ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին - Վերջերս Հայաստանի բանկերի միությունը /ՀԲՄ/ հանդես եկավ Հայաստանում ֆինանսական արբիտրաժի ինստիտուտի ստեղծման նախաձեռնությամբ: Ցանկալի է լսել Ձեր կարծիքը այդ կապակցությամբ: - Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը թե որպես մասնագետ, թե որպես ֆինանսական հաշտարար, քանի որ համաշխարհային փորձում ֆինանսական արբիտրաժը եւս հանդես է գալիս որպես վեճերի այլընտրանքային` արտադատարանական լուծման ինստիտուտ: Այդ ինստիտուտի հետ մեր փոխհարաբերությունների առումով զուտ իրավական տեսանկյունից, հատկապես երկու օղակների փորձագիտական վերլուծությունից հետո, պետք է նշեմ, որ այդ օրենքները համահունչ են եւ փոխլրացնում են միմյանց: Շուտով պետք է կայանա մեր հանդիպումը Ֆինանսական արբիտրաժի նորանշանակ ղեկավարի հետ, որի ընթացքում կներկայացվի մեր կազմակերպության դիրքորոշումը սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Իմ կարծիքով, հայեցակարգը պետք է կառուցվի այնպես, որ հաճախորդը միշտ հնարավորություն ունենա ընտրություն կատարել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ու Ֆինանսական արբիտրաժի միջեւ: Կարծում եմ` ֆինանսական կազմակերպությունները չպետք է հաճախորդներին պարտավորեցնեն դիմել Ֆինանսական արբիտրաժի ծառայություններին: Դա ձեռնտու չէ ֆինանսական ծառայությունների սպառողներին, հատկապես փոքր ֆինանսական բողոքների դեպքում, քանի որ այդ կազմակերպության ծառայությունները վճարովի են, իսկ բողոքների քննարկման ընթացակարգը` ավելի երկար: Մասնավորապես, ավելի ողջամիտ կլինի, եթե մինչեւ 10 մլն դրամի գույքային վեճերը քննենք մենք, ավելի բարձրի դեպքում ընտրի հաճախորդը`կամ դիմել դատարան, կամ Ֆինանսական արբիտրաժ: - Հայտնի է, որ Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը ավելի զարգացած է Մեծ Բրիտանիայում: Հայկական կողմն ուսումնասիրե՞լ է բրիտանական փորձը: - Իսկապես, Մեծ Բրիտանիայի Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ամենազարգացածն է, որն ամբողջությամբ ներդրել է ֆինանսական համակարգի վեճերի այլընտրանքային լուծման Եվրամիության համապատասխան դիրեկտիվները: Մենք երկու անգամ այցելել ենք Մեծ Բրիտանիա, ուսումնասիրել նրա փորձը, աշխատանքի ընթացքը եւ այլն: Մեր գրասենյակի հիմնադրման ընթացքում, անկասկած, կիրառվել է անգլիական փորձը, սակայն` հայկական իրավական դաշտին համապատասխան: Մեծ Բրիտանիան ավանդույթների երկիր է եւ այնտեղ գործում է նախադեպային իրավունքը, եւ Օմբուդսմենը կարող է ղեկավարվել սեփական իրավագիտակցությամբ: Օրինակ, Օմբուդսմենը կարող է որոշում կայացնել նաեւ հայտ ներկայացնողին բարոյական վնասի փոխհատուցման մասին: Հայաստանյան օրենսդրության համաձայն, Օմբուդսմենը ղեկավարվում է ոչ միայն նորմատիվ-իրավական ակտերով, այլեւ` գործարար շրջանառության սովորույթներով: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ որոշակի հարց քննարկելիս Օմբուդսմենը գալիս է այն եզրակացության, որ վեճը չի կարգավորվում օրենքով: Այդ դեպքում մենք դիմում ենք կոնկրետ ֆինանսական կազմակերպություններին` գործարար վարքագծի եւ էթիկայի կանոնների եւ գործարար շրջանառության սովորույթի բացահայտման նպատակով: Նշեմ, որ ԵՄ-ում չընդգրկված երկրները եւս ձգտում են հետեւել եվրադիրեկտիվներում սահմանված չափանիշներին: Այդ չափանիշներին հետեւում է նաեւ Հայաստանը, ինչը հաստատվում է մեր եվրոպացի գործընկերների գնահատականներով: - Ներկայացրեք Գրասենյակ ստացվող բողոքների վիճակագրությունը, որոնք վերաբերում են բանկերի մասնաճյուղային ցանցին. նկատվու՞մ են արդյոք դրական միտումներ այդ ուղղությամբ: - Մեր վիճակագրությունը կատարվում է ըստ ֆինանսական կազմակերպությունների տեսակի եւ դասակարգվում է ըստ ստացվող բողոքների բնույթի. մասնաճյուղային ցանցից առանձին վիճակագրություն մենք չենք վարում: Բայց այսպես թե այնպես, բողոքների մեծ մասը վերաբերում է առեւտրային բանկերին: Գրասենյակի գործունեության սկզբից մենք ստացել ենք շուրջ 750 բողոք, որոնց մեծ մասը վերաբերում է բանկային համակարգին: Մոտավոր հաշվարկներով, դրանցից 50 %-ը վերաբերում են բանկերի գլխամասային գրասենյակների ու 50 %-ը` մասնաճյուղային ցանցի գործունեությանը: Այսօր մենք նկատում ենք բողոքների թվի աճ, ինչը պայմանավորված է բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ: - Ակնկալու՞մ եք արդյոք անցում, այսպես կոչված, աշխատանքի «ուժեղացված ռեժիմի»` կապված Հայաստանում պարտադիր ավտոապահովագրության ներդրման հետ: - Պարտադիր ավտոապահովագրության ներդրման կապակցությամբ այս տարի կազմակերպվել են 2 հանդիպումներ, առաջինը` Կենտրոնական բանկի փորձագետների հետ, երկրորդը`կլոր սեղանի ձեւաչափով, որը վերջերս տեղի ունեցավ ՀՀ ապահովագրական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Անկասկած, ֆինանսական միջնորդության ծավալի աճին զուգընթաց` մենք ակնկալում ենք բողոքների թվի ավելացում: Այսօր մենք պատրաստ ենք աշխատանքի ծավալի ակնկալվող աճին, իսկ եթե զգանք, որ առկա ռեսուրսները բավարար չեն, կդիմենք կազմակերպության խորհրդին` Գրասենյակի կառուցվածքը վերանայելու առաջարկով: - Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիան /ՀՎԿԱ/ հանդես է գալիս բանկերի հետ հավասար պայմանների ապահովման նախաձեռնությամբ ձեր Գրասենյակի աշխատանքի մասով: Մասնավորապես, պահանջ է ներկայացվում սեփական ներկայացուցիչ ունենալ Ֆինանսական հաշտարարի խորհրդում, ինչպես նաեւ հավասարեցնել վճարումների ծավալը. ներկայումս բանկերի համար վճար է սահմանված ակտիվների 0,01 %-ի, իսկ վարկային կազմակերպությունների համար` 0,07%-ի չափով: - Գործող օրենսդրության համաձայն, Ֆինանսական օմբուդսմենի խորհրդի աշխատանքին մասնակցելու համար հասարակական կազմակերպությունը պետք է ունենա գործունեության առնվազն 5-ամյա պատմություն, իսկ ՀՎԿԱ-ն գործում է 2 տարի: Ամենեւին չթերագնահատելով այդ կազմակերպության դերն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ խաղի կանոնները պետք է հավասար լինեն բոլորի համար եւ համապատասխանեն օրենքի պահանջներին: Ինչ վերաբերում է վճարումների ծավալին, ապա այստեղ գործում է պարզ թվաբանություն. դրանց չափը հաշվարկվում է ըստ ակտիվների ծավալի: Համաձայնեք, բանկերի ակտիվների ծավալները լրջորեն գերազանցում են վարկային կազմակերպությունների համանուն ցուցանիշները: Այնպես որ, սահմանված տոկոսադրույքները լիովին տրամաբանական են: - Դուք ծրագրեր ունեիք մարզերում ֆինանսական շուկայի վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանն ուղղված սեմինարների անցկացման վերաբերյալ: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: - Մենք հետեւողական ենք այդ սեմինարների կազմակերպման ու անցկացման հարցում: Դրանք անցկացվում են ինչպես ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղային ցանցի աշխատակիցների, այնպես էլ հաճախորդների համար: Սեմինարների կազմակերպման հարցում մենք դիմում ենք մարզային հեռուստաընկերությունների օգնությանը, որոնք հավանական հաճախորդներին նախօրոք տեղեկացնում են սեմինարների անցկացման մասին: Հերթական սեմինարը կկայանա Սիսիանում: - Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ գործարկված է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Որքանո՞վ է հետաքրքիր ձեր փորձը հետխորհրդային երկրների ներկայացուցիչների համար: - Իսկապես, Հայաստանը միակ երկիրն է, որտեղ Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը ներառում է երկրի ողջ ֆինանսական համակարգը: Օրինակ, Ղազախստանում գործարկված նման կազմակերպությունն ընդգրկում է միայն պարտադիր ապահովագրության ոլորտը եւ միայն վերջերս`ողջ ապահովագրական շուկան: Վերջերս ես հարցազրույց էի տվել Ռուսաստանի բանկերի միության «Ազգային բանկային ամսագրին», եւ պարզվեց, որ Ռուսաստանը շատ է շահագրգռված այդ ինստիտուտի ներդրմամբ եւ հայկական փորձի ուսումնասիրմամբ: Բացի այդ, մեզ դիմել է Մեծ Բրիտանիայի Ֆինանսական օմբուդսմենը, ով վերջերս եղել է Ուկրաինայում եւ հայտնել, որ մեր ուկրաինացի գործընկերները հետաքրքրված են հայաստանյան Գրասենյակի աշխատանքի փորձով: Աշնանը նախատեսված է իմ այցը Կիեւ, որտեղ մանրամասն կներկայացվի Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի աշխատանքի հայկական փորձը: Tweet Դիտում՝ 23729