Երեւան: Մեդիամաքս: 2011թ. հունվար-օգոստոս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2036,1 հազար տոննա, ինչը 4,3%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունում, 2011թ. ութ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 7,6%-ով գերազանցել է բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /1893,1 հազար տոննա/: Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 274,8 հազար տոննա, ինչը 27,1%-ով գերազանցել է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2011թ. ութ ամիսների ընթացքում տեղափոխվել է 836,7 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 11,9%-ով պակաս է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:Տեղական հաղորդակցությունում 2011թ. հունվար-օգոստոսին փոխադրվել է 924,6 հազար տոննա բեռ, ինչը 17,6%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:«Եթե երկու տարի առաջ երկաթուղային բեռնափոխադրումների բաժինը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում կազմում էր 22%, ապա այժմ այն հասել է 35%-ի: Նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս ապահովել մատուցվող ծառայությունների նոր որակը, ներգրավել բեռների նոր ծավալներ, բարձրացնել երկաթուղային փոխադրումների մրցունակությունը ավտոմոբիլայինի հետ համեմատ»,- հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը: Tweet Դիտում՝ 4249