Raiffeisen-ը՝ աննախադեպ իրավիճակում․ ՌԴ-ում գործարար ակտիվությունը կկրճատվի

30.03.2023 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Raiffeisen #RBI #Ռուսաստան
Ավստրիական Raiffeisen Bank International-ը (RBI) հայտնվել է աննախադեպ իրավիճակում, ռուսաստանյան ակտիվները կարող են վաճառվել կամ դուրս բերվել RBI խմբի կազմից, ընկերության գործարար ակտիվությունը Ռուսաստանում կկրճատվի։

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է կազմակերպության ղեկավար Յոհան Շտրոբլը, նմանատիպ հայտարարություն է հրապարակել նաեւ բանկի մամուլի ծառայությունը։

Գործարար ակտիվության կրճատումը կարտահայտվի Ռուսաստանում վարկավորման ծավալի եւ արտարժույթով գործարքների ընդհանուր ծավալի կրճատումներով, ինչը կհանգեցնի RBI-ի վճարային բիզնեսի նվազմանը: Որոշ բանկային գործառնություններ Ռուսաստանում կմնան համաձայն բանկային լիցենզիաների, բանկի գործարար ակտիվության անկումից տուժածներին եւ այլ հաճախորդներին աջակցություն կտրամադրվի:

«Ռուսաստանում բիզնեսի համար շուկայական պայմանները շատ բարդ են։ Երկրում բիզնեսի վաճառքը կարգավորող տեղական եւ միջազգային օրենքներն ու կանոնակարգերը ենթարկվում են մշտական փոփոխությունների»,- նշել են Raiffeisen Bank-ում:



RBI-ի ռուսաստանյան ակտիվների ներքո աշխատում է ավելի քան 9 հազար մարդ, ընկերությունը հասկանում է իր աշխատակիցների մասին հոգ տանելու պատասխանատվությունը, ասված է հաղորդագրության մեջ։

Անցած ամիս ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պահանջել էր Raiffeisen Bank-ից «պարզաբանել վճարային բիզնեսը եւ դրա հետ կապված գործընթացները», որոնք աջակցություն են ստանում բանկի կողմից՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կապված վերջին զարգացումների լույսի ներքո: Reuters-ի փորձագետները նշել էին, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կանոնավոր կերպով է նման ստուգումներ անցկացնում, եւ դրանք ինքնին չեն նշանակում տուգանքների ավտոմատ սահմանում։ Անհանգստության համար պատճառ չտեսան նաեւ Ավստրիայի կառավարությունում։

Մարտի վերջին Եվրոպական կենտրոնական բանկը ուժեղացրեց ճնշումը Raiffeisen Bank-ի վրա ՌԴ շուկայից դուրս գալու առումով, հայտնել էին Reuters-ի աղբյուրները։ Ըստ նրանց՝ ԵՄ կարգավորիչը չի պահանջել անհապաղ դադարեցնել բիզնեսը, սակայն խնդրել է ներկայացնել շուկայից հեռանալու ծրագիրը։ Գործակալության կողմից հարցված ավստրիացի պաշտոնյաները ԵԿԲ-ի գործողությունները որակել էին որպես միջամտություն, իսկ բանկում վստահեցրել էին, որ այլ տարբերակների թվում ուսումնասիրում են նաեւ «մանրակրկիտ վերահսկվող դուրս գալու» հնարավորությունը։



Միաժամանակ, վերջերս Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը Raiffeisen բանկային խումբը ներառել էր «պատերազմի միջազգային հովանավորների» ցանկում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բանկը շարունակում է աշխատել Ռուսաստանում։
Դիտում՝ 10938
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW