Հայաստանի ֆոնդային բորսան մասնակցել է AIM Congress 2025-ին Աբու Դաբիում
09.04.2025 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /



Հայաստանի ֆոնդային բորսան (AMX), գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի եւ բորսայի ներկայացուցիչների մասնակցությամբ, ապրիլի 7-9-ը Աբու Դաբիում ներկա են AIM Congress 2025-ին։
Համաժողովն անցկացվում է արդեն 14-րդ անգամ՝ այս տարի մեկ հարկի տակ համախմբելով շուրջ 25,000 մասնակից 180 երկրից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներդրողներ, գործարարներ եւ ոլորտի առաջատար ներկայացուցիչներ։
Համաժողովի շրջանակում Հայկ Եգանյանը մասնակցել է ֆոնդային բորսաների ղեկավարների համար կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը, որտեղ անդրադարձել է շուկայի կարգավորման մարտահրավերներին եւ հնարավորություններին, մասնավորապես, ներկայացնելով Հայաստանի կապիտալի շուկայի իրավական եւ կարգավորման հիմնախնդիրները եւ դրանց ազդեցությունը շուկայի գործառնությունների վրա։ Շեշտադրվել են նաեւ շուկայական անկայունության մեղմացման, համապատասխանության մակարդակի բարձրացման ռազմավարությունները, ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմներն ու շուկայի կայունության ապահովման միջոցները։
Առանձին ուշադրություն է դարձվել նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարեւորությանը՝ հատկապես արհեստական բանականության եւ համապատասխանության ավտոմատացված լուծումների օգտագործմանը։ Այս տեխնոլոգիաները կարող են նպաստել համապատասխանության գործընթացների պարզեցմանը, շուկայի թափանցիկության բարձրացմանը, ծախսերի կրճատմանը եւ կարգավորող մարմինների հետ համագործակցության արդյունավետության աճին։
Նշվում է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայկ Եգանյանը եւ բորսայի ներկայացուցիչները այցելել են Աբու Դաբիի ֆոնդային բորսա։
Այցի նպատակն էր քննարկել համագործակցության նոր հնարավորություններ՝ ուղղված կապիտալի շուկաների զարգացմանը, նորարարական ծրագրերի իրագործմանը, ինչպես նաեւ ընդգծել Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ տնտեսական կապերի խորացման եւ ամրապնդման կարեւորությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: