«MaxMonitor-ը եղել եւ մնում է Հայաստանի շուկայի առաջատարը»

15.12.2025 | 00:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Banks.am-ի հարցազրույցը Մեդիամաքս մեդիա-ընկերության մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության MaxMonitor համակարգի ղեկավար Օֆելյա Ղազարյանի հետ

- Տարին մոտենում է ավարտին եւ արդեն սկսվել է դրա ամփոփումը՝ ինչպես ոլորտային, այնպես էլ առանձին ընկերությունների տեսանկյունից: Ինչպիսի՞ն էր տարին մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության շուկայի համար:

- Չափազանցություն կլինի ասել, որ 2025 թվականը խիստ տարբերվում էր նախորդ տարիներից: 

Այնուհանդերձ, կարելի է մի քանի միտում առանձնացնել: Առաջինը՝ վերջին տարիներին շատ ընկերություններ սկսեցին մեդիայի մոնիտորինգի գործառույթը վստահել գլոբալ անվճար կամ բավական էժան հարթակներին: Թվում էր, թե դրանք կապահովեն ծառայության նույն որակն ու խորությունը, ինչ մասնագիտացված կազմակերպությունները, սակայն ժամանակը ցույց տվեց, որ իրականությունն այլ է: 

Անշուշտ, կարելի է աշխատել նաեւ այդ եղանակով, սակայն եթե ընկերության առջեւ դրված են բարդ խնդիրներ, որոնք պարբերաբար փոփոխության են ենթարկվում, պետք է դիմել մասնագիտացված կառույցների: Թեկուզ միայն այն պատճառով, որ որեւէ գլոբալ հարթակ ձեզ համար իր համակարգում փոփոխություններ չի կատարի, իսկ մենք, օրինակ, պարբերաբար առաջարկություններ ենք ստանում մեր հաճախորդներից, որոնց զգալի մասը կյանքի ենք կոչում շատ սեղմ ժամկետներում: 

Եթե նախկինում հիմնականում մեծ ընկերություններն էին կարևորություն տալիս մեդիայի մոնիտորինգին, ապա վերջին շրջանում այն սկսում է հետաքրքրել նաև միջին եւ փոքր ընկերությունների: 

Լինում են իրավիճակներ, երբ ընկերությունը, որին առաջարկում ենք մեր ծառայությունը, սկզբում կարծում է, որ մոնիտորինգային գործիքների կարիք չունի և կարող է ինքնուրույն հետևել լրատվական դաշտին՝ դիտարկելով կայքերն ու Facebook էջերը։ Սակայն մեր գործիքը օգտագործելուց ընդամենը մեկ-երկու շաբաթ անց նրանք համոզվում են դրա արդյունավետության մեջ. այն ոչ միայն ժամանակ եւ մարդկային ռեսուրսներ է խնայում, այլև ապահովում է, որ հնարավորինս քիչ տեղեկատվություն բաց թողնեն։ Ընդ որում, երբ խոսում ենք մարդկային ռեսուրսների մասին, ամենեւին ի նկատի չունենք, որ այդ աշխատանքը նախկինում «ձեռքով» կատարող աշխատակիցը պետք է կորցնի աշխատանքը: MaxMonitor-ի շնորհիվ այդ նույն աշխատակիցը կարող է ազատված ժամանակն օգտագործել ստացվող տեղեկատվության վերլուծության վրա:   

Մեկ այլ միտում է այն, որ եթե նախկինում շատ ընկերություններ ցանկանում էին, որ իրենց համար դիտարկենք «ամեն ինչ»՝ ի նկատի ունենալով բոլոր հնարավոր լրատվության աղբյուրները, այսօր շատերը ցանկանում են զտել դրանք եւ այդ հարցում ապավինում են մեր փորձառությանը: 

Օֆելյա Ղազարյանը

Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Հայաստանում գործող ավելի քան 150 լրատվական կայքերից միայն 25-30 տոկոսն է պարբերական սեփական բովանդակություն ապահովում: Ուստի որոշ հաճախորդներ ցանկանում են ստանալ միայն այդ կայքերի բովանդակությունը: Այդ առումով MaxMonitor-ը շատ ճկուն է՝ նույն բանալի-բառերը մեկ հաճախորդի համար կարող ենք դիտարկել 120 կայքերում, մյուսի համար՝ 50, մեկ այլ դեպքում՝ 10 կայքերում: 

Համակարգն ի սկզբանե այնպես ենք նախագծել, որ այն կարողանա բավարարել ինչպես փոքր բիզնեսի, այնպես էլ խոշոր կորպորացիաների կարիքները:

- Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ շուկայի մասնակիցներից մեկը 2026թ. հունվարի 1-ից դադարեցնում է ծառայություններ մատուցել:

- Դա ինչ-որ իմաստով օրինաչափ է, քանի որ դժվար է շուկայում մնալ եւ զարգանալ, եթե տարիներ շարունակ վարում ես այնպիսի գնային քաղաքականություն, որը թույլ է տալիս նոր հաճախորդներ ներգրավել, սակայն չի ապահովում անհրաժեշտ ծավալօ միջոցներ՝ ծառայությունների շարունակական զարգացումը երաշխավորելու համար: Մեր մոտեցումը այլ է. մենք էլ, բնականաբար, ձգտում ենք նոր հաճախորդներ ունենալ, սակայն դա երբեք ինքնանպատակ չէ: Հաճախորդին ներգրավելով՝ պարտավորվում ես բարձրակարգ եւ անխափան ծառայություն մատուցել, ինչը պարզապես հնարավոր չէ չափազանց ցածր արժեքի դեպքում:

Այնուհանդերձ, մենք կարծում ենք, որ մրցակիցների առկայությունը լավ է շուկայի համար, քանի որ յուրաքանչյուրը կարողանում է ի ցույց դնել իր մրցակցային առավելությունները:  
 
- Եվ որո՞նք են MaxMonitor-ի առավելությունները:

- Ամենաէականը, թերեւս, այն է, որ MaxMonitor-ը Մեդիամաքս մեդիա-ընկերության մաս է կազմում, որի առաջնային ուղղությունը սեփական բարձրորակ բովանդակության ստեղծումն է: Լրագրողական միջավայրում «եփվելով» եւ ոլորտի յուրահատկություններին «ներսից» տիրապետելով, MaxMonitor-ը հաճախորդներին առաջարկում է փորձառություն, որը շուկայի այլ մասնակիցները չունեն: 

Անկեղծ լինենեք եւ ասենք, որ վերջին տարիներին գրեթե անհնար է դարձել հանդես գալ բացառիկ պրոդուկտով՝ երբ խոսքը զուտ ծրագրային լուծումների մասին է: Սակայն այդ լուծումները տարբեր հաճախորդների տարբեր կարիքների հետ ինտեգրելը, հավելյալ գործիքներ ապահովելը պահանջում է մեդիայի ոլորտի իմացություն, որը մենք ունենք:

Բացի դրանից, միակն ենք Հայաստանում, որ անդամակցում ենք մեդիա-մոնիտորինգային ընկերությունների միջազգային FIBEP ասոցիացիային: Դրա շնորհիվ «առաջին ձեռքից» տեղեկանում ենք ոլորտի բոլոր նորություններին, ինչպես նաեւ գործընկերներ ունենք տարբեր երկրներում: Օրինակ, Ավստրիայի մեր գործընկերոջ հետ համատեղ ներկայացնում ենք ֆեյսբուքյան էջերի համեմատական վերլուծության ծառայություն, որը միակն է հայաստանյան շուկայում:

Օֆելյա Ղազարյանը

Այս եւ այլ առավելությունների շնորհիվ MaxMonitor-ը եղել եւ մնում է հայաստանյան շուկայի առաջատարը, ինչը, բնականաբար, չի նշանակում, որ չպետք է մտածենք զարգացման մասին:

- Զարգացման ի՞նչ ծրագրեր ունի MaxMonitor-ը 2026 թվականի համար:

- Համակարգում թարմացումներ արվում են միշտ: Ինչպես արդեն ասացի, դրանց մի մասը առաջարկում են հաճախորդները: Համակարգը արհեստական բանականության տարբեր բաղադրիչներով «զինելու» գաղափարներ ունենք՝ 2026-ին կփորձենք դրանք կյանքի կոչել:

Հիմա հատուկ պայմաններ ունենք այն ընկերությունների համար, որոնք կցանկանան MaxMonitor-ի բաժանորդ դառնալ: Բոլոր նրանք, ովքեր մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը պայմանագիր մեզ հետ կստորագրեն, 2026-ին մեր ծառայություններից կօգտվեն 20 տոկոս զեղչով: Հետաքրքրողները կարող են կապ հաստատել այս հղումով:
Դիտում՝ 401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW