Մաքուր օդ, շռայլ բնություն, առողջ սնունդ, համեղ բերք ու բարիք. Շնողի Մեծ Ուրթատեղ սարում գործող «Կայծոնից-Կայծոն» հանգստի գոտին առաջարկում է այն ամենը, ինչը կարող է հետաքրքրել բնության գրկում հանգստի սիրահարներին: Banks.am-ը պարզել է նորաստեղծ բիզնեսի ստեղծման եւ զարգացման մանրամասները: Գյուղական տուրիզմի զարգացում«Կայծոնից-Կայծոն» հանգստի գոտին «Աջակցություն Շնողին» հասարակական կազմակերպության սոցիալական ձեռնարկատիրությունն է։ Կազմակերպությունը ստեղծվել է գյուղի կյանքում դրական փոփոխություններ կատարելու եւ գյուղացիներին սոցիալապես աջակցելու նպատակով, իսկ սարում հյուրատուն ունենալը կօգնի, որ եկվորներն օգտվեն գյուղացիների պատրաստած մթերքից, այլ ծառայություններից, հետեւեն սարվորների առօրյային։ Այս կերպ նաեւ գյուղական տուրիզմը կզարգացնեն։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Շնողի սարեր հաճախ էինք բարձրանում ու գիշերում։ Մտածում էինք, որ սա մի տեղ է, որտեղ կարող ենք միշտ գալ, մնալ, բայց ստիպված էինք լինում ծանոթ-բարեկամ սարվորների կացարաններում գիշերել։ Մի քանի ընկերներով որոշեցինք փոքրիկ տուն, կայան ունենալ այստեղ, այնուհետ առաջացավ հյուրատան եւ հանգստի գոտու գաղափարը։ Սկսեցինք դրամաշնորհներ փնտրել։ Հաջողեցինք ու կարողացանք «Հայաստան երիտասարդական հիմնադրամ»-ից 1 մլն դրամի չափով դրամաշնորհ ստանալ։ Գումարը թեեւ քիչ էր, բայց սկսեցինք աշխատանքները»,- պատմում է Մարի Թամազյանը, որը Շնողի դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ է եւ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ի անդամ։Անցած տարի հանգստի գոտին մեծ թվով հյուրեր է ունեցել: Նախնական փուլում, հետաքրքրություն առաջացնելու նպատակով, ծառայություններն անվճար են եղել, սակայն ներկայում որոշակի գումարներ են սահմանված: Ստացված եկամուտներով գյուղում այլ սոցիալական ծրագրեր են իրականացվում:Ի՞նչ անել«Կայծոն» կայանը 25-30 մարդու հյուրընկալելու հնարավորություն ունի, բայց տնակում ընդամենը 4 մահճակալ կա։ Առավել համարձակները գիշերը կարող են անցկացնել վրաններում ու քնապարկերում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Շնող գյուղից Կայծոն հասնելը 40 րոպեի ճանապարհ է։ Եթե եղանակն անձրեւային չէ, ապա բոլոր տեսակի մեքենաները կարող են բարձրանալ սարի ճանապարհով։Կայծոնի այցելուները կարող են քայլարշավի ու ձիարշավի գնալ, զբաղվել խոտաբույսերի հավաքչությամբ, տեսնել, թե ինչպես են, օրինակ, կով կթում, մածուն ու պանիր պատրաստում, ցանկության դեպքում՝ նաեւ մասնակցել այդ ամենին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Քայլարշավային մի քանի երթուղի կա, նաեւ այնպիսի վայրեր, որոնք հատկապես դրսից եկածների համար հետաքրքիր կլինեն։ Հովվի ջրվեժն է գեղեցիկ, Վարա լիճը, որն իրականում փոքր աղբյուր է։ Այն առանձնահատուկ է ջրի սառնությամբ, տեղացիները գրազ են գալիս, թե ով որքան երկար կարող է ձեռքը պահել ջրում։ Շրջակայքում Կիկլոպյան բերդ անվամբ տարածք կա, որի հետ կապված լեգենդն ենք փորձում գտնել, ուսումնասիրել։ Այստեղի սարերի ու դրանց անունների վերաբերյալ տարբեր ավանդազրույցներ էլ կան։ Դեռ 1950-ականներին պատմաբան Վարշամ Ավետյանի գլխավորությամբ այստեղ արշավախմբեր են եկել, Ղարաքոթուկ սարում դամբարաններ, կահ-կարասի են հայտնաբերել։ Այսինքն, հազարամյակներ առաջ էլ այստեղ բնակատեղի է եղել։ Այդ ինֆորմացիան նույնպես կմշակենք ու կներկայացնենք մեր այցելուներին»,- անելիքներն է թվարկում Մարին ու որպես հերթական առավելություն նշում երեկոյան ժամին Կայծոնից երեւացող Թբիլիսին։ Գներ «Կայծոնից-Կայծոն» հանգստի գոտում գիշերակացով մեկ օր անցկացնելն արժե 15 000 դրամ, առանց գիշերակացի՝ 10 000։ Ի դեպ, գինն անփոփոխ է՝ անկախ նրանից, թե քանի մարդ կա խմբում: Երկու վրանի եւ քնապարկերի համար էլ հարկավոր է 10 000 դրամ ունենալ։ Իսկ եթե սեփական մեքենայով չես, ապա գյուղից տեղափոխումը եւս 10 000 դրամ է պահանջում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հանգստյան օրերին Կայծոն եկողները կարող են օգտվել նաեւ գիդի ծառայություններից՝ վճարելով 5 000 դրամ։ Հանգստի գոտին այցելուներին կարող է նաեւ սննդով ապահովել, սակայն փորձը ցույց է տալիս, որ այցելուները հիմնականում սննդի իրենց պաշարով են գալիս։ Ապագայի ծրագրեր«Աջակցություն Շնողին» ՀԿ անդամները մտադիր են այցելուներին Կայծոն տանել նաեւ քայլարշավով։ Ճանապարհին մի հատված կա՝ Ջրվեժների կիրճ անունով։ Այստեղով էլ նախատեսվում է կառուցել քայլարշավային ճանապարհը։ «Շուրջբոլորը բնություն է, տարբեր բույսեր կան, եղեւնիների տեսակներ։ Մարդկային ձեռքը չի հասել այնտեղ։ Եթե ներդրումներ լինեն, շատ բան կարող ենք անել։ Ճոճվող կամուրջներ կկառուցենք, ճոպանով, պարաններով բարձրանալու տարբերակներ կլինեն, ժայռերի մեջ ամրացված բռնակներ կլինեն, այսինքն՝ արահետ կսարքվի, որպեսզի ամեն ցանկացող կարողանա գնալ։ Բացի այդ, ձմեռային տուրիզմի զարգացման հեռանկարներ էլ կան։ Դահուկ քշելու համար շատերը սար կբարձրանան»,- վստահ է Մարին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Սարերի թեյը Կայծոնից բացի, նախագծի հեղինակներն այլ անելիքներ ունեն, մասնավորապես՝ թեյի արտադրությամբ զբաղվելը։ Այս գործը, ինչպես հանգստի գոտու հետ կապված մյուս աշխատանքները, Մարի Թամազյանն ու Լուսինե Ներկարարյանը միասին են անում։ Լուսինե Ներկարարյանն ու Մարի Թամազյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սարից ուրց, դաղձ, ավելուկ եւ էլի շատ դեղաբույսեր են հավաքում, չորացնում, այնուհետ տարբեր բույսերի խառնուրդներով դրանց համային համատեղելիությունը փորձարկում։ Որոշել են՝ Շնողի դեղաբույսերը շուկա հանել «Լեռանե» անվամբ։ Պատմական ակնարկՇնողի պատմությունը սերտորեն առնչվում է միջնադարյան Կայծոն ամրոցի հետ, որը գյուղի տարածքում է։ Սարում գտնվող հանգստի գոտին էլ «Կայծոնից-Կայծոն» են կոչել՝ նկատի ունենալով գյուղից դեպի սար տանող երթուղին: Լուսանկարը՝ Մեդիամաքս Տաթեւիկ Ճուղուրյան (Ալավերդի)Լուսանկարները՝ Արմեն Հովսեփյանի Tweet Դիտում՝ 8660