Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանն, ամփոփելով 2025 թվականը, անդրադարձել է բանկի գլխավոր ձեռքբերումներին եւ առաջնահերթություններին, այդ թվում՝ բանկի կողմից առաջարկվող նոր պրոդուկտներին, թվային նորարարություններին, բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման (ESG) սկզբունքներին եւ այլն:- Պարոն Առաքելյան, տարեվերջին ընդունված է մի պահ կանգ առնել եւ ամփոփել անցնող տարին: Հետադարձ հայացք գցելով անցնող 2025 թվականին՝ ի՞նչ հիմնական ձեռքբերումներ եւ առաջնահերթություններ կառանձնացնեք: Բանկին հաջողվե՞լ է հասնել սահմանված նպատակներին կամ խնդիրների լուծմանը:- Ժամանակ առ ժամանակ իրականացված աշխատանքի հետահայաց վերլուծությունը կարեւոր է. այն օգնում է վերհանել հաջողություններն ու հնարավոր բացթողումները, անել հետեւություններ եւ նախանշել անհրաժեշտ քայլերը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում: Ամփոփելով տարին՝ պետք է նշեմ, որ այն, իսկապես, հագեցած էր. կարեւոր իրադարձություններ, բանկային նոր պրոդուկտների ներկայացում՝ որպես առաջնահերթություն ունենալով թվային արդիականացումը, միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցություն, մասնաճյուղային ցանցի օպտիմալացում եւ արդիականացում, աշխատակիցների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, տարատեսակ միջոցառումներ եւ այլն:Կարեւորելով հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը՝ բանկը ներկայացրել է նոր ավանդատեսակներ եւ վարկատեսակներ: Ընդլայնվել են վճարահաշվարկային համակարգերով մատուցվող ծառայությունները՝ վճարումներն ավելի ռացիոնալ, անվտանգ, թափանցիկ եւ կանխատեսելի դարձնելու համար:2025 թվականի ընթացքում Հայէկոնոմբանկն ապահովել է հիմնական ցուցանիշների գծով զգալի աճ, էականորեն ընդլայնել է միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցությունը՝ ներգրավելով ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարի ներգրավված միջոցների համեմատ: Միջոցներն ուղղվելու են ՓՄՁ, կին եւ երիտասարդ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի եւ կանաչ նախագծերի վարկավորմանը:- Խոսեցիք ՓՄՁ վարկավորման մասին: Գաղտնիք չէ, որ ՓՄՁ հատվածի վարկավորման առաջնային խնդիրներից է նպաստել ոլորտի զարգացմանը եւ ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը: Հենց այդ պատճառով բանկերը, արձագանքելով ոլորտում առկա մարտահրավերներին, շարունակաբար փորձում են նոր ֆինանսական գործիքներ ներդնել՝ ոլորտի առաջխաղացումը ապահովելու եւ արդյունավետ ՓՄՁ վարկավորում իրականացնելու համար: Այս տեսանկյունից, ի՞նչ կտա լիզինգի սպասվող ներդրումը Հայէկոնոմբանկին: - Ներկայում մենք պատրաստվում ենք լիզինգային գործառնությունների իրականացման ակտիվ փուլին՝ նպատակ ունենալով իրացնել ՓՄՁ-ների ողջ ներուժը: ՓՄՁ-ները տնտեսության ողնաշարն են, բայց նրանք հաճախ սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեն: Եվ լիզինգը հենց այն կարեւոր գործիքներից է, որը թույլ է տալիս լուծել ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության համակարգային խնդիրը։Հենց դա է պատճառը, որ մենք լիզինգը դիտարկում ենք ոչ թե որպես սովորական ֆինանսական գործիք, այլ որպես բանկի ՓՄՁ ֆինանսավորման ռազմավարության կարեւոր բաղադրիչներից մեկը։ Մենք կարծում ենք, որ բանկի ՓՄՁ ռազմավարությունն ավելի ամբողջական կլինի, եթե կարողանանք ձեռներեցներին նաեւ այդ գործիքն առաջարկել բիզնեսի առաջխաղացման համար: Այսօրվա արագ զարգացող միջավայրում հնացած տեխնոլոգիաների կիրառումը լուրջ ռիսկ է. իրականացվելիք լիզինգային ծրագրերը կօգնեն ՓՄՁ-ներին խուսափելու այդ ռիսկից եւ խթանելու տեխնոլոգիական արդիականացումը՝ ներդնելով ժամանակակից արտադրական սարքավորումներ, ՏՏ ենթակառուցվածքներ եւ այլն: - Բանկային կառույցները մեծ նշանակություն եւ կարեւորություն են տալիս թվային փոխակերպումներին՝ որպես ժամանակի հրամայական: Ի՞նչ նոր լուծումներ է առաջարկում Հայէկոնոմբանկն իր հաճախորդներին: - Թվային համակարգերի եւ ծառայությունների բարելավումը մեզ համար շարունակական, ամենօրյա աշխատանք է: Եվ այո, մրցակցային շուկայում Հայէկոնոմբանկն ընդլայնում է իր հաճախորդների շրջանակը՝ առաջարկելով բանկային պրոդուկտներից օգտվելու ավելի պարզ եւ ժամանակակից թվային լուծումներ: Այս տարի AEB Mobile հավելվածում ներդրվել է «Խնայողական հաշիվ» պրոդուկտը: Անձնական ֆինանսները ճկուն տարբերակով կառավարելու այս գործիքը մշակվել է հաճախորդների ֆինանսական կայունությունն ու ապահովությունն ամրապնդելու համար։ Գործող առցանց նույնականացմանը զուգահեռ, ընդամենը վերջերս, բանկային շուկայում առաջինը գործարկեցինք AEB Mobile-ում imID-ով նույնականացվելու հնարավորությունը, ինչը դյուրինացնում եւ արագացնում է նույնականացման գործընթացը եւ ընդլայնում հաճախորդների՝ թվային պրոդուկտներին հասանելիության շրջանակը: Շատ կարեւոր է նաեւ, որ այս լուծումը ոչ միայն նույնականացման հնարավորություն է տալիս, այլ նաեւ առաջիկայում օգտագործվելու է տարբեր բանկային գործարքներ իրականացնելու համար՝ ավելի անվտանգ եւ կանխատեսելի միջավայրում: Արտակ Առաքելյանը Բանկը գործարկել է նաեւ AEB Mobile հավելվածի եւ AEB Online համակարգի միջոցով Հայէկոնոմբանկի թողարկած դրամային եւ դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությունը:Այս համատեքստում կարեւոր է նշել, որ Հայէկոնոմբանկը միացել է ArcaQR համակարգին, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին մուտք գործել բանկի մոբայլ հավելված, սկանավորել QR-ը եւ կատարել վճարում բանկային հաշվից։ Մոտ ապագայում կավարտենք նաեւ IdramQR-ի ներդրումը, ինչը եւս հնարավորություն կտա հաճախորդին բջջային հավելվածի միջոցով բանկային հաշվից վճարումներ կատարել: Նոր լուծում է ArcaPay ծառայությունը, որը հաճախորդների միջեւ հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ ու անվտանգ համակարգ է։ Շատ շուտով մեր հաճախորդները կկարողանան օգտվել նաեւ առանց քարտի բանկոմատից գումարի կանխիկացման հնարավորությունից՝ մեկանգամյա օգտագործման կոդի միջոցով: Եվ սա դեռ ամենը չէ: Ֆունկցիոնալ բարելավումներ են իրականացվել բանկի թվային հարթակներում եւ համակարգերում՝ նպաստելով AEB Mobile հավելվածի եւ AEB Online համակարգի աշխատանքի արդյունավետության եւ արագագործության բարձրացմանը: Առհասարակ, մենք կարեւորում ենք սպասարկմանը զուգահեռ նաեւ խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին՝ թվային փոխակերպումները հասանելի դարձնելով հաճախորդների ավելի լայն շրջանակի համար: - Կայուն զարգացմանն առնչվող հարցերի նկատմամբ ուշադրությունն ամբողջ աշխարհում օրեցօր աճում է: Այս գործոններն էական ազդեցություն ունեն նաեւ ֆինանսական լանդշաֆտի ձեւավորման վրա: Ի՞նչ մոտեցում ունի այս հարցում Հայէկոնոմբանկը՝ որպես երկրի բանկային սեկտորի եւ տնտեսության զարգացման էական դերակատար: - Պատասխանատու լինելով բանկի երկարաժամկետ ռազմավարական զարգացման համար՝ մենք մեր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման (ESG) հարցերին դիտարկում ենք ոչ միայն որպես կորպորատիվ պատասխանատվություն, այլ նաեւ որպես բիզնեսի զարգացման կարեւոր առաջնահերթություն: 2016 թվականից Հայէկոնոմբանկը հետեւողականորեն ներդրել է Շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման (ESMS) համակարգը եւ քաղաքականությունը, որը տարեցտարի թարմացվում եւ բարելավվում է:Հայէկոնոմբանկն իր բնապահպանական, սոցիալական եւ կառավարման տեսլականին համապատասխան՝ Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) շրջանակում միացել է Հայաստանում ածխածնային արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերին: Հայէկոնոմբանկն ակտիվորեն ներգրավված է եղել ԿԲ Բնապահպանական, սոցիալական, կառավարչական եւ կլիմայական ռիսկերի գնահատման «Ռիսկ Ռադար» (Risk Radar) գործիքի մշակման աշխատանքային խմբում: Բանկի 2025-2027թթ. ռազմավարության մաս են կազմում «Կանաչ վարկավորման» եւ «Կանանց վարկավորման» ռազմավարությունները, որոնց համաձայն առաջիկա տարիներին նախատեսվում է ապահովել էական աճեր:Հայէկոնոմբանկն առաջին բանկն է Հայաստանում, որ 2024 թվականին Ասիական զարգացման բանկի «Տեխնիկական աջակցության» ծրագրի ներքո IPC խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ մշակել է 2025-2027 թթ. Գործողությունների ծրագիր: Ճանապարհային քարտեզով նախատեսված Կանաչ ռազմավարությունը ներառում է բանկի գործառույթներում կայունության, կլիմայական պատասխանատվության եւ ներառականության սկզբունքների ներդրում ու կատարելագործում, ինչպես նաեւ Կանաչ դասակարգման համակարգի կիրառում՝ հիմնված միջազգային ICMA եւ LMA սկզբունքների վրա։Մեզ համար ESG սկզբունքներն այլեւս միայն համապատասխանության մասին չեն. դրանք արդեն վերաձեւավորում են ֆինանսական ոլորտը: Հենց այդ պատճառով առաջիկայում նախատեսում ենք հստակ քայլեր իրականացնել ESG սկզբունքներն ու մոտեցումները Հայէկոնոմբանկի գործունեության աշխարհագրության շրջանակում մասսայականացնելու, ավելի շոշափելի դարձնելու ուղղությամբ, ինչը վստահաբար թույլ կտա էական փոփոխությունների հասնել: - Բանկային համակարգում սովորաբար մեծ կարեւորություն են տալիս վարկանիշային գործակալությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող գնահատականին: Ինչո՞վ էր տարին առանձնահատուկ Հայէկոնոմբանկի համար: - Մենք հպարտ ենք նշել, որ 2025թ. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայէկոնոմբանկին շնորհված տեղական արժույթով եւ արտարժույթով բանկերի ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշը կայուն հեռանկարով՝ թարմացնելով բանկի վերաբերյալ Վարկային եզրակացությունը:Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվող առեւտրի ֆինանսավորման գծով տասնմեկերորդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է հերթական մրցանակը՝ «2025թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում»: Հայէկոնոմբանկն այս մրցանակը ստանում է արդեն վեցերորդ անգամ՝ սկսած 2015 թվականից:Այս ցանկը կարելի է շարունակել, բայց ուզում եմ հավելել, որ մեզ համար բոլոր ժամանակներում ամենակարեւոր ձեռքբերումը մեր հաճախորդների վստահությունն ու հավատարմությունն է: Հենց սա է մեզ ոգեշնչում շարունակաբար բարելավել Հայէկոնոմբանկի կողմից արդեն 34 տարի մատուցվող ծառայությունների որակը: Ամփոփելով տարին՝ հպարտությամբ պետք է նշեմ, որ միասնական աշխատանքի եւ նվիրվածության արդյունքում կարողացել ենք կարեւոր հաջողություններ արձանագրել: Մենք շարունակել ենք ամրապնդել մեր դիրքերը՝ որպես երկրի տնտեսության եւ բանկային համակարգի էական դերակատար, զարգացնել մատուցվող ծառայությունները եւ հաստատակամորեն առաջ շարժվել մեր ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ: Վստահ եմ, որ առաջիկայում եւս նշանակալի նվաճումների եւ ձեռքբերումների ենք հասնելու՝ նպաստելով ավելի կայուն ապագայի ձեւավորմանը: Թույլ տվեք նաեւ շնորհավորել գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող 2026 թվականը խաղաղություն, բարօրություն եւ նշանակալի նվաճումներ բերի Հայաստանին եւ հայ ժողովրդին: Tweet Դիտում՝ 566