Digital Horizon. 2021 թվականի ֆինտեխ միտումները

11.01.2021 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Digital Horizon #ֆինտեխ
Digital Horizon ներդրումային ընկերությունը ներկայացրել է հետազոտություն, որում բացահայտել է 2021 թվականի հիմնական ֆինտեխ միտումները։

Բանկային հավելվածներից դուրս բանկինգ

2020 թվականին այս միտումը մեծ արագություն հավաքեց եւ չի պատրաստվում նահանջել մոտակա ապագայում․ ֆինանսական ծառայությունները գնում են «կուլիսներ»՝ դառնալով ոչ ֆինանսական պրոդուկտների անբաժանելի մասը։

Embedded finance-ների (ներկառուցված ֆինանսներ) գործիքները հնարավորություն են ընձեռում ինտեգրել վճարումները, դեբետային քարտերը, վարկերը, ապահովագրական ծառայությունները եւ նույնիսկ ներդրումային գործիքները գրեթե յուրաքանչյուր հաճախորդային փորձի մեջ։ Օրինակ, դուք կարող եք վարկ ստանալ անմիջապես առցանց խանութի կամ մատակարարող ընկերության կայքում՝ առանց հարցաթերթիկների լրացման։ Իսկ գումար հնարավոր է փոխանցել այն հավելվածների միջոցով, որոնք, կարծես թե, ֆինանսների հետ առնչություն չունեն։ Նման մոտեցումը կավելացնի բանկերի եւ ֆինտեխների շահույթը, քանի որ հնարավորություն կտա մրցակցել խաղացողների հետ, որոնք փորձում են ուղղորդել հաճախորդներին դեպի իրենց բանկային հավելվածներ։

Ապահովագրական ծառայությունների եւ վարկերի վերածնունդը

Տնտեսության մեջ գնալով ավելի ակտիվ են զարգանում նոր հաճախորդային սցենարները, որոնք սնուցվում են մարդկային պարզ պատկերացումներով։ Նախ, մարդիկ չեն սիրում, իսկ ավելի հաճախ չեն կարող միանգամից վճարել բարձրարժեք ապրանքների կամ ծառայությունների ամբողջական գինը: Երկրորդը՝ արդեն գնում կատարելով՝ շատերը վախենում են, որ այդ ապրանքի հետ ինչ-որ բան կպատահի։ Երրորդը՝ մեծամասնությունը ցանկանում է, որ երրորդ կողմը ստանձնի վնասվածքների, կորուստների կամ գողության դեպքում խնդրի լուծման պատասխանատվությունը․ միաժամանակ, ոչ ոք չի սիրում վճարել ապահովագրական ընկերություններին:

Այս սցենարները ստիպում են այլ կերպ դիտարկել ավանդական ֆինանսական ծառայությունները․  ապահովագրությունը մուտք է գործում վարկերի տարածք, վարկերը հայտնվում են այնտեղ, որտեղ միշտ գերակշռել է ապահովագրությունը, հայտնվում են հիբրիդային մոդելներ, որոնք համատեղում են վարկային եւ ապահովագրական բաղադրիչները:

Այդպես հայտնվում են բաժանորդագրություններ, տարաժամկետ վճարումներ, կարճաժամկետ ապահովագրություն եւ այլ լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդին կանոնավոր վճարել ապրանքը, բնակարանը, ավտոմեքենան երաշխավորված օգտագործելու հնարավորության համար եւ, միաժամանակ, չբախվել խոշոր միանվագ ծախսերի եւ ռիսկեր կրելու անհրաժեշտության հետ:

Տվյալներն ուղիղ եթերում

2020 թվականը «կոտրեց» պատմական տվյալների հիման վրա կառուցված կանխատեսող մոդելները: Մարդկանց եւ ընկերությունների ֆինանսական վիճակը արագ փոխվում էր․ «ֆինանսական վնասվածքները» եւ դրանցից հետո վերականգնումն ազատորեն հաջորդում էին իրար։ Տեղեկատվությունն այնպիսի տեմպերով էր հնանում, որ որոշումներ կայացնելու համար բանկերին անհրաժեշտ էր հետեւել դրան իրական ժամանակում:

Ֆինանսական հաստատությունների համար կարեւոր էր տեսնել հաճախորդի ֆինանսական կայունության պատկերն ամբողջությամբ։ Վարկային պատմությունից բացի, մեծ նշանակություն են սկսում ունենալ ընթացիկ եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ ցանկացած լրացուցիչ գործոններ, որոնք կարող են ազդել մարդու կամ ընկերության վճարունակության վրա: Սակայն որքան շատ են տվյալներն, այնքան մեծ է data դեպարտամենտների բեռը, ինչը նշանակում է, որ հաշվարկների արժեքը նույնպես մեծանում է:

Ի պատասխան այժմեական տեղեկատվության նկատմամբ աճող պահանջարկի, կզարգանան վերլուծական եւ սքորինգային պրոդուկտները, որոնք կներկայացնեն նոր տեղեկատվությունն իրական ժամանակում եւ կկարողանան ոչ միայն հաշվարկել պատմական սքորինգը, այլեւ կանխատեսումներ անել big data-ի հիման վրա։

Ինքնավար ֆինանսներ

2020 թվականն ավելի շատ «ճոճեց» մեր ֆինանսական կարգապահությունը: Եվ խոսքն այստեղ միայն աշխատատեղերի կորուստների եւ եկամուտների անկման մասին չէ: Ճգնաժամը ստիպեց մարդկանց որոնել նոր ուղիներ՝ ինչպես պահպանել եւ ավելացնել խնայողությունները:

Դեռեւս մեկ տարի առաջ նշում էինք, որ ֆինտեխները սկսում են արձագանքել օգտատերերի՝ ֆինանսական առողջության մասին հոգալու անհրաժեշտությանը: Այնուամենայնիվ, մինչ օրս չի հայտնվել մի ծառայություն, որը հաջողությամբ կլուծեր այս հարցը: Պատճառը պարզ է. մարդիկ ունեն նման կարիք, սակայն համապատասխան բիզնես մոդել դեռեւս չկա:

Հնարավոր է, 2021 թվականին ֆինանսները կունենան «իրենց Facebook»-ը, որն ի սկզբանե կունենա անհասկանալի դրամայնացում, բայց այն արագորեն կաճի՝ օգնելով օգտատերերին պահպանել ֆինանսական առողջությունը:

Ամենայն հավանականությամբ, նման ծառայությունը կզարգանա ավտոմատացված ֆինանսների տարածքում: Այս ճանապարհին առաջին քայլերը վերապահված կլինեն «խնայատուփերին», որոնք կկլորացնեն գնման գումարը, իսկ տարբերությունը կուղարկեն խնայողական կամ ներդրումային հաշվին։

Բայց որպեսզի ֆինանսներն իսկապես դառնան ավտոմատացված, ֆինտեխ ծառայություններին անհրաժեշտ է փակ մոդելից անցում կատարել դեպի բաց մոդել: Այդ դեպքում դրանք պատրաստ կլինեն փոխանցումներ իրականացնել տարբեր ծառայությունների հաշիվների միջեւ՝ առաջնորդվելով օգտատիրոջ շահով, այլ ոչ թե սեփական նպատակներով: Սա կարեւոր է ոչ միայն ֆիզիկական անձանց համար. բիզնեսը եւս սպասում է ավտոմատացված գանձապահի, որը միջոցները կբաշխի լավագույն պայմաններ առաջարկող բանկերի հաշիվների միջեւ։

Վճարներ առանց միջնորդների

Համավարակը հանգեցրել է առցանց վճարումների սրընթաց աճին եւ սրել գործարքների արժեքի հարցը։ Մինչ բիզնեսները բողոքում էին Visa-ի եւ Mastercard-ի բարձր միջնորդավճարներից, նոր սերնդի վճարային մատակարարները թափ էին հավաքում:

Այսպես, 2020թ․ երրորդ եռամսյակում PayPal-ի նոր ակտիվ օգտահաշիվների թիվն աճել է 15,2 միլիոնով, ծառայության միջոցով վճարումների ծավալը՝ 36%-ով: Իսկ Checkout.com հարթակում գործարքների թիվը համավարակի մեկնարկից ի վեր աճել է 250%-ով:

Ինտեգրալ վճարային ալիքների զարգացումը, երբ վճարումները սպասարկում են ծրագրային ապահովման ընկերություններ, այլ ոչ թե ավանդական ֆինանսական մատակարարներ, դառնում է երկարաժամկետ միտում։ Բիզնեսը կարեւորում է առցանց վճարումների այլընտրանքային մեթոդները, ներառյալ էլեկտրոնային դրամապանակների, QR կոդերի եւ կրիպտոարժույթների կիրառումը:

Բնականաբար, միջազգային վճարային համակարգերը չեն վերանա 2021 թվականին: Այնուամենայնիվ, մենք կտեսնենք լուծումներ, որոնք հնարավորություն կտան առաջ շարժվել առանց Visa-ի, Mastercard- ի եւ վճարումները սպասարկող բանկերի: Դրանք կիրականացվեն ինչպես ֆինտեխների, այնպես էլ բանկերի կոնսորցիումների կողմից, ինչպիսին է, օրինակ, սկանդինավյան P27 հարթակը:

Թվային ակտիվների զարգացումը

Չինաստանից հետո տասնյակ երկրներ 2020-ին հայտարարեցին, որ սկսում են զարգացնել իրենց ազգային թվային արժույթները կամ ուսումնասիրել դրանց հնարավորությունը, ինչպես, օրինակ, Ռուսաստանը: Միաժամանակ, կարգավորիչները խստացրեցին վերահսկողությունը կրիպտոարժույթների նկատմամբ՝ պարտավորեցնելով կրիպտոծառայություններին նույնականացնել օգտատերերին, ինչպես դա անում են բանկերը: Արդյունքում, ֆինանսական ոլորտի շատ խաղացողներ փոխեցին իրենց վերաբերմունքը եւ մտադրվեցին ստեղծել թվային ակտիվների հիբրիդային մոդել:

Ֆինանսական տեխնոլոգիաների կոնստրուկտոր

Քանի որ անցած տարին ավանդական ֆինանսական հաստատություններին ստիպեց արագացնել ենթակառուցվածքների արդիականացումը եւ անցումը դեպի digital, դա հանգեցրեց թվային ենթակառուցվածքների պարզեցմանը՝ կոնկրետ հաճախորդի պահանջմունքների հարմարեցման եւ ինտեգրման տեսանկյունից: Կարճաժամկետ ապագայում մենք գործ կունենանք low-code, իսկ երկարաժամկետում՝ no-code լուծումների հետ։

Արդեն այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են մասնագիտացած մատակարարները մոդուլային լուծումների փոխարեն բանկերին առաջարկում low-code հարթակների ծառայություններ: Սա թույլ է տալիս հեշտությամբ եւ արագ ավելացնել անհրաժեշտ ծառայությունները. վճարային լուծումներից մինչեւ ծառայություններ, որոնք կապված են մեքենայական ուսուցման հետ եւ ներառում են պատրաստի մոդելներ:

Ապագայում բանկերը կկարողանան հավաքել անհատականացված լուծումներ, որոնք լավագույնս կբավարարեն հաճախորդների կարիքները, այլ ոչ միայն կհամապատասխանեն ստանդարտ use քեյսերին։ 

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW