UBS-ը գնել է Credit Suisse բանկը
20.03.2023 | 00:57 Գլխավոր էջ / Նորություններ /


RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tagblatt-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված հայտարարությունը։
«Դաշնային խորհուրդը ողջունում է UBS-ի կողմից Credit Suisse-ի ձեռքբերումը, ինչը մեծ նշանակություն ունի ոչ միայն Շվեյցարիայի, այլեւ միջազգային ֆինանսական կենտրոնի համար՝ վստահության վերականգնման տեսանկյունից»,- ասել է Բերսեն։
Նա նշել է, որ Credit Suisse-ը (CS) լավ կապիտալիզացված էր, սակայն «հաճախորդներն ու ներդրողները կորցրել են վստահությունը» բանկի նկատմամբ։ Արդյունքում իշխանությունները որոշեցին երկու բանկերին տրամադրել 100 միլիարդ շվեյցարական ֆրանկի ($108 միլիարդ) իրացվելիության երաշխիք՝ ի լրումն 50 միլիարդ ֆրանկ ($54 միլիարդ) ծավալով վարկի:
UBS-ի հայտարարության մեջ ասված է, որ գործարքը կնքվել է Credit Suisse-ի մեկ բաժնետոմսի դիմաց՝ 0,76 շվեյցարական ֆրակ պայմանով, այսինքն՝ ընդհանուր գումարը կազմել 3 միլիարդ ֆրանկ ($3,24 միլիարդ):
Շվեյցարիայի ֆինանսների նախարար Կարին Քելեր-Զուտերը տեղեկացրել է, որ երկրի կառավարությունը ստեղծել է անհրաժեշտ իրավական դաշտ CS-ին օգնություն հատկացնելու համար՝ երկրի Ազգային բանկին տրամադրելով լրացուցիչ երաշխիքներ:
Բացի այդ, իշխանությունները 9 միլիարդ շվեյցարական ֆրանկ են (մոտ $10 միլիարդ) հատկացրել UBS-ին՝ գործարքի շրջանակում բանկի կրած հնարավոր վնասները ծածկելու համար:
«Համակարգային նշանակություն ունեցող բանկի դեֆոլտն անկանխատեսելի հետեւանքներ կունենար ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ արտերկրում։ Հենց այստեղ Շվեյցարիան պետք է ստանձներ իր սահմաններից դուրս եկող պատասխանատվությունը»,- ընդգծել է ֆինանսների նախարարը:
UBS-ը եւ Credit Suisse-ը Շվեյցարիայում համակարգային նշանակություն ունեցող բանկեր են: Երկուսն էլ ավելի քան 150 տարվա պատմություն ունեն. UBS-ը հիմնադրվել է 1862 թվականին, Credit Suisse-ը՝ 1856-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: