Յունիբանկը տեղաբաշխել է անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումը

22.12.2025 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմս
Յունիբանկն ավարտել է դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը նախատեսված ժամկետից շուտ։ Ընդհանուր առմամբ դեկտեմբերին տեղաբաշխվել են 6.5 մլրդ ՀՀ դրամ եւ 9 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսեր, ինչի արդյունքում հայաստանյան արժեթղթերի շուկայում նկատվել է բարձր ակտիվություն։

Յունիբանկից հայտնել են, որ անժամկետ պարտատոմսերն առաջին անգամ էին թողարկվում Հայաստանում, եւ դրանց նման արագ տեղաբաշխումը վկայում է «հասարակության բարձր հետաքրքրության մասին նոր, երկարաժամկետ ներդրումային գործիքների նկատմամբ, ինչպես նաեւ Յունիբանկի հանդեպ առկա բարձր վստահության մասին»:

«Անժամկետ պարտատոմսերի մեր երեք թողարկումներից յուրաքանչյուրը սպառվեց հաշված օրերի ընթացքում՝ էապես գերազանցելով մեր սպասումները։ Յունիբանկի կողմից այս նոր գործիքի թողարկման մասին հայտարարությունից ընդամենը րոպեներ անց արդեն պարզ էր, որ պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը: Այս գործիքի նկատմամբ ձեւավորված բարձր պահանջարկի եւ մեծ աժիոտաժի պայմաններում բազմաթիվ հաճախորդներ պարզապես չհասցրեցին մասնակցել տեղաբաշխմանը եւ օգտվել այդ հնարավորությունից։ Մեր հաճախորդների առկա պահանջարկը բավարարելու համար, կարծում եմ, 2026 թվականի երկրորդ կիսամյակում եւս կունենանք անժամկետ պարտատոմսերի թողարկում»,– նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Մեսրոպ Հակոբյանը

Անժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը զգալիորեն գերազանցում է ավանդական պարտատոմսերինը, ինչը դրանք հատկապես գրավիչ է դարձնում երկարաժամկետ եկամուտ ակնկալող ներդրողների համար։ Դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմել է 13.75%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 8.3%։ 

Նշվում է, որ պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարվա ընթացքում, որից հետո դրամային պարտատոմսերի համար այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի, իսկ դոլարային պարտատոմսերի համար՝ SOFR տոկոսադրույքի հիման վրա: Հինգ տարվա ժամկետի ավարտին բանկը կարող է մարել պարտատոմսերն անվանական արժեքով։

«Պարտատոմսերի այս տեսակը մտածողության փոփոխություն է բերում, երբ շրջանառության ժամկետով սահմանափակված չլինելով՝ ներդրողներն ապավինելու են շուկայի իրացվելիությանը, որն այս արժեթղթերի դեպքում առավել կարեւոր է։ Պետք է արժանին մատուցել Յունիբանկին, որ բավական գրավիչ առաջարկով հանդես եկավ շուկայում, իսկ շուկան էլ պատշաճ արձագանքեց։ Այս գործիքը սպասված էր, եւ Յունիբանկի առաջարկն էլ՝ բավականին հետաքրքիր, ուստի արդյունքներն էլ երկար սպասեցնել չտվեցին: Յունիբանկն իր ուրույն հետագիծն ունի մեր ֆինանսական շուկայում եւ հաճախորդների բավականին կայուն եւ հավատարիմ բազա։ Միաժամանակ մեր շուկայի նկատմամբ ներդրողների վստահության մակարդակն է նկատելիորեն աճել վերջին տարիների ընթացքում։ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերի հաջող տեղաբաշխումն այս երկու հանգամանքների հաջող համադրման օրինակն է», – նշել է «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:

Կարեն Զաքարյանը

Յունիբանկը լինելով ֆոնդային բորսայի ամենաակտիվ եւ առաջատար մասնակիցներից մեկը՝ մինչ օրս հաջողությամբ տեղաբաշխել է պարտատոմսերի 29 թողարկում: Նոր ներդրումային գործիքը` անժամկետ պարտատոմսերը, հնարավորություն են տալիս ստանալու կանխատեսելի եւ կանոնավոր եկամուտ երկարաժամկետ հեռանկարում:

«Բազմիցս նշել եմ, որ մեր տեսլականն է զարգացնել տեղական ֆինանսական շուկան եւ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ազատ ներդրումներ են կատարում։ Յունիբանկը հաջողությամբ իրականացնում է այդ բարդ գործը՝ բացելով նոր դռներ հայ ներդրողների առաջ։ Մենք ուրախ ենք լինելու այդ փոփոխության մի մասնիկը եւ շարունակելու արդեն սկսված պատասխանատու գործը»,- ասել է ISIN - AMUNIBB2UER0 եւ ISIN - AMUNIBBM1ER9 թողարկումների մարքեթ-մեյքեր՝ Սիրիուս Կապիտալ ներդումային ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արարատ Մկրտչյանը:

Արարատ Մկրտչյանը

Նշվում է, որ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերի հանդեպ հետաքրքրություն դրսեւորել են ոչ միայն անհատ ներդրողները, այլեւ՝ ներդրումային ֆոնդերը:

«Շատ հարցերում առաջամարտիկ լինելու՝ Յունիբանկի դիրքավորումը շուկայում մեծապես պայմանավորված է բանկի գլխավոր բաժնետերերի տեսլականով, ինչպես նաեւ այդ տեսլականին համապատասխան գործելու մենեջմենթի կարողությամբ։ Յունիբանկն առաջին բանկերից էր, որն իր բաժնետոմսերը ցուցակեց բորսայում, առաջինը թողարկեց ստորադաս պարտատոմսեր եւ այժմ նաեւ առաջինը հանդես եկավ անժամկետ պարտատոմսերի հրապարակային առաջարկով։ Նոր բան փորձելուց չվախենալն ամենակարեւոր եւ առանցքային հատկանիշն է ժամանակակից բիզնես միջավայրում հաջողություններ գրանցելու համար, եւ Յունիբանկի անցած ուղին դրա վառ վկայությունն է»,- ասել է Կարեն Զաքարյանը:

Անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է www.unibank.am կայքում:
Դիտում՝ 1567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW