ ես վստահ եմ, որ շուտով էական առաջընթաց կլինի նաեւ այս հատվածում:- «Համով-հոտով» արտահայտությունը շատ դիպուկ ու պատկերավոր փոխանցում է մեր առօրյա կյանքի տարբեր դրսեւորումներ. որքանո՞վ է, ըստ Ձեզ, այդ արտահայտությունը համահունչ հայաստանյան ներկայիս բիզնես զարգացումներին: - Ներկայիս բիզնես իրականությունն ես ավելի շուտ կանվանեի սեւ ու սպիտակ, քան թե համով-հոտով: Բայց չեմ ուզում հոռետեսական նոտայի վրա ավարտել մեր խոսակցությունը եւ ցանկանում եմ կոչ անել բոլոր գործարարներին՝ չվհատվել, հավատով լցված մնալ մեր հայրենիքի նկատմամբ եւ իրենց անխոնջությամբ ու ստեղծագործական ջիղով այն իսկապես դարձնել համով-հոտով:Վահան Քերոբյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 5456