Երեւանում անցկացվել է «Կանայք տնօրենների խորհրդում» աշխատաժողովը: Այն կազմակերպել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը՝ ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի եւ Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Խորհուրդներում կանանց ներգրավվածության ու մարդկային կապիտալի արդյունավետ կառավարման կարեւորության, կանանց շրջանում «ինքնակոչի» համախտանիշը նվազեցնելու, ինչպես նաեւ՝ սեփական փորձառության մասին Banks.am-ին պատմել են աշխատաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները: «Նեղացնելով ընտրանքը՝ նվազում է տաղանդներ բացահայտելու հավանականությունը»Այս տարվա հուլիսի 30-ին Էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվել է Կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, ինչը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանի խոսքով՝ աշխատաժողովի անցկացման շարժառիթներից մեկն էր. Լուսանկարը՝ Մեդիամաքս «Կանոնագիրքը կորպորատիվ կառավարման հիմնարար սկզբունքներ եւ ուղենիշներ բովանդակող կարգավորում է, որը հիմնվում է, այսպես ասած, «հետեւիր կամ բացատրիր» սկզբունքի վրա: Դրանում մեր աշխատաժողովին վերաբերող կարեւոր դրույթն այն է, որ երկու սեռի ներկայացուցիչների թիվը խորհրդում չպետք է 30%-ից պակաս լինի: Բացի այդ, ընկերությունները պետք է շահակիցների հետ հաղորդակցվեն իրենց բազմազանության քաղաքականության, դրա իրագործման միջոցառումների եւ կատարողականի, նշված թիրախին չհասնելու հնարավոր պատճառների ու դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ»: Նարինե Մելիքյանը նշում է, որ սա ոչ թե քվոտավորում է, այլ՝ կարգավորման առավել «փափուկ» ձեւ. Նարինե Մելիքյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Փորձը ցույց է տալիս, որ քվոտայի կիրառման դեպքում կանանց թիվը խորհուրդներում արագ է աճում, բայց հարց է՝ որքանով է սա արդյունավետ ընկերության համար: Հաճախ օրենքով նախատեսված պատժամիջոցներից խուսափելու համար կանանց ներկայացվածությունը խորհրդում լինում է խորհրդանշական, ինչը, միանշանակ, ընդունելի չէ մեզ համար: Ինչ վերաբերում է սահմանված «փափուկ» կարգավորմանը, այն ենթադրում է գործարար դատողության փոփոխություն եւ երկարաժամկետ արդյունք, եթե ընկերությունները գիտակցեն կանանց ու տղամարդկանց մտածողությունների համադրման արդյունքում ձեւավորվող ուժը: Կանայք եւ տղամարդիկ ունեն ուժեղ կողմեր եւ դրանց համադրությունը բերում է սիներգիկ էֆեկտի՝ հիմք դառնալով առավել տրամաբանված ու հավասարակշռված որոշումների: Բացի այդ, կանայք շատ ավելի լավ են ճանաչում հաճախորդների եւ սպառողների նախասիրությունները, որովհետեւ սպառողական որոշումների հիմնական կայացնողներն են: Նրանք ուժեղացնում են ընկերությունների բնապահպանական, սոցիալական եւ կառավարման (ESG) կատարողականը, հնարավորություն տալիս առավել լավ ճանաչել շահակիցների կարիքներն ու շահերը»:Անկախ այս ոլորտում եղած խնդիրներից, Նարինե Մելիքյանը նկատում է՝ «Հայաստանում իրավիճակը փոխվում է», օրինակ՝ կանանց թիվն ավելանում է բանկերի խորհուրդներում, ինչը դիտարկելի է այս ոլորտի թափանցիկ լինելու արդյունքում. Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ինձ համար այս թեման նաեւ անձնական է: Հիշում եմ՝ տարիներ առաջ Կորպորատիվ կառավարման կանոնագրքի մշակման ընթացքում, լսարանից մի տղամարդ ասաց՝ «Հայաստանում չկան պրոֆեսիոնալ կանայք»: Սա հետաքրքիր պնդում էր, քանի որ տարատեսակ վիճակագրություններով Հայաստանում կանայք կրթության մակարդակով առավելություն ունեն տղամարդկանց նկատմամբ: Ընդ որում՝ համաձայն Գենդերային խզման 2024թ.-ի ինդեքսի այս ցուցանիշով մենք առաջատար ենք Կենտրոնական Ասիայում: Առհասարակ, կարեւոր է հասկանալ, որ մեր երկիրն ունի սահմանափակ ռեսուրսներ, այդ թվում՝ մարդկային: Կենտրոնանալով բնակչության միայն մեկ կեսի վրա՝ մենք արհեստականորեն նեղացնում ենք ընտրանքն ու նվազեցնում տաղանդներ բացահայտելու հավանականությունը: Միշտ հիշում եմ Ուորեն Բաֆեթի խոսքը՝ «հաջողությանս գրավականն այն է, որ միշտ մրցել եմ մարդկության մի կեսի հետ»: Հաճելի է, որ սա գիտակցում է նույնիսկ նման հաջողակ տղամարդը»: Նարինե Մելիքյանը նշում է, որ աշխատաժողովը կանանց ներկայացվածության մեծացման ուղղությամբ քայլերից մեկն է միայն: Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ձեւավորել է նաեւ «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցը, որն ունի 54 մասնակից, այդ թվում՝ 3 տղամարդ: «Իհարկե, գենդերային խնդիր ունենք (ծիծաղում է – հեղ.), բայց մեր ջանքերը պետք է ուղղենք բազմազանության ապահովմանը: Այսօր Հայաստանում որոշումներ կայացնողները շարունակում են լինել տղամարդիկ ու շատ կարեւոր է, որ կանանց ներկայացվածության հարցի քննարկմանը մասնակցեն հենց նրանք: Մեր ցանցի գործունեությունն ուղղված է կանանց կարողությունների զարգացմանն ու իրազեկմանը, ինչն ապահովվում է «Կանայք տնօրենների խորհրդում» տարեկան վերապատրաստումների, թեմատիկ սեմինարների, մենտորության միջոցով: Հիմնական նպատակը բազմազանության, ներառականության միջոցով ընկերությունների կառավարման համակարգի բարելավումն է», - ասում է Նարինե Մելիքյանը: «Աշխատաշուկայում գենդերային զգալի ճեղքվածք կա»Տնօրենների խորհուրդներում կանանց ներկայացվածությունը հաճախ քննարկվում է բանկերի օրինակով, քանի որ դրանք թափանցիկ լինելու օրենսդրական պահանջ ունեն: Հասմիկ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Wisebrick իրավաբանական ընկերության հիմնադիր, «Սենթեր ֆոր Սըսթեյնըբիլիթի Րիֆորմս» ընկերության տնօրեն Հասմիկ Խաչատրյանի հետազոտության արդյունքներով՝ Հայաստանում գործող 18 բանկի կեսից պակասը տնօրենների խորհրդում կին ներկայացուցիչ ունի.«Առհասարակ, աշխատաշուկայում գենդերային զգալի ճեղքվածք կա։ 2022թ.-ի տվյալներով՝ ղեկավար մակարդակում կանանց ու տղամարդկանց ներկայացվածության տարբերությունը 140% է։ Ամսական աշխատավարձի ճեղքվածքը՝ 39%։ Ցավոք, այս ցուցանիշները 2018թ.-ից ավելացել են»: Կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունն էլ ավելի մեծ է ֆինանսական ոլորտում: «Այստեղ այն կազմում է 52%: Սա վկայում է, որ կառավարման մակարդակում, որտեղ վարձատրությունն ամենաբարձրն է, կանայք քիչ են ներկայացված։ Կանանց ամենամեծ ներկայացվածությունը 40% է՝ երկու բանկի խորհուրդների կազմում։ Պետք է հիշել նաեւ, որ մենք ունենք խորհրդի անդամ գլխավոր հաշվապահներ, որոնք Հայաստանում ավանդաբար կանայք են», - ասում է Հասմիկ Խաչատրյանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչ վերաբերում է գործադիր մակարդակին, այստեղ ամենաբարձր ներկայացվածությունն HSBC բանկում է. «Սա միակ բանկն է Հայաստանում, որն ունի կին գործադիր տնօրեն։ Ցավոք, արդեն հրապարակային տեղեկություն է, որ այս բանկը հեռանում է Հայաստանից, ինչը բացասական ազդեցություն կունենա վիճակագրության վրա։ Հայաստանում երկու բանկի խորհրդում կամ գործադիր կառավարման հատվածում կին ընդհանրապես չկա»: Ըստ Հասմիկ Խաչատրյանի հետազոտության՝ ֆինանսական հաստատությունների կառավարման խորհուրդներում կանանց ներգրավվածության ցուցանիշով Հայաստանը ցածր է համաշխարհային միջինից. «Հայաստանի միջին ցուցանիշը 14% է, իսկ համաշխարհայինը՝ մոտ 25%: Գործադիր կառավարման մակարդակում մենք շատ ավելի լավ վիճակում ենք, քան համաշխարհային միջինը՝ 34%-ն ընդդեմ 18%-ի»: «Կանայք պետք է ոգեշնչեն իրար» Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Սվետլանա Կարապետյանն ասում է՝ կնոջ համար հաջողակ կարիերա կառուցելու հիմնարար գործոնը մոտիվացիան է. «Միշտ ասում եմ՝ եթե կինն ունի ցանկություն, ամեն ինչ կհասցնի: Կանայք ինձ համար «Superwoman» են ու օրվա 24 ժամը կարողանում են բաշխել այնպես, որ ժամանակ հատկացնեն թե՛ աշխատանքին, թե՛ ընտանիքին ու երեխաներին»: Սվետլանա Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սվետլանա Կարապետյանը նշում է՝ այստեղ առավել կարեւոր է հոգեբանական գործոնը: Կանայք տղամարդկանցից շատ են ունենում «ինքնակոչի համախտանիշ» (imposter syndrome), ինչո՞ւ, եթե դպրոցներում ու համալսարաններում ավելի լավ են սովորում. պատճառը մենթալիտետային է ու այն պետք է փնտրել հասարակության, սեփական ընտանիքի վերաբերմունքում. «Ինքս էլ դպրոցում տեսնում էի, որ տղաների նկատմամբ նույն ուսուցիչն այլ մոտեցում է ցուցաբերում, աղջիկների նկատմամբ՝ այլ: Այսօր բոլոր ընկերուհիներս գործընկերներ են խոշոր ընկերություններում, զբաղվում են պատասխանատու աշխատանքով, բայց ինչ-որ պահի իրենց «ինքնակոչ» են զգացել: Սվետլանա Կարապետյանի խոսքով՝ այսօր Ֆասթ Բանկի աշխատակիցների 52%-ը կին է. «Կար ժամանակահատված, երբ գրեթե բոլոր ծառայությունների ղեկավարները կանայք էին»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա նշում է՝ կանայք ունեն ապրումակցում եւ էթիկայի զգացում, ինչը կարեւոր է որոշումների կայացման ժամանակ.«Ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածությունը ոչ միայն արդարության խնդիր է, այլեւ՝ երաշխավորելու, որ տնօրենների խորհուրդն ունի ամբողջական տեսակետ յուրաքանչյուր որոշման վերաբերյալ: Ներգրավելով տարբեր ձայներ՝ ընկերությունները կարող են խուսափել խմբակային մտածելակերպից, մարտահրավեր նետել հնացած գործելաոճին եւ նորարարություններ կատարել, որոնք հնարավոր չեն լինի միատարր ղեկավարության թիմի դեպքում:Հայաստանում տղամարդիկ հիմնականում առաջնորդվում են «հրամայիր եւ նվաճիր» սկզբունքով, այն դեպքում, երբ կանանց առաջնորդում է թիմայնությունը, ապրումակցումը, մարդկային հարաբերությունների կարեւորությունը: Կարծում եմ՝ այս հատկանիշները բերում են ոչ թե այսրոպեական, այլ՝ երկարաժամկետ հաջողության, ինչն առավել կարեւոր է հենց ֆինանսաբանկային ոլորտում»: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հայաստանն այսօր ունի փորձառու կանանց թիմ»Աշխատաժողովի մոդերատոր, Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը համոզված է՝ Հայաստանն այսօր ունի փորձառու կանանց թիմ, որոնք կարող են թե՛ ընկերություններ ղեկավարել, թե՛ լինել տնօրենների խորհուրդներում. «15 տարուց ավելի դասավանդում եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանում եւ նկատել եմ հետեւյալ միտումը՝ աղջիկները սովորաբար առավել պատրաստված ու պատասխանատու են վերաբերվում ուսումնական գործընթացին: Շատ կարեւոր է, որ մենք սկսենք գնահատել կանանց՝ որպես պրոֆեսիոնալների, որպեսզի հետո այս պատրաստված ուսանող աղջիկները չսահմանափակեն իրենք իրենց կարողությունները ու հավակնեն առավել կարեւոր աշխատանքի»: Կոնստանտին Սարոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կոնստանտին Սարոյանի խոսքով՝ ցանկացած պատասխանատու աշխատանքի դեպքում հիմնականում դեռեւս դիտարկվում է տղամարդու թեկնածություն. «Առաջինը մտածում ենք՝ ի՞նչ տղամարդ կարող ենք գտնել այդ աշխատանքի համար։ Այստեղ նաեւ հոգեբանական գործոն կա: Քանի որ ղեկավար անձնակազմը հիմնականում տղամարդկանցից է կազմված, թափուր հաստիքի դեպքում նրանք ցանկանում են թիմ վերցնել իրենց նմանին՝ տղամարդուն: Այս միտումն է, որ պետք է փոխել»: Կոնստանտին Սարոյանը նշում է՝ բազմաթիվ փորձարկումների արդյունքում ապացուցված փաստ է, որ տարբեր սեռի եւ տարիքի անձանցից կազմված տնօրենների խորհուրդների որոշումներն անկանխատեսելի իրավիճակներում լինում են առավել արդյունավետ: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 3975