ԱԲ-ն սպառնում է խորացնել անջրպետը հաղթողների եւ պարտվողների միջեւ

24.06.2026 | 22:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության եւ հանրային քաղաքականության պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆի հոդվածը: 

Քենեթ Ռոգոֆ

Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում արհեստական բանականության (ԱԲ) այնպիսի մոլեգնություն է տիրում, որ դրա համեմատ 19-րդ դարի կեսերի Կալիֆոռնիայի ոսկու տենդը պարզապես գանձերի որս է թվում։ Առաջատար ծրագրավորողներին եւ մշակողներին հարյուր միլիոնավոր դոլարների փոխհատուցման փաթեթներ են առաջարկում՝ ընկերություն փոխելու համար, մինչդեռ այն երիտասարդ ինժեներները, որոնց բախտ է վիճակվել վաղ փուլում միանալ առաջատար ԱԲ ստարտափներին, արդեն մտածում են 35 տարեկանից շուտ թոշակի անցնելու մասին։

Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանից դեպի քաղաք տանող Բեյշոր ավտոմայրուղով երթեւեկելիս կարելի է տեսնել խիստ մասնագիտացված ԱԲ հավելվածներ գովազդող վահանակներ, որոնք, կարծես, նախատեսված են չափազանց նեղ լսարանի համար։ Ինչպե՞ս կարող է դա շահութաբեր լինել։ Պատասխանը պարզ է.  ստարտափներով ողողված քաղաքում ճիշտ ծրագրային լուծումը ներկայացնել այնպիսի հիմնադրի, որի ընկերությունը շուտով կարող է միլիարդավոր դոլարներ արժենալ, անհամեմատ ավելի շահավետ է, քան նույն գովազդային վահանակներն օգտագործել բուրգերներ կամ լվացքի փոշի վաճառելու համար։

Այնուամենայնիվ, այս մոլեգնության տակ ակնհայտ անհանգստություն է թաքնված, քանի որ այս երիտասարդ սուպերէլիտայի անդամները վախենում են, որ իրենց ստարտափները կարող են չհայտնվել ԱԲ մրցապայքարի հաղթողների թվում: Նրանց պատկերացմամբ՝ ձախողումը նշանակում է դուրս մնալ մրցակցությունից, մինչ ԱԲ-ն ավտոմատացնում է մտավոր եւ մասնագիտական աշխատանքի լայն ոլորտներ, հատկապես ծրագրավորումը, որը մինչ այժմ գրեթե անսպառ եկամուտների աղբյուր էր, եւ հայտնվել մշտապես աղքատների շարքերում։


Չնայած տնտեսագետները դեռեւս վիճում են, թե արդյոք ԱԲ-ն ավելի շատ աշխատատեղեր կվերացնի, թե կստեղծի՝ Սիլիկոնյան հովտում տիրող տրամադրությունները շատ ավելի հոռետեսական են: Տարածված համոզմունքն այն է, որ կամ ձեր ստարտափը կհասնի հաջողության առաջիկա հինգից տասը տարիների ընթացքում, կամ էլ մնում է հուսալ, որ կառավարությունը ձեզ կապահովի առատաձեռն համընդհանուր հիմնական եկամուտով:

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիլիկոնյան հովիտը MAGA-ի ուղեծիր ներքաշելու ջանքերին, ամերիկյան ոճի պրոգրեսիվիզմը շարունակում է գերիշխել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանի մշակույթում: Կալիֆոռնիայի երիտասարդ եւ հավակնոտ տեխնոլոգիական մասնագետների մեծ մասը դեռեւս իրենց համարում են մինչեւ ուղն ու ծուծը պրոգրեսիվ՝ հարուստներին հարկելու եռանդուն կողմնակից, առնվազն մինչեւ իրենք չհայտնվեն հարուստների շարքերում։

Այնուամենայնիվ, իրենց ցուցադրական առաքինությամբ հանդերձ, Սիլիկոնյան հովտի էլիտաները, կարծես, տարօրինակ կերպով անտեսում են այն փաստը, որ ԱԲ-ի վերելքի պատճառով հետ մնացած մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ապրելու Միացյալ Նահանգներում: Նրանք նաեւ չեն ապրելու այն երկրներում, որոնք իրենց տեղն արդեն ապահովել են ԱԲ-ի մատակարարման շղթայում, օրինակ՝ Հարավային Կորեայում, Ճապոնիայում եւ Թայվանում:

Մինչ հարավկորեական ընկերությունները, ինչպիսիք են Samsung-ը եւ SK Hynix-ը, առաջադեմ հիշողության չիպերի նկատմամբ ԱԲ-ի անհագ պահանջարկի շնորհիվ վերածվել են տրիլիոն դոլարների արժեք ունեցող հսկաների, Եվրոպայում նման հաջողությունների օրինակները շատ ավելի քիչ են: Հազվադեպ բացառություն է ASML նիդեռլանդական ընկերությունը, որը գրեթե մենաշնորհային դիրք ունի աշխարհի ամենաառաջադեմ կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ գերժամանակակից լիտոգրաֆիկ սարքավորումների շուկայում։ Պատկերն ավելի մտահոգիչ է Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում, որտեղ դեռեւս չի ստեղծվել որեւէ ընկերություն, որը թեկուզ հեռավոր կերպով համադրելի է վերոնշյալ օրինակների հետ։


Այն երկրները, որոնք չկարողանան ապահովել իրենց տեղը ձեւավորվող արհեստական բանականության տնտեսությունում, կանգնում են մեծ ռիսկի առջեւ՝ հայտնվել այս դարի կարեւորագույն տնտեսական վերափոխման պարտվողների թվում։ Առանց վերաբաշխման ենթակա գերշահույթների եւ առանց համընդհանուր հիմնական եկամուտը ֆինանսավորելու համար անհրաժեշտ հարկային մուտքերի կտրուկ աճի՝ նրանք կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ չեն ունենա որեւէ արդյունավետ միջոց աշխատատեղերի զանգվածային կորստի հետեւանքները մեղմելու համար։

Սա պարզապես քաղաքական ոչ կոմպետենտության կամ հավակնությունների պակասի պատմություն չէ: Ինչպե՞ս կարող են աֆրիկյան ընկերությունները մրցակցել, երբ մայրցամաքի հարյուր միլիոնավոր մարդիկ դեռեւս չունեն էլեկտրաէներգիայի հասանելիություն, որը ԱԲ-ի ենթակառուցվածքների կարեւորագույն նախապայմանն է: Եվ ինչպե՞ս կարող են Լատինական Ամերիկայի երկրները ֆինանսավորել տվյալների կենտրոններում հսկայածավալ ներդրումները, երբ խնայողությունների մակարդակը մնում է ցածր, իսկ պարբերաբար կրկնվող պարտքային ճգնաժամերը շարունակում են վանել օտարերկրյա կապիտալը։

Անշուշտ, որոշ աֆրիկյան եւ լատինաամերիկյան երկրներ կարող են մեծապես շահել  պղնձի, հազվագյուտ հողային մետաղների, լիթիումի, նիկելի, կոբալտի, գալիումի եւ գերմանիումի նկատմամբ ԱԲ-ի ստեղծած անհագ պահանջարկից: Չիլին, Պերուն եւ Մեքսիկան այդ առումով ակնհայտ շահառուների թվում են, սակայն նույնիսկ կոբալտով հարուստ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը կարող է զգալի օգուտներ քաղել, եթե այնտեղ մոլեգնող դաժան քաղաքացիական պատերազմը երբեւէ ավարտվի։

Սակայն բնական ռեսուրսների առատությունը հաճախ նույնքան անեծք է եղել, որքան օրհնություն: Հանքանյութերով հարուստ երկրները կարող են զգալի եկամուտներ ստանալ ԱԲ-ի զարգացմամբ պայմանավորված եկամուտներից, բայց միեւնույն է չունենալ այն քաղաքական եւ տնտեսական ինստիտուտները, որոնք անհրաժեշտ են այդ օգուտները հասարակության լայն շերտերի միջեւ բաշխելու համար։


Մինչդեռ Հնդկաստանը բախվում է բոլորովին այլ ռիսկերի։ Քանի որ ԱԲ-ն պլանկտոնի պես կլանում է միջին օղակի մտավոր աշխատուժը, Հնդկաստանի հսկայական աութսորսինգային ոլորտը կարող է ամենամեծ հարվածը ստանալ։ Ստեղծագործական եւ տեխնիկական տաղանդների հարուստ պաշարների շնորհիվ Հնդկաստանը դեռ կարող է դառնալ ներկայիս տեխնոլոգիական մրցավազքի գլխավոր հաղթողներից մեկը՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ մեկտեղ։ Սակայն երկիրը չի կարողացել լիարժեք իրացնել այդ ներուժը սեփական տնտեսությունում՝ թույլ տալով, որ իր ամենատաղանդավոր մասնագետներից շատերը տեղափոխվեն Կալիֆոռնիա։ Թրամփի ներգաղթային քաղաքականության խստացումները կարող են դանդաղեցնել այդ ուղեղների արտահոսքը, թեեւ դեռ պարզ չէ, թե արդյոք դա վերջին հաշվով օգուտ կբերի Հնդկաստանին։

Չինաստանն, իր հերթին, արդեն իսկ ԱԲ ոլորտի գերտերություն է։ Սակայն նույնիսկ այնտեղ կառավարությունը նոր է սկսում առերեսվել ԱԲ-ով պայմանավորված աշխատատեղերի կորստի հետեւանքներին։ Նույնիսկ եթե երկիրը հաղթի արհեստական բանականության մրցավազքում, սոցիալական կայունության պահպանումը կարող է լուրջ խնդիր դառնալ, եթե չընդլայնվի սոցիալական պաշտպանության համակարգը։

Միգուցե ԱՄՆ-ը ավելի դինամիկ է, սակայն հազիվ թե ավելի լավ պատրաստված լինի ԱԲ-ի՝ աշխատաշուկաների վրա հնարավոր ազդեցությանը։ Սոցիալական պառակտումների խորացումից խուսափելու համար ԱՄՆ-ը պետք է ուղիներ գտնի՝ ավելի լայնորեն բաշխելու ԱԲ օգուտները, այլ ոչ թե թույլ տա, որ դրանք կենտրոնացած մնան շուկան առաջինը մուտք գործած ընկերությունների եւ տեխնոլոգիական միլիարդատերերի փոքր խմբի ձեռքերում։

Սակայն վտանգը սահմանափակված չէ ազգային սահմաններով։ ԱԲ-ն սպառնում է խորացնել տեխնոլոգիական հաղթողների եւ պարտվողների միջեւ եղած անջրպետը՝ հնարավորություն տալով հարուստ երկրներին վայելել դրա օգուտները, իսկ զարգացող երկրներում միլիարդավոր մարդկանց դատապարտելով էլ ավելի շատ հետ ընկնել տեխնոլոգիական առաջատարներից։ Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպիսին կլինի նման աշխարհը, առավել եւս՝ ինչպես կանխել դրա ինքնաքայքայումը։

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ եւ ՍՊԸ:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 5325

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW