Օրգանական ելակն ու ընտանեկան բիզնեսի մյուս գաղտնիքները

02.08.2019 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Չրի տուն #Ծովիկ Օհանյան #օրգանական ելակ
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի՝ աղբավայրի վերածված տարածքը 26 տարի առաջ դարձավ այգի: «Բյուր-Ակն» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Ծովիկ Օհանյանը Banks.am-ին պատմում է, որ ամուսնու հետ միասին յուրաքանչյուր սանտիմետրը մաքրել են, մշակել ու պտղատու ծառեր տնկել: Նախկին աղբավայրի տարածքն այժմ ագրոտուրիզմի վայր է, որտեղ գործում է չրի արտադրամաս, օրգանական ելակի ջերմոց, ինտենսիվ այգի, հյուրերի ընդունման տաղավար:

«Չրի տուն»/Chir's House

Ծառաշատ բակի մի հատվածում չրանոցն է: «Չրի տանն» (Chir's House) աշխատում են ընտանիքի անդամները, իսկ գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում աշխատանքին միանում է շուրջ 30 համագյուղացի:

Բակում բազմաթիվ պտղատու ծառեր կան, բայց դրանց բերքը ընտանիքը պահում է զբոսաշրջիկների համար: Տիկին Ծովիկն ասում է՝ այն պահին, երբ հյուրը ոտք է դնում բակ, կարող է օգտվել բոլոր բարիքներից: Իսկ բարիքներն այստեղ շատ են՝ ծառերի ճյուղերից կախված, արեւի տակ չորացող մրգեր, սուջուխ, թեյեր ու տանտիրուհու պատրաստած հայկական ավանդական ուտեստներ:


Չրանոցում բոլոր «հաշվարկների» հեղինակը տիկին Ծովիկի տղան է: Հաշվարկված է ամեն ինչ, նաեւ այն, թե ինչպես պետք է արեւի ճառագայթներն ընկնեն մրգերի վրա: Չրերից ներքեւ օբսիդիան քարեր են լցված, որոնք ջերմություն են ապահովում ու նպաստում օդափոխությանը:


«Չրի տանը» պատրաստվող արտադրանքի համար անհրաժեշտ մրգերը մթերվում են համագյուղացիներից:

«Գյուղում կա իրացման խնդիր: Բերքը քիչ քանակի է, շուկա հասցնելուց հետո որակազրկվում է, դրան գումարվում է ճանապարհածախսն, ու գյուղացին եկամուտ չի ունենում: Մենք ընդունում ենք ցանկացած քանակի միրգ՝ մեկ կիլոգրամից սկսած: Բոլոր համագյուղացիները գիտեն, որ միշտ պատրաստ ենք վերցնել իրենց բերքը: Կեռասի մթերման շրջանը նոր է ավարտել: Այն մթերեցինք գյուղացիներից, հետո բաժանեցինք ընտանիքներին, որ իրենց տներում կորիզահանեն ու վերադարձնեն: Նաեւ առաջարկում ենք բերքը մթերման բերել արդեն կորիզահանված»,- ասում է Ծովիկ Օհանյանը:

Ծովիկ Օհանյանը

Մեկ տարվա ընթացքում «Չրի տունն» ունենում է 5-10 տոննա արտադրանք: Այն հիմնականում սպառվում է հայկական շուկայում, կարելի է գտնել տարբեր սուպերմարկետներում, նաեւ գնում են հյուր եկած զբոսաշրջիկները:

Չրերի փաթեթավորմամբ եւս ընտանիքի անդամներն են զբաղվում, իսկ փաթեթավորման համար օգտագործվող փոքրիկ արկղերը պատրաստում են համագյուղացիները:


Երազանքի սուջուխներ ու թեյերի փնջեր

Չրի արտադրամասում կախված են քաղցր սուջուխներ: Առաջին հայացքից՝ ամենասովորական: Իրականում, սակայն, դրանք մի փոքր տարբերվում են ավանդական ընկույզով սուջուխներից: Տիկին Ծովիկը դրանք անվանում է «երազանքի» սուջուխներ:


Նա առաջարկում է ուտելուց առաջ երազանք պահել, հետո ինքնուրույն բացահայտել, թե այս սուջուխներն ինչով են տարբերվում մյուսներից. առաջին ու ակնհայտ տարբերությունն այն է, որ ընկույզի փոխարեն տարբեր չրեր են, տիկին Ծովիկը նաեւ հուշում է, որ դրանք իրենց արտադրած չրերի օշարակով են պատրաստվում:

Չրերի կողքին դրված են թեյերի փաթեթները՝ վարդի թերթերի, սեւ հաղարջի, ելակի, ուրցի փնջեր: Սա նոր արտադրանք է, շուկայում դեռ չի հայտնվել:


Օրգանական ելակ

Ծովիկ Օհանյանը բացում է փոքրիկ տուփը, որի դարակներում իրենց արտադրանք է, կենտրոնում ելակի չիր է լցված: Այն միաժամանակ քաղցր ու մի փոքր թթու համ ունի:

Տիկին Ծովիկը պատմում է, որ ելակի ջերմոցը հիմնվել է երեք տարի առաջ՝ «Գյուղերի զարգացման ծրագրի հետ» համատեղ, որը նպաստում է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:


«Օրգանական պտուղ աճեցնելը բավական բարդ է, վճարումներ են կատարվում տարվա սերտիֆիկատի համար, հողը, կենսահումուսը, պարարտացումն ու բուժումներն արվում են հատուկ մասնագետների հետ, արտադրանքի ինքնարժեքը դրա արդյունքում բարձրանում է: Արդեն երեք տարի է՝ վճարումներն անում ենք, աշնանը կստանան սերտիֆիկատ»,- ասում է նա:  

Օրգանական ելակները վաճառվում են տեղական շուկայում, եթե պահանջարկ լինում է, բայց ավելի հաճախ դրանք վերածվում են չրի:


Գարնանը ելակի մեկ կիլոգրամ չրի համար անհրաժեշտ է չորացնել 15-17 կգ թարմ պտուղ, ամռանը՝ 10 կգ: Օրգանական ելակի 1 կիլոգրամն արժի 5000 դրամ, չրի մեկ կիլոգրամը՝ 70 հազար դրամ: Տիկին Ծովիկը 100 գրամ կշռող փաթեթներ է պատրաստել, գնորդի համար այդպես ավելի հարմար է:

Զբոսաշրջիկների շրջանում ելակի չրի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է: Այս չրերով հետաքրքրված է անգլիական մի սրճարան, նաեւ նմուշներ են ուղարկել Մոսկվա:

Ընտանիքը՝ նաեւ աշխատանքային թիմ

Տիկին Ծովիկը, որն այս տարի արժանացել է «Գյուղմթերքի կին հերոս» արտադրող մրցանակի, աշխատանքային թիմից գոհ է: Նոր գաղափարները հիմնականում երեխաներն են առաջարկում՝ երկու աղջիկներն ու տղան, որոնք գյուղատնտեսական կրթություն ստացել են Հայաստանում, ապա որակավորում ստացել արտերկրում:

Երեխաներն արտասահմանում աշխատելու առաջարկներ են ստացել, բայց նախընտրել են մնալ այստեղ ու աշխարհի տարբեր երկրների լավագույն փորձը տեղափոխել Հայաստան:


Ընտանիքը պլանավորում է մեծացնել չրանոցն ու ելակի ջերմոցում հարկադարակներ ավելացնել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տարեկան 10 տոննա ելակ աճեցնել:

Ընտանիքի անդամներն իրենց գիտելիքներն ու փորձն ուրախությամբ փոխանցում են այլոց. «Չրի տանը» չրերի, սուջուխի, հայկական կերակուրների պատրաստման վարպետության դասեր են կազմակերպում:

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 11240
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW