Վախթանգ Աբրահամյան. Բլոկչեյն հաբ դառնալու համար Հայաստանն էական քայլեր պետք է ձեռնարկի

02.04.2025 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Վախթանգ Աբրահամյան #Fastex #Doing Digital Forum
Ապակենտրոնացված ֆինանսների եւ Web3 տեխնոլոգիաների նկատմամբ աճող համաշխարհային հետաքրքրության պայմաններում Հայաստանը ներուժ ունի դառնալու նորարարության հանգույց:

Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի հետ հարցազրույցում անդրադարձել ենք կրիպտարժույթների ներդրմանը, ավանդական ֆինանսների հետ բլոկչեյնի ինտեգրման մարտահրավերներին ու այն հիմնական քայլերին, որոնք անհրաժեշտ են Հայաստանին` որպես թվային ակտիվների առաջատար տնտեսություն, դիրքավորվելու համար:

Վախթանգ Աբրահամյանը կմասնակցի Doing Digital Forum 2025-ի շրջանակում անցկացվելիք «Բարտերից կրիպտո. փողի էվոլյուցիան» պանելային քննարկմանը, որը կվարի Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր եւ կառավարիչ գործընկեր Հենրի Արսլանյանը:

- Fastex-ը թվային ակտիվների ոլորտի խոշոր խաղացող է։ Ինչպե՞ս եք տեսնում կրիպտոարժույթների լայն ներդրման հնարավորությունը Հայաստանում եւ տարածաշրջանում:

- Կրիպտոարժույթների ներդրումը Հայաստանում եւ ավելի մեծ տարածաշրջանում արագ տեմպերով զարգանում է՝ նեղ խորքային հետաքրքրությունից անցում կատարելով ավելի լայնածավալ օգտագործման: Առաջնորդվելով Հայաստանի տեխնոլոգիապես գիտակ երիտասարդության եւ ստարտափ էկոհամակարգի աճի գործոնով՝ կանխատեսում եմ ավելի մեծ ինստիտուցիոնալ ինտեգրում եւ թվային ակտիվների համատարած կիրառում: Fastex-ի նման ընկերությունների նախաձեռնությունները վճռորոշ դեր են խաղում անվտանգ, վստահելի ենթակառուցվածքների կառուցման գործում՝ ճանապարհ հարթելով կրիպտոարժույթների կայուն, պատասխանատու եւ լայնածավալ օգտագործման համար:

- Ի՞նչ մարտահրավերներ կան ավանդական ֆինանսական համակարգերը բլոկչեյնի վրա հիմնված ֆինանսական ծառայությունների հետ կամրջելու հարցում:

- Հիմնական մարտահրավերները կարգավորման դաշտի անորոշության, ֆինանսական ենթակառուցվածքների սահմանափակ համատեղելիության եւ ավանդական ֆինանսական հաստատությունների միջեւ փոխըմբռնման կամ վստահության պակասի հետ են կապված։ Այս բացերը վերացնելը պահանջում է հստակ եւ կայուն կարգավորման շրջանակներ, ավելի լավ կրթություն եւ համատեղ ջանքեր ավանդական ֆինանսական հաստատությունների եւ բլոկչեյն նորարարների կողմից ՝ օգնելով միմյանց հստակ տեսնել փոխադարձ օգուտները:

- Նշեցիք, որ կրիպտոարժույթների օգտագործումը գնալով աճում է, բայց զանգվածային ընդունումը պահանջում է կարգավորման հստակություն: Ի՞նչ դեր պետք է խաղան կարգավորիչներն ու ոլորտի առաջնորդները այս գործընթացն արագացնելու համար` միաժամանակ ապահովելով անվտանգությունն ու պահանջներին համապատասխանությունը:

- Կարգավորողները պետք է սահմանեն հստակ, հավասարակշռված սկզբունքներ եւ ուղեցույցներ, որոնք ապահովում են անվտանգությունը, խթանում են նորարարությունը եւ պաշտպանում օգտվողներին՝ միաժամանակ չզսպելով աճը: Ոլորտի առաջնորդները պետք է ակտիվորեն համագործակցեն կարգավորողների հետ՝ երաշխավորելով, որ պահանջներին համապատասխանությունն ինտեգրված է բլոկչեյնի վրա հիմնված ծառայությունների հիմքում: Այս համագործակցային մոտեցումը կձեւավորի հանրային վստահություն եւ կարագացնի զանգվածային ընդունումը՝ կրիպտոն առավել հասանելի եւ անվտանգ դարձնելով:

- Հայաստանն ունի զարգացող ստարտափ էկոհամակարգ, իսկ բլոկչեյնը հեռանկարային ոլորտ է։ Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանը դիրքավորվի որպես բլոկչեյն եւ կրիպտո ստարտափների տարածաշրջանային հանգույց:

- Հայաստանը կարող է դիրքավորվել որպես տարածաշրջանային բլոկչեյն հանգույց՝ ստեղծելով բարենպաստ նորմատիվային պայմաններ, տրամադրելով նպատակային խթաններ եւ մեծ ներդրումներ կատարելով տեխնոլոգիական կրթության եւ հետազոտության մեջ: Ակադեմիական շրջանակի, ստարտափների, կարգավորողների եւ կայացած ընկերությունների միջեւ համագործակցության խթանումը կարող է նաեւ ստեղծել նորարարության կենսունակ էկոհամակարգ, որը գրավում է տաղանդներին, ներդրողներին եւ համաշխարհային ընկերությունների ուշադրությունը:

- Ի՞նչ խթաններով կամ կարգավորման շրջանակով է հնարավոր գրավել համաշխարհային Web3 եւ ֆինթեք ընկերություններին Հայաստանում գործունեություն ծավալելու համար:

Համաշխարհային Web3 եւ ֆինթեք ընկերություններին ներգրավելու համար Հայաստանին անհրաժեշտ են հստակ, թափանցիկ եւ նորարարության համար բարենպաստ կանոնակարգեր` այդ թվում` լիցենզավորման պարզեցված ընթացակարգեր, կարգավորող ավազատուփեր, նորաստեղծ ընկերությունների համար հարկային արտոնություններ եւ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են ինովացիոն գոտիները: Տաղանդների եւ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ միջազգային գործընկերության խթանման ուղղությամբ ռազմավարական ներդրումները զգալիորեն կբարձրացնեն Հայաստանի գրավչությունը՝ որպես տարածաշրջանային Web3 եւ ֆինթեք ուղղություն:

2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ ավելի քան 2000 մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ Այս տարի ֆորումը կանցկացվի երրորդ անգամ ու կկրի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագիրը։

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել է ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։
Դիտում՝ 6707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW