ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրեն, տնօրենության անդամ Ալյոնա Ստրատանի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Banks.am պորտալին: - Հաճախ կարելի է լսել, երբեմն նաեւ տեսնել, որ կանայք մեծ մասամբ ղեկավարվում են զգացմունքներով, ուստի, անկեղծ ասած, հաճելիորեն զարմացա` ծանոթանալով ի դեմս Ձեզ բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրենի հետ: Ասում են նաեւ, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք չեն տիրապետում «մեկ քայլ առաջ տեսնելու» ունակությանը, հետեւաբար` ի զորու չեն գնահատել ռիսկերը…- Եթե մնացած առումներով հավասար պայմաններում հայացք գցենք տղամարդուն եւ կնոջը զուտ ֆիզիոլոգիական տեսանկյունից, ապա` այո, երեւի կարելի է ասել, որ կանայք ավելի զգացմունքային են, քան տղամարդիկ: Բայց եւ այնպես, մեզանից քչերն են մնում ֆիզիոլոգիական գիտակցության մակարդակի վրա. մենք փոխվում ենք` կախված կրթությունից, կուտակած փորձից, այն միջավայրից, որտեղ «աճել ենք»: Ինչ վերաբերում է ինձ, ապա կարիերաս սկսել եմ Մոլդովայի Կենտրոնական բանկում եւ 5 տարվա ընթացքում, լինելով այդ կազմակերպության թոփ-մենեջերներից մեկը, աշխատել եմ ֆինանսական շուկայի լավագույն մասնագետների շրջապատում: Հենց դրանով էլ պայմանավորված է այն մտածելակերպի կայացումը, երբ սկսում ես մտածել ոչ թե այսօրվան համահունչ, այլ դեպի ապագան` առնվազն 5 տարվա կտրվածքով, գիտակցելով, որ այսօրվա արածդ գործը տարիներ անց պետք է հասկանան եւ կարողանան կառավարել ապագա սերունդները: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ կանխատեսելու եւ «մեկ քայլ առաջ տեսնելու» ունակությունը շատ է զարգացած այն մարդկանց մոտ, ովքեր սկսել են իրենց մասնագիտական գործունեությունը կենտրոնական բանկում, հատկապես` բանկային վերահսկողության վարչությունում: Նույնքան, որքան զարգացած է պատասխանատվության զգացողությունը հանրության եւ շուկայի արջեւ: Այլ կերպ ասած, աշխատելով «վերահսկողությունում», հասկանում ես, որ այսօրվա քո գործողությունները պետք է ապահովեն բնակչության ապահովությունն առ այն, որ նրանց անպայման կվերադարձվեն բանկային ավանդները: Բացի այդ, ինձ միշտ առանձնացրել է պլանավորելու մշտական ցանկությունը եւ հավատարմությունն այն ամենին, ինչ նախատեսել եմ: Գիտելիքն ու փորձը, որոնք ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, օգնում են ինձ թե մասնագիտական աշխատանքում` ռիսկ-մենեջերի կարգավիճակով, եւ թե անձնական կյանքում: Իսկ եթե վերադառնանք Ձեր կողմից հիշատակված զգացմունքներին, ապա ինձ կառավարում է մեկ զգացմունք` պատասխանատվությունն իմ գործողությունների կամ դրանց բացակայության համար:- Դժվար չէ՞ կարիերա կառուցել գեղեցիկ, բայց եւ այնպես՝ ոչ հայկական ազգանունով, հատկապես Հայաստանի պես ազգային միատարր երկրում:- Կցանկանայի նկատել, որ Հայաստան եմ եկել շարունակելու կարիերաս եւ արել եմ դա ռուսաստանյան կապիտալով բանկում: Այն ժամանակվանից եւ մինչ օրս իմ ոչ հայկական ազգանունը դրական դեր է խաղում: Եվ չնայած ես չեմ աշխատել հայկական ընկերություններում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվեր: Բայց եւ այնպես, Հայաստան տեղափոխվելու համար շարժիչ ուժ է հանդիսացել ոչ թե կարիերան, այլ կյանքը Հայաստանում, ուստի ինձ այստեղ օտար չեմ համարում: - Մենք ապրում ենք փոքր երկրում, այստեղ ծանոթությունները շատ դռներ են բացում: Եթե հետեւենք այդ տրամաբանությանը, ապա նման մոտեցումը շատ հնարավոր է նաեւ խոշոր հաճախորդների վարկավորման շուկայում: Համաձայնվեք, այդ դեպքում ռիսկերը կհատեն բոլոր հնարավոր սահմանները: Ինչպե՞ս վարվել նման դեպքերում: - Եկեք ճշտենք, թե ինչ ենք հասկանում «ծանոթություններ» ասելիս: Եթե դա այն կապերն են, որոնց հետեւանքով դու, արհամարհելով որոշակի կանոններ եւ սկզբունքներ, լուծում ես ինչ-որ մեկի համար կոնկրետ խնդիրներ, ապա դա պարզապես ինձ համար չէ: Չեմ կարծում, որ նման կարգի «ծանոթությունները» կարող են որեւէ խնդիր լուծել, հակառակը` դրանք կարող են խնդիրներ ստեղծել երկարաժամկետ ապագայում: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանում գտնվելու 8 տարիների ընթացքում ձեռք եմ բերել ընկերների եւ ծանոթների մեծ շրջապատ: Մեծ մասամբ նրանց շնորհիվ եմ բացահայտում Հայաստանը, եւ դա ինձ օգնում է ընդունել որոշումներ, որոնք կբացառեն այն հնարավորությունը, երբ «ռիսկերը կհատեն բոլոր հնարավոր սահմանները»:- Որպես կանոն աշխատանքը միայն մի դեպքում է հաճույք պարգեւում, երբ կարողանում ես ժամանակին կանգ առնել եւ նվիրել քեզ սիրելի զբաղմունքիդ, հարազատ մարդկանց: Ինչո՞վ է լցված Ձեր ազատ ժամանակը: - Անկեղծ ասած, ազատ ժամանակ քիչ է լինում, բայց հանգստյան օրերը միշտ անցկացնում եմ իմ մեծ ընտանիքի հետ: Արձակուրդների ժամանակ մեկնում եմ ծնողներիս մոտ` շատ եմ կարոտում նրանց: Ասեմ նաեւ, որ միշտ սիրել եմ գրել, եւ Հայաստանում ինձ վստահել են տեղական բիզնես-պարբերականի ռուսերեն տարբերակի ղեկավարումը: Ես ուրախությամբ համաձայնեցի, քանի որ դա շատ մոտ է իմ բնավորությանը` ծանոթանում ես նոր մարդկանց, կուտակում շուկայում առկա լավագույն գիտելիքները, ներմուծում արտասահմանում կիրառում գտած փորձը եւ, դրա հետ մեկտեղ, քեզ շրջապատող աշխարհն ավելի աշխույժ է դառնում: - Համաձայն Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլի անցած տարվա հետազոտության` Հայաստանում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 23%-ը (աշխարհում միջին ցուցանիշը 20% է): Անձամբ ես չեմ նկատում այդ 23%-ին, իսկ Դո՞ւք: - Հնարավոր է, ես հիմքեր չունեմ չհավատալու այդ վիճակագրությանը: Կարծում եմ, քանի որ վիճակագրությունը վերաբերում է բիզնեսին ընդհանուր առմամբ, ապա երեւի այդ 23%-ը կարելի է նկատել փոքր ու միջին բիզնեսում: Ես գիտեմ մեր բազմաթիվ հաճախորդների, որոնց ընկերություններում ղեկավար պաշտոններին կանայք են, եւ բոլորն էլ հաջողակ են: - «Պետք է աշխատել ապրելու համար, այլ ոչ թե ապրել աշխատելու համար». Ինչպիսի՞ն կլինի Ձեր մեկնաբանությունը: - Եթե հարցնեիք 6-7 տարի առաջ, միգուցե կպատասխանեի, որ ապրում եմ աշխատելու համար: Այլ կերպ անհնար կլիներ բացատրել, ինչպես կարող էի միաժամանակ աշխատել Կենտրոնական բանկում, անցնել MBA ծրագիր (Grenoble Graduate School of Business), երբ մինչ առավոտ դասերի ես, ընդ որում` առանց հանգստյան օրերի, եւ, գումարած դրան, դասավանդել 2 համալսարանում: Ասեմ անկեղծ` այն ժամանակ այդ ամենը չէի անում ֆինանսական նկատառումներից ելնելով: Ես գիտակցում էի, որ դա «ներդրում է ապագայի մեջ», եւ ծնողներս սատարում էին իմ այդ ձգտմանը: Հիմա այդ սկզբունքն որոշ չափով փոխվել է, ես հասկացա, որ սկսել եմ աշխատել ապրելու համար: Միանգամից ասեմ, որ այսօր ավելի քիչ չեմ աշխատում, հակառակը` հոգսերն ու պատասխանատվությունն ավելացել են: Պարզապես իմ կյանքում եկել է այն պահը, երբ սկսել եմ լրջորեն մտածել երեխաներիս ապագայի մասին: Ես հստակ գիտակցում եմ, որ այսօր ինձ պետք է աշխատել, որպեսզի, ինչպես ժամանակին իմ ծնողները, ես էլ կարողանամ տալ իմ երեխաներին «կարթ` ձուկ բռնելու համար»:- Իսկ Դուք կցանկանայի՞ք, որ Ձեր երեխաները բանկիր դառնան: Հատկապես հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը դստեր մասին:- Դեմ չեմ լինի, եթե երեխաներս գնան իմ ուղով, եւ անգամ ուրախ կլինեմ, եթե դուստրս որոշի բանկիր դառնալ:Ալյոնա Ստրատանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 20679