Այս տարի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշում է հիմնադրման 25-ամյակը: Լինելով Հայաստանում առաջին բիզնես խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը՝ 25 տարիների մեծ մասը կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են մարզերում: BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հեղինակային նախագծի միջոցով Banks.am-ում ներկայացնում է Հայաստանի բոլոր մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները:Երեւանին այդքան «մոտ ու հեռու» Արագածոտնը Հայաստանի չորս մարզերից մեկն է, որը գտնվում է մայրաքաղաք Երեւանի հարեւանությամբ: Մի կողմից, այս հանգամանքը մեծ հնարավորություններ է ընձեռում մարզի զարգացման համար, քանի որ Հայաստանի տնտեսության գրեթե կեսը հենց Երեւանում է, մյուս կողմից էլ՝ սահմանափակում է այդ հնարավորությունները մի շարք պատճառներով: Տուրիզմի տեսանկյունից մարզը կատարում է «տարանցիկ» ֆունկցիա: Երեւանից ընդամենը մեկ ժամում հատում ես մարզի սահմանները: Բիզնես սկսելիս, հատկապես դրսի ներդրողների կողմից, տեղի առավելությունը տրվում է Երեւանին: Դա է պատճառը, որ մարզի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ՀՆԱ-ում ընդամենը 3% է: Դա այն պարագայում, որ մարզի տարածքը կազմում է Հայաստանի ընդհանուր տարածքի 9%-ը՝ գտնվելով ռազմավարական տեսանկյունից իդեալական դիրքում: Առաջին, Աշտարակը համարվում է Երեւանին ամենամոտ գտնվող մարզկենտրոնը՝ ընդամենը 22 կմ: Երկրորդ, Արագածոտնի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ճանապարհներ. Երեւան – Աշտարակ – Թալին – Գյումրի, Երեւան–Աշտարակ – Սպիտակ-Վանաձոր -ՀՀ պետական սահման եւ Երեւան – Արմավիր – Գյումրի: Երրորդ, գտնվելով ներկայիս Հայաստանի ամենաբարձ լեռան՝ Արագածի շրջակայքում (4090 մ), այն ձգվում է Թալինի լեռներից դեպի Աշտարակի այգիներ ու Ապարանի ալպիական արոտավայրեր՝ ապահովելով բնակլիմայական բազմազանություն եւ տնտեսության մի քանի ճյուղերի զարգացման տարբեր ուղիներ: Զերմոցային տնտեսություններ, սննդի վերամշակման ձեռնարկություններ, գինեգործություն, ալտերնատիվ էներգետիկա, այգեգործություն, անասնապահություն եւ, իհարկե, զբոսաշրջություն. ընդամենը մի քանի ուղղություններ, որոնք մարզում ունեն զարգացման ահռելի ներուժ: Ինչպես ասում են, փոփոխությունների ժամանակն է: Եվ այդ ճանապարհին առաջինը կարող է լինել Արագածի մարզ անվանակոչությունը, որը ներկայացման տեսանկյունից մարզը կդարձնի ավելի գրավիչ ու հակիրճ:Աշտարակ. Համ ու հոտով տուրիզմ Աշտարակը Հայաստանի այն բացառիկ քաղաքներից է, որը պահպանել է իր դեմքը: Ծովի մակերեւույթից լինելով 1175 մ բարձրության վրա՝ քաղաքում կա 11 եկեղեցի եւ 100-ից ավելի հուշարձան։ Աշտարակում բոլոր տների բակերն ունեն իրենց «համն ու հոտը» եւ կարող են լուրջ հայտ ներկայացնել՝ էթնիկ տուրիզմի կենտրոն դառնալու ճանապարհին: Աշտարակի տարածաշրջանի բնակավայրերում էլ կան այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բավարարել տարբեր ճաշակներ եւ նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների պահանջարկը: Մասնավորապես, մարզկենտրոնի հարեւանությամբ տեղակայված Օշական գյուղում է տեղակայված հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Աղձք գյուղում է հայտնաբերվել հայկական Արշակունի թագավորների դամբարանը, որը թվագրվում է 4-րդ դարին: Աշտարակի շրջակայքում են ցրված միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Սաղմոսավանքը, Օհանավանքը։ Այս տարածքում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը: Փաստն այն է, որ տարածաշրջանը կենտրոնացած է հիմնականում ներքին տուրիզմի վրա: Ճիշտ է, վերջին շրջանում արտասահմանյան տուրիստներին ներգրավելու առումով որոշ ակտիվություն նկատվում է՝ շնորհիվ տուրիստական ուղղվածություն ունեցող ընկերությունների: Մասնավորապես, Բաղդադյան եղբայրների հիմնադրած «Պասկալ եւ Դեոդատո» սրճարանը դարձել է Աշտարակ այցելող տուրիստների այցելության պարտադիր վայր, քանի որ էապես տարբերվում է «Աշտարակի ձոր»-ի ֆորմատից: Ի դեպ, Բաղդադյանների հիմնադրած «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի արտադրությունը նույնպես Աշտարակում է եւ գրավիչ կարող է լինել ճանաչողական այցելությունների տեսանկյունից: 2018-ին ընկերության հիմնած ցուցասրահ-թանգարանն է լրացնում է կոնցեպտը։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ թե՛ արտադրությանը, թե՛ շոկոլադի համին, թե՛ նախապատմությանը։ Տարածաշրջանում կան հարյուրավոր հեկտարներ զբաղեցնող այգիներ, որոնց միրգը ոչ միայն վաճառվում է թարմ վիճակում, այլեւ հումք հանդիսանում մի քանի խոշոր եւ միջին պահածոների գործարանների համար: «Թամարա ֆրութ»-ը լավագույն օրինակներից է: Փարպի, Կարբի, Օհանավան, Սաղմոսավանք հատվածում գտնվող այգիները խթանել են նաեւ չրագործությունը: «Ագրոլոգ» ընկերության հիմնադրած Աշտարակի կենտրոնը չրագործության, չրերի պատրաստման ուսուցման եւ տուրիստական փաթեթներ համակցության լավագույն օրինակն է Հայաստանում: 30.08.2017 | 10:11 Օրգանական արտադրանքը՝ ընդդեմ «մթերային աղետ»-ի Մեկ այլ օրինակ է Բյուրական համայնքի նախկին աղբավայրի տարածքում հիմնադրված, այժմ ագրոտուրիզմի վայր դարձած «Չրի տուն» ձեռնարկությունը, որտեղ գործում է չրի արտադրամաս, օրգանական ելակի ջերմոց, ինտենսիվ այգի, հյուրերի ընդունման տաղավար: 02.08.2019 | 10:00 Օրգանական ելակն ու ընտանեկան բիզնեսի մյուս գաղտնիքները Տարածաշրջանը նաեւ հայտնի գինեգործական կենտրոն է: Կրկին, մարզի գինեգործները համակցում են խաղողագործությունը, գինու արտադրությունն ու տուրիզմը՝ առաջարկելով հետաքրքիր փաթեթներ թե՛ ներքին, թե՛ արտաքին զբոսաշրջիկների համար: «Գոլդ Գրեյպ Արմաս»-ի, «Արմենիա Վայն»-ի, «Ոսկեվազի գինու գործարանի»-ի, «Վան Արդի»-ի ջանքերով ոչ միայն բարձրացել է հայկական գինու որակն ու ավելացել տեսականին, այլեւ գրավիչ են դարձել այցելությունները խաղողի այգիներ եւ արտադրություններ՝ պարբերաբար կազմակերպվող համերգների եւ այլ միջոցառումների շնորհիվ: Առաջին քայլեն արդեն արվում են։ «Ոսկեհատ» անունը ստացած գինու փառատոնը, որն առաջին անգամ անցկացվեց սեպտեմբերի 7-ին Աշտարակ քաղաքում, նպատակ ուներ բացահայտելու տարածաշրջանի գինեգործական ավանդույթներն ու տարածելու գինու մշակույթը։ 09.09.2019 | 09:51 «Ոսկեհատ» փառատոնը՝ մասնակիցների աչքերով Ալպիական ԱպարանԱպարան քաղաքը, գտնվելով Երեւանից 50 կմ հեռավորության վրա, իդեալական վայր է քաղաքից դուրս առաջին կանգառն անելու համար: Այդ հնարավորությունից էլ օգտվել է «Գնթունիք»-ը. ահա թե որն է նրա հաջողության գաղտնիքներից ամենակարեւորը: Վեջին ժամանակներում Հայաստանի տարբեր ճանապարհներին հայտնվում են նմանատիպ առեւտրային կենտրոններ, սակայն բոլորն ասոցացվում են հենց «Գնթունիք»-ի հետ: Նույնիսկ Ապարանի փոխարեն ճանապարհորդներն օգտագործում են Գնթունիք բառը: Ահա թե ինչ կարող է անել բիզնեսը, երբ այն հայտնվում է ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին: Ապարանի տարածաշրջանի բարձրադիր ալպիական գոտիները, ջրամբարը, մաքուր օդը հիմք են հանդիսանում անասնապահության համար: Մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների մի քանի խոշոր, միջին եւ հարյուրավոր փոքր ֆերմաներ կան, որոնք ապահովում են մարզի եւ Երեւանի բնակչության մսի պահանջարկը: Մարզում գործում են նաեւ կաթնամթերք արտադրող մի քանի գործարաններ («Ապարան գրուպ», «Ապարանի պանրի գործարան»), որոնց արտադրանքը հիմնականում սպառվում է Երեւանում: Թալին. Անցյալի եւ ապագայի սահմանագլխինԹալինի տարածաշրջանի տնտեսության մասին խոսելիս ավելի շատ կենտրոնացում լինում է անցյալի, քան ներկայի վրա: Տասնյակ արտադրություններից, խոշոր ֆերմաներից եւ ձեռնարկություններից ներկայումս գրեթե ոչինչ չի մնացել: Պատճառներից մեկն այն է, որ բնակլիմայական առումով այս տարածաշրջանն այնքան էլ գրավիչ չէ: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության կրթական բարձր մակարդակը, մշակութային ժառանգությունը եւ ձեռնարկատիրական ունակությունները՝ հնարավոր է ուղիներ գտնել՝ տարածաշրջանի տնտեսությունը կտրուկ զարգացնելու համար: «Բարվա» ինովացիոն կենտրոնն ինժեներական հատուկ լուծումների արդյունքում ստեղծել է կաթսա, որի շնորհիվ բիոզանգվածից (գյուղատնտեսական թափոններ, չորացած տերեւներ, խոտ) հնարավոր է ավելի էժան եւ էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալ։ Սա մեծ պահանջարկ կունենա Հայաստանում ջերմոցային տնտեսություններ վարողների շրջանում՝ բնական գազին այլընտրանք լինելու տեսանկյունից։ 07.11.2018 | 11:00 Բիոէներգիան՝ բնական գազին մատչելի այլընտրանք Թալինը լրջագույն պոտենցիալ ունի արեւային էներգետիկայի զարգացման տեսանկյունից: Արդեն գործում է «Թալին-1» 1 ՄՎտ հզորությամբ կայանը: Սա առաջին քայլն է, որը կարող է եւ պետք է զարգանա: Ներդրումային անսահմանափակ հնարավորություններՄարզի տնտեսական ահռելի հնարավորություններից միայն մի փոքրիկ մասն է ներկայում օգտագործվում: Թալինի վերոնշյալ բնակլիմայական «ոչ բարենպաստ» պայմաններն են, որ հիմք են հանդիսանում տարածաշրջանը Հայաստանում արեւային էներգետիկայի առաջատարներից մեկը դարձնելու համար:Ավելին, այս տարածաշրջանում զարկ կարելի է տալ ջերմոցային տնտեսությունների կառուցմանը եւ շահագործմանը՝ հաշվի առնելով նախալեռնային գոտիներում ձմեռային ամիսներին արեւային օրերի քանակը եւ ամառային ամիսների համեմատաբար զով եղանակը: Մարզը կարող է ունենալ առնվազն 2 ձմեռային սպորտաձեւերի կենտրոն՝ Արա լեռան եւ Արագած լեռան ստորոտում: Աշխարհում գնալով մեծանում է ձմեռային հանգստի պահանջարկը եւ Հայաստանն ու մասնավորապես՝ Արագածոտի մարզը կարող են բավարարել այդ պահանջարկի մի մասը: Իհարկե, խոշոր ներդրումներ են պահանջվում, սակայն, դրանք շատ արագ կարող են եկամուտներ ապահովել: Երեւանին մոտ գտնվելը պետք է դարձնել առավելություն՝ ժամանցային մեծ կենտրոնների հիմնադրման միջոցով: Օրինակ, ազգային մեծ շոուներ, մշտապես գործող տոնավաճառներ, պատմամշակութային կենտրոններ: Օրինակներ աշխարհում շատ կան, որոնք կարելի է ադապտացնել տեղական պայմաններին: Վերամշակող ձեռնարկությունների թիվը (պահածոների եւ խմիչքների գործարաններ) կարելի է ավելացնել՝ նեղ թիրախային ապրանքներ արտադրելով: Մրգային օղիները, սպեցիֆիկ պահածոները, բարձր որակի չրերը դրա լավագույն օրինակն են: Մի քանի միջին չափերի տեքստիլ կամ այլ արտադրություններ կարելի է հիմնադրել Թալինում եւ Ապարանում՝ քաղաքային բնակչության զբաղվածությունն ապահովելու նպատակով: Դեռ լիովին չի օգտագործվում Բյուրականի աստղադիտարանի առկայության հնարավորությունը: Այն կարող է դառնալ տուրիստական կենտրոն՝ ապահովելով մեծ թվով զբոսաշրջիկների հոսք դեպի բնակավայր: Որպես ամփոփում, Արագածոտնի մարզն արտադրության, այգեգործության եւ տուրիզմի հիանալի կոմբինացիա է, որի նմանը Հայաստանում չկա: Մարզը կարող է դառնալ տուրիզմի ուղղությունների բազմազանություն ապահովող առաջատարը Հայաստանում: Հնագիտական, գաստրոնոմիկ, գինեգործական, կրոնական-մշակութային-պատմական, ագրո, արշավային, լեռնագնացային, ձմեռային եւ էթնիկ տուրիզմի ուղղություններն ընդամենը մի քանիսն են, որոնց հիմքերն արդեն դրված են, սակայն դեռ բավարար չեն: Որպես հետեւանք էլ կառաջանա նոր հյուրանոցների, հյուրատների, հոսթելների, ինչպես նաեւ հանրային սննդի կետերի ստեղծման անհրաժեշտություն: Սամվել Գեւորգյանը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակը, մի քանի բիզնեսների հիմնադիր: ՇարունակելիՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. ՍյունիքՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. ԼոռիՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. ՇիրակՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. ԳեղարքունիքՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. Տավուշ Tweet Դիտում՝ 8550