Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը այսօր հերքել է սղաճի անխուսափելի աճի մասին կանխատեսումները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր “2010թ. ԿԲ դրամավարկային քաղաքականությունը” սեմինարի ընթացքում Արթուր Ստեփանյանը հայտարարել է, որ “փետրվարին տարեկան կտրվածքով արձանագրված 9,4% սղաճը ամենաբարձր ցուցանիշն է լինելու”: Նրա խոսքերով, ընթացիկ եւ հաջորդ ամիսների արդյունքներով սղաճը ավելի ցածր է լինելու նախորդ տարվա նույն ցուցանիշներից, նույնիսկ ապրիլին սպասվող գազի սակագների թանկացման պայմաններում: Նա նշել է, որ ԿԲ գնահատմամբ, մայիսին սղաճը տարեկան կտրվածքով կկազմի 7-8%: “Սղաճի ընթացիկ տարվա թիրախային մակարդակը կազմում է 7,4% (հաշվի չառնելով ԿԲ գործունեությունն ու համաշխարհային շուկայի հնարավոր զարգացումները), սակայն ԿԲ-ն գերնպատակ չունի տարվա վերջում անպայման հասնել նախանշված մակարդակին, քանի որ մենք հասկանում ենք, որ տնտեսությունը վերականգնվում է, եւ սխալ կլիներ կտրուկ քայլերի միջոցով հասնել սղաճի թիրախային մակարդակին` դրանով իսկ խոչընդոտելով տնտեսության աճին”,- ասել է Արթուր Ստեփանյանը: Նա ընդգծել է, որ նախորդ տարվա պես, այս տարի եւս ԿԲ-ն հավասարակշռելու է տնտեսության աճն ու սղաճը, քանի որ գիտակցում է, որ “սղաճի հարաբերականորեն կայուն ցուցանիշը զգալիորեն նպաստում է կայուն տնտեսական աճին”: Tweet Դիտում՝ 12470