«Ոսկեհատ» փառատոնը՝ մասնակիցների աչքերով

09.09.2019 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ոսկեհատ #գինի #փառատոն
Սեպտեմբերի 7-ին Աշտարակ քաղաքում առաջին անգամ անցկացվեց «Ոսկեհատ» գինու փառատոնը, որին մասնակցում էին 26 տարբեր գինեգործարաններ, տնայնագործներ, ձեռագործ վարպետներ եւ տեղական այլ արտադրողներ։ Banks.am-ի թղթակիցը ներկա է եղել միջոցառմանը եւ խոսել մասնակիցների ու հյուրերի հետ։

Զբոսաշրջության խթանումը մարզերում

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը նշել է, որ փառատոների միջոցով փառաբանվում է գինին, որ բնորոշ է տվյալ տարածաշրջանին։

«Արժեւորելով տվյալ խաղողի տեսակը՝ ներկայացնում ենք մեր գինեգործությունն աշխարհին։ Համոզված եմ՝ շատերին է հետաքրքիր, թե Հայաստանը գինու ինչ պատմություն եւ մշակույթ ունի, եւ այդ առումով կարողանում ենք ներգրավել զբոսաշրջիկների, ներկայացնել մեր ունեցածն  ու պոտենցիալը»,- ասել է նա։

Սուսաննա Սաֆարյանը

Սուսաննա Սաֆարյանը կարեւորել է մարզերում այլընտրանքային ծառայությունների ստեղծումն ինչպես տվյալ տարածաշրջանի մարդկանց կյանքն ակտիվացնելու, այնպես էլ դեպի տարածաշրջան զբոսաշրջիկների հոսք ուղղելու համար։


«Եթե շրջեք տաղավարների մոտով, կնկատեք, որ մեծամասամբ տեղական  արտադրության գինիներ են, տեղական գինեգործներ են, անհատներ են, որ տարբեր ծրագրերի աջակցությամբ ստեղծել են իրենց բիզնեսները։ Փառատոնը ճանապարհ է՝ նրանց շուկային մոտեցնելու համար։ Համայնքն ամբողջությամբ ներգրավված է»,-մանրամասնել է նա։


Տնայնագործականը՝ գործարանային արտադրանքի կողքին

Բյուրականի բնակիչ Արթուր Մնացականյանը, որը 30 տարի է՝ զբաղվում է գինեգործությամբ, նշել է՝ ՄԱԿ-ի Զարգացան ծրագրի (ՄԱԶԾ) օգնությամբ կատարելագործել է իր բիզնեսն ու ավելի որակյալ գինիներ պատրաստելու հնարավորություն ստացել։

««Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում ստացել ենք գինեգործության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները եւ պատրաստել ենք գինիներ, որոնք համապատասխանում ենք եվրոպացիների քիմքին։ Այսօր փառատոնի հյուրերին առաջարկում ենք կարմիր եւ սպիտակ տնայնագործ գինիներ։ Կարծում եմ, որ տնայնագործ գինիների գլխավոր առավելությունն այն է, որ որեւէ հավելում չի պարունակում՝ պահպանման ժամկետի երկարացման համար։ Պատրաստվում է քիչ քանակով եւ արագ սպառվում»,- պատմել է նա։

Արթուր Մնացականյանը

Դիտարկում զբոսաշրջիկից

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Դանիկան արդեն հասցրել է Հայաստանում գինու տուրերի մասնակցել։ «Ոսկեհատ» գինու փառատոնի մասին լսել էր ծանոթներից ու Աշտարակ եկել։

«Մի բան եմ նկատել Հայաստանում։ Այստեղ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում, բայց շատ դժվար է դրանք գտնել։ Չկա մեկ կենտրոնացված տեղեկատվության աղբյուր, օրինակ` թերթի համապատասխան էջ, որտեղ դու կարող ես գտնել բոլոր միջոցառումները, սպասելու փոխարեն, որ օրինակ՝ ընկերոջդ ընկերը քեզ պատմի։ Հրաշալի կլիներ իմանալ՝ որտեղ կարելի է գտնել բոլոր միջոցառումները միանգամից, որովհետեւ եթե դու չունես ընկեր, որ տեղյակ է միջոցառումից, դու եւս անտեղյակ ես մնում»,- պատմել է ամերիկացի զբոսաշրջիկը։

Դանիկան՝ ԱՄՆ-ից, Ջոնը՝ Շոտլանդիայից

Փառատոնի կամավոր Գայանե Հովհաննիսյանը նշել է, որ միջոցառման մեկնարկից սկսած՝ հյուրերի մեծ հոսք է նկատվել, իսկ երեկոյան մարդկանց հոսքն այնքան է շատացել, որ երբեմն չէինք հասցնում բաժակները տեղավորել։ Նրա խոսքով՝ օտարերկրացի այցելուների մեծ մասը ռուս զբոսաշրջիկներ էին։

Փառատոնին մասնակցելու համար այցելուները գնում էին 3500 դրամ արժողությամբ գինու գավաթ եւ հնարավորություն ստանում խմելու անսահմանափակ քանակությամբ գինի։ Գավաթն անվնաս հանձնելու դեպքում գումարն ամբողջապես վերադարձվում էր։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 3947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW