Համաձայն Global Entrepreneurship Monitor (GEM) Հայաստանի ազգային զեկույցի, 2019-ին Հայաստանը ձեռներեցության բարձր մակարդակ է գրանցել։ Չափահասների շրջանում հինգից մեկը ներգրավված է եղել ձեռներեցության սկզբնական փուլում։ GEM կազմում ընդգրկված 50 երկրների շարքում սա համարվում է 7-րդ ամենաբարձր ցուցանիշը։ GEM-ը բարձր հեղինակություն վայելող ամենամյա հետազոտություն է, որը վստահելի աղբյուր է համարվում տնտեսական քաղաքականություն մշակողների եւ միջազգային հայտնի կազմակերպությունների համար։ Հայաստանում ձեռնարկատիրության ոլորտային կառուցվածքը ցույց է տալիս, որ երկիրը մյուսների համեմատ արտադրողականության ամենացածր մակարդակներից մեկն ունի։ Ի տարբերություն GEM 2019 զեկույցի երկրների մեծամասնության՝ Հայաստանում ձեռնարկատիրությունը հիմնականում կենտրոնացած է երկու հատվածում՝ առեւտուր եւ գյուղատնտեսություն: Այստեղ բիզնես սկսողներն ավելի քիչ են առաջնորդվում «աշխարհը փոխելու» գաղափարով. շատերը հիմնում են բիզնես՝ երկրի սոցիալ-տնտեսական պայմանների ու քիչ աշխատատեղերի պատճառով։ GEM Armenia զեկույցի թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը («Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար) եւ զեկույցի հետազոտող Արտաշես Շաբոյանը («Ամերիա»-ի կառավարման խորհրդատվական ծառայության գլխավոր հետազոտող) արդյունքներն ամփոփելուց հետո մի քանի դրական բացահայտումներ են նկատում։ GEM զեկույցի մեթոդաբանությամբ իրականացված Adult Population եւ National Expert հարցումներից հետազոտողներն առանձնացրել են հետեւյալ չորս եզրակացությունները։1. Հայաստանում շատերն են նախընտրում բիզնեսով զբաղվել Այստեղ հարցված չափահասների 87,2%-ը պատասխանել է՝ բիզնես հիմնելը կարիերայի համար ցանկալի ընտրություն է: Տվյալ կատեգորիայում այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է GEM-ի 50 երկրների 4-րդ տեղը, իսկ Արեւելյան Եվրոպայի երկրների շարքում՝ առաջինը:2. Ձեռներեցության սոցիալական ընկալումը Հայաստանում միջին մակարդակի վրա է «Առաջիկա վեց ամիսները բիզնես սկսելու լավ առիթ են» պնդմանը Հայաստանում հարցված մեծահասակների 53.9%-ը դրական պատասխան է տվել։ Այս ցուցանիշը, թերեւս, պայմանավորված է 2018-ի Թավշյա հեղափոխությամբ․ չէ՞ որ այդ շրջանում շատերն էին ապագայի նկատմամբ լավատես։ Լուսանկարը՝ Ֆոտոլուր Եվս մեկ հետաքրքիր բացահայտում է նկատվել. մարզերի բնակչությունն ապագա հնարավորությունների նկատմամբ ավելի լավատեսորեն է տրամադրված, քան Երեւանում ապրողները։3. Ինքնագնահատականը եւ բիզնես իրականությունը հակասական ենՉնայած հայերը բավականին բաձր են գնահատում իրենց գիտելիքները, հմտությունները եւ փորձը (12-րդը՝ GEM 50 երկրներից), միեւնույն ժամանակ լավ ընդգծված վախենում են ձախողելուց (տվյալ կատեգորիայում Հայաստանն առաջին տասնյակում է)։ Այս գործոնը շատ կարեւոր է. ձախողումից վախենալն ուղիղ կապ ունի բիզնես սկսելու հավանականության հետ:Եթե արդյունքները համեմատենք Ռուսաստանի եւ Բելառուսի հետ (45% եւ 37%), Հայաստանում ավելի մեծ տոկոսն է (51%) խուսափում բիզնես սկսել՝ ձախողման վախի պատճառով։ Այս եզրահանգումն անփոփոխ է, նույնիսկ եթե ավելի շատ հայեր են պատասխանել (70%), որ վստահ են իրենց գիտելիքի, հմտության եւ փորձի վրա, քան ռուսները (36%) եւ բելառուսները (42%): Լուսանկարը՝ Ֆոտոլուր Վախի բարձր մակարդակը գուցե կարելի է բացատրել հայաստանյան բիզնես մշակույթով: Այստեղ եթե բիզնեսը չի հաջողում, ընկալվում է որպես անձնական ձախողում: Գուցե նաեւ սա է պատճառը, որ կապիտալի շուկան Հայաստանում զարգացած չէ եւ չկան խոշոր ընկերություններ՝ շատ բաժնետերերով: 4. Հայերը՝ նորարար, բայց չգործողՈւշագրավ է, որ իրենց նորարար համարելու կատեգորիայում Հայաստանը գտնվում է զեկույցի 50 երկրներից ութերորդ, իսկ Արեւելյան Եվրոպայի 9 երկրներից երկրորդ տեղում: Այնուամենայնիվ, հայերը հազվադեպ են տեսնում բիզնես հնարավորությունները (50 երկրներից՝ 11-րդը), իսկ նրանց արդյունավետությունն ու տեսլականը GEM-ի 50 երկրների շրջանում գտնվում է միջին մակարդակում։Հայերի կեսից ավելին՝ շուրջ 65%-ը, հազվադեպ է գործում, նույնիսկ եթե բիզնեսի համար ձեռնտու հնարավորություն է նկատվում:Այս հղումով կարող եք ծանոթանակ Global Entrepreneurship Monitor-ի Հայաստանին վերաբերող հատվածին.https://www.gemconsortium.org/economy-profiles/armeniaԱյս հղումով կարող եք ներբեռել Global Entrepreneurship Monitor գլոբալ զեկույցը.https://www.gemconsortium.org/report/gem-2019-2020-global-reportՊատրաստել է Ամալի Խաչատրյանը Tweet Դիտում՝ 19046