Bloomberg. Credit Suisse-ի պարտատոմսերի սեփականատերերը $17 միլիարդ կկորցնեն

20.03.2023 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Credit Suisse #AT1 #պարտատոմսեր
Credit Suisse-ի պարտատոմսերի սեփականատերերը «պատմական կորուստներ» կունենան բանկի ավելի խոշոր մրցակցի՝ UBS-ի կողմից կլանման արդյունքում, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

UBS-ը եւ Credit Suisse-ը միաձուլման մասին պայմանավորվել էին մարտի 19-ին։ Գործարքի ընթացքում Credit Suisse-ը գնահատվել էր 3 միլիարդ շվեյցարական ֆրանկ ($3,2 միլիարդ): Շվեյցարիայի իշխանությունները համաձայնեցին աջակցել միավորվող բանկերին, սակայն դրա պայմաններից մեկը Credit Suisse-ի առաջին մակարդակի լրացուցիչ բոլոր պարտատոմսերի (Additional Tier 1) անվանական արժեքի ամբողջական դուրսգրումն էր՝ մոտ 16 միլիարդ շվեյցարական ֆրանկ ($17,3 միլիարդ):

Սա եվրոպական շուկայի համար AT1 պարտավորությունների խոշորագույն դուրսգրում է, նշում է Bloomberg-ը։ Մինչ այդ շուկայում ընդամենը մեկ դեպք է եղել այդ տեսակի արժեթղթերով՝ 2017 թվականին դուրս էր գրվել €1,35 միլիարդի ($1,44 միլիարդ) պարտք, որը տնօրինում էին իսպանական Banco Popular բանկի AT1 պարտատոմսերի գնորդները․ վերջինս €1-ով գնվել էր Banco Santander-ի կողմից՝ փլուզումից խուսափելու համար:

Ռիսկային, բայց բարձր եկամտաբերությամբ AT1 պարտատոմսերը հայտնվել են Եվրոպայում համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո եւ նպատակ են ունեցել մեղմել վնասը բանկերի ձախողման դեպքում: Դրանք կորուստները տեղափոխում են պարտատոմսերի սեփականատերերի վրա, եթե բանկի կապիտալի գործակիցն իջնում է որոշակի մակարդակից ցածր, որպեսզի պահպանի հաշվեկշիռը եւ թույլ տա բանկին մնալ ջրի երեսին:



AT1 պարտատոմսերի սեփականատերերը գիտեին, որ գնում են «բարձր եկամտաբերությամբ արժեթղթեր՝ դրանց վրա ամրացված ձեռքի նռնակով», ուստի շուկայի մի մասը փրկելու համար դրանք դուրս գրելու որոշումը «լիովին ճիշտ է»,- պարզաբանել է Brandywine Global Investment Management-ում պորտֆելի կառավարիչ Ջոն Մաքքլեյնը։ «Այս պարտատոմսերը ստեղծվել են նման պահերի համար: Դա նման է պարտատոմսերի աղետի դեպքում»,- ասել է նա գործակալությանը։

Ավելի վաղ ներդրողների համար շնորհանդեսում Credit Suisse-ը ենթադրում էր, որ գործարքի պատճառով առաջին հերթին վնասներ կկրեն բաժնետերերը, այլ ոչ թե AT1 պարտատոմսերի սեփականատերերը: Այդ իսկ պատճառով բանկի ամենառիսկային պարտավորությունները դուրս գրելու որոշումը՝ միաժամանակ, բաժնետերերին վճարելով $3,2 միլիարդ, առաջացրել է Credit Suisse-ի AT1 պարտատոմսերի սեփականատերերի զայրագին արձագանքը, գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ ակտիվներ կառավարող շատ ընկերություններ ունեն Credit Suisse-ի AT1 պարտատոմսերը: Դրանց թվում են Pacific Investment Management-ը, Invesco-ն, BlueBay Funds Management-ը։
Դիտում՝ 6597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW