«Ապահովագրական շուկայի կոնսոլիդացումը կշարունակվի»

31.05.2010 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

 «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը եւ Banks.am պարտալին

- Առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի ապահովագրական ընկերությունների շահույթը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 12%-ով եւ կազմել $1.95 մլն, մինչդեռ ապահովագրավճարները առաջին կիսամյակում աճել են 56%-ով եւ կազմել $4.7 մլն: Ինչո՞վ է բացատրվում ապահովագրողների եկամուտների նվազումը տնտեսական ընդհանուր աշխուժացման պայմաններում:

- Ապահովագրողների եկամուտները, որպես կանոն, ձեւավորվում են ոչ միայն ապահովագրավճարների եւ փոխհատուցումների տարբերությունից, այլ նաեւ կապիտալի վերագնահատումից: Քանի որ ապահովագրողների միջոցները պահվում են նաև արտարժույթով, եկամուտների աճը տեղի ունեցավ դրամի 2009թ. մարտյան արժեզրկման շնորհիվ:


Որպես շահութաբերության նվազման գործոն կարելի է դիտարկել նաեւ ավտոտրանսպորտի ապահովագրության աշխուժացումը, քանի որ այն համեմատաբար վնասաբեր է ապահովագրողների համար. հատուցումներն այստեղ ավելի շատ են, քան ապահովագրական մյուս դասերի գծով:  

- «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը, իր մեծությամբ չլինելով ոլորտի առաջատարը, առանձնանում է ոլորտի մյուս խաղացողներից կապիտալի եւ ակտիվների եկամտաբերության բարձր մակարդակով: 2009-ին այս ցուցանիշներով ընկերությունն առաջատարն էր շուկայում (ROE - 43%, ROA – 27%): Ինչի՞ հաշվին է դա հաջողվում:

- Դրանք ցանկացած բիզնեսի գնահատման համար կարևոր ցուցանիշներ են: «Նաիրի Ինշուրանսը» միշտ աշխատում է պահպանել ընդհանուր կապիտալի օպտիմալ մակարդակ, ինչը շահութաբերության ցուցանիշի վրա դրականորեն է ազդում: Մյուս կողմից մինչեւ վերջերս «Նաիրի Ինշուրանսը» բավականին քիչ էր շեշտադրում գործակալների եւ միջնորդների միջոցով պոլիսների վաճառքը: Սպասարկումը, ի տարբերություն այլ ընկերությունների, հիմնականում իրականացնում էինք գրասենյակի միջոցով եւ սեփական ռեսուրսներով: Սա է կապիտալի եւ ակտիվների եկամտաբերության բարձր մակարդակի հիմնական պատճառը: Հուսով եմ, մենք կպահպանենք առաջատարությունն այս չափանիշներով, սակայն համոզված եմ, որ նման բարձր ցուցանիշներն այլեւս չեն կրկնվի, քանի որ միջնորդավճարները կսկսեն զգալի տեղ զբաղեցնել ծախսերի ընդհանուր ծավալի մեջ:  


- Ի՞նչ արդյունքներով է ընկերությունն ամփոփել առաջին եռամսյակը:

- Առաջին եռամսյակում ապահովագրավճարների հավաքագրումները գերազանցեցին մեր ակնկալիքները՝ կազմելով շուրջ 180 մլն դրամ: Տեղի ունեցավ նաեւ ապահովագրական պորտֆելի զգալի դիվերսիֆիկացում:

Ակնկալիքներից բարձր էր ավտոմեքենաների գծով ապահովագրությունը (ցամաքային տրանսպորտի ապահովագրությունից վճարներ՝ 55,8 մլն դրամ, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  ապահովագրությունից վճարներ՝ 23,2 մլն դրամ), ինչը, կարծում եմ,  կապված է ոչ միայն բանկերի կողմից ավտովարկավորման աշխուժացման, այլ նաև քաղաքացիների մոտ ապահովագրական կուլտուրայի զարգացման հետ:

Զարմանալիորեն մեծ տեսակարար կշիռ կազմեցին կամովի իրենց մեքենան ապահովագրող ֆիզիկական անձ հաճախորդները: Սա կարելի է կապել պարտադիր ապահովագրության ներդրման քայլերի հետ, թեև մենք տեղեկացնում էին հաճախորդներին, որ կամավոր ապահովագրությունը այլընտրանք չէ պարտադիրին:

Առաջին եռամսյակում բավականին մեծ տեսակարար կշիռ է ապահովել նաեւ գույքին հասցված վնասների գծով ապահովագրությունը (35,9 մլն դրամ):

Ընթացիկ եռամսյակում թեեւ ապահովագրավճարների գծով մուտքերը ակնկալվածից քիչ են, բայց լուծվում է շատ ավելի կարեւոր հարց. զգալի բարձրանում է մեր պորտֆելի դիվերսիֆիկացման աստիճանը: Դա ապահովագրական ընկերության բիզնեսի նկատմամբ ներշնչում է ավելի մեծ վստահություն, քանի որ եթե ճգնաժամային ալիքների հետեւանքով կրճատվում են մուտքերը որեւէ ոլորտից, ապա ընկերության ծախսերը փոխհատուցվում են ապահովագրական մյուս դասերի հաշվին:

Այս ամենով հանդերձ «Նաիրի Ինշուրանսը» դեռ պետք է բավականին աշխատանքներ տանի պորտֆելի դիվերսիֆիկացման ուղղությամբ, մասնավորապես, ցանկություն ունենք խորացնել բժշկական ապահովագրության ուղղությունը:
 

- Ապահովագրության որ ուղղություններն են գերակշռում «Նաիրի Ինշուրանսի» պորտֆելում եւ որո՞նք են այն սեգմենտները, որոնք դեռեւս չունեն մեծ տեսակարար կշիռ: Կարելի՞ է արդյոք ասել, որ ոլորտներից մեկում դուք ավելի մասնագիտացած եք, քան ձեր մրցակիցները:

- Մենք բավականին լուրջ աշխատանք ենք տարել ավտոտրանսպորտի ապահովագրության զարգացման ուղղությամբ, քանի որ այս ճյուղը  ապահովում է ավելի կայուն եկամտաբերություն: Անցկացրել ենք ոլորտի լուրջ հետազոտություններ, այդ թվում՝ նաեւ սոցիոլոգիական, վերլուծել ենք Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ավտոապահովագրության պայմանները եւ արդյունքում մշակել ենք բավականին լուրջ եւ մրցունակ պրոդուկտ, որը շարունակաբար կատարելագործվում է:

Մասնավորապես, ներդրեցինք ցանկացած մեքենայի ապահովագրավճարը հաշվարկող հաշվիչ: Ապահովագրության հետ դեռեւս չշփված մարդկանց համար դժվար է պատկերացնել, թե ինչպես է ձեւավորվում ապահովագրության արժեքը, եւ այս հաշվիչը որոշակիորեն լուծում է այս խնդիրը:

Լուրջ պատրաստվում ենք ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ներդրմանը:

Չեմ ուզում ասել, որ այս ոլորտում մենք ամենամասնագիտացվածն ենք. անգամ եթե ինչ-որ առումով գերակայում ենք, ապա դա իրականություն է նաեւ ի շնորհիվ մեր մրցակիցների, քանի որ մենք մշտապես ուսումնասիրում եւ վերլուծում ենք շուկան՝ ծառայությունների կատարելագործման նպատակով:

- Տարվա սկզբից ապահովագրական շուկայի մասնակիցների թիվը կրճատվել է երկուսով: Ինչո՞վ է դա պայմանավորված եւ շարունակվելու՞ է արդյոք այդ միտումը:

 - Դա նորմալ երեւույթ է, որովհետեւ դաշտը բավականին փոքր է այսքան շատ ընկերությունների համար: Թեև շուկան լքելու բազմաթիվ պատճառներ կարելի է թվարկել, սակայն, կարծում են, հիմնական դեր են խաղացել առեւտրային գործոնները եւ տնտեսական նպատակահարմարությունը:

Ապահովագրական շուկայի կոնսոլիդացումը կշարունակվի: Կարծում եմ, 2-3 տարիների ընթացքում շուկայում կմնան 5-6 ապահովագրական ընկերություններ, ընդ որում, 3-ը կլինեն ավելի ունիվերսալ, իսկ մյուս 2-3-ը՝ մասնագիտացված կոնկրետ ուղղությունների վրա:

- Հայտնի է, որ ներկայումս ապահովագրողների եկամուտների գերակշիռ մասը ստացվում է կորպորատիվ հաճախորդներից: Շուկայի ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում պարտադիր ավտոապահովագրության ներդրման կապակցությամբ:

- Կորպորատիվ հաճախորդները միշտ էլ գերակշռել են Հայաստանի ապահովագրական շուկայում: Եթե հաշվի առնենք, որ ֆիզիկական անձ հաճախորդների հիմնական մասը դիմում է մեզ բանկերի եւ դեսպանատների պահանջով, ապա կարելի է եզրակացնել, որ ֆիզանձանց ապահովագրության գործում եւս հիմնական գործոնը կորպորատիվ մշակույթն է:

Անցած տարվանից մենք աշխատում ենք հատուկ շեշտադրել ֆիզիկական անձ հաճախորդների թիրախավորումը, քանի որ եթե ապահովագրական մշակույթն ամրապնդվի ֆիզիկական անձ հաճախորդների միջեւ, ապա կվերանա նաև կորպորատիվ հաճախորդների մոտ բիզնեսի վարման առումով արմատավորված բացասական դրսեւորումները:

Եթե, օրինակ, Հայաստանի ապահովագրական շուկայում առաջին եռամսյակում ապահովագրավճարների ավելի քան 80%-ը ստացվել է կորպորատիվ հաճախորդներից, ապա պարտադիր ավտոապահովագրության արդյունքում ֆիզիկական անձանց տեսակարար կշիռն անկասկած կլինի կեսից ավելին, իսկ շուկան կմեծանա առնվազն 2 անգամ:
    
- Ե՞րբ Հայաստանում կհասունանա պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնելու գաղափարը:

- Մի փոքր թերահավատությամբ եմ վերաբերվում բժշկական պարտադիր ապահովագրության վաղ հեռանկարներին: Դրա համար պահանջվում է ենթակառուցվածքների կայացման լուրջ մակարդակ. խոսքը գնում է հիվանդանոցներում հաշվետվողականության սկզբունքի եւ միասնական տեղեկատվական համակարգի ներդրման, բուժհաստատությունների միջեւ առողջ մրցակցային դաշտի ստեղծման մասին:

Եթե պարտադիր բուժապահովագրությունը խնդիրներ է առաջացնում այնպիսի երկրում, ինչպիսին է ԱՄՆ-ը, չեմ կարծում, որ մեզ մոտ այն անմիջապես արագ կկարգավորվի: Այստեղ անորոշությունն անհամեմատ մեծ է, քան ավտոմեքենաների հետ կապված ապահովագրությունը: 

Բժշկական պարտադիր ապահովագրությունն ինքնին թանկ պրոդուկտ է: Հայաստանում այն ներդնելու համար պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, համապատասխանեցնել այն մյուս ոլորտների հետ եւ ապահովել ներդաշնակություն եվրոպական օրենսդրության հետ, որտեղ պարտադիր բուժապահովագրության բեռը հինմնականում կրում են գործատուները:
           
Նշված բոլոր գործընթացները կազմակերպելու համար, իմ գնահատականներով, կպահանջվի շուրջ 6 տարի:

Դիտում՝ 20071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW