Տիգրան Մնացականյան. Pullman-ը բարձրացնում է ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ

15.12.2025 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Երեւանի «Նորքի Այգիներ» 180 հասցեում կառուցվում է Pullman Living and Residences Yerevan համալիրը, որը նույն տարածքում համատեղում է բարձրակարգ բնակարանային հարմարավետությունը, միջազգային չափանիշների հյուրանոցային ծառայությունները եւ ներդրումներ ներգրավելու բացառիկ փորձը։ Համալիրը, որի ավարտը նախատեսված է 2027 թվականի ավարտին, կառուցվում է աշխարհում հյուրընկալության ոլորտի առաջատար խմբերից Accor-ի եւ հայկական «Տեխնոտուն» ընկերությունը համագործակցությամբ:

Banks.am-ը զրուցել է «Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանի հետ՝ հասկանալու, թե ինչ առանձնահատկություններ կունենա նախագիծը, ինչպիսին է լինելու դրա ազդեցությունը անշարժ գույքի շուկայի վրա, եւ ինչ սպասելիքներ ունի ներդրողների համար։

- Պարոն Մնացականյան, սկզբի համար խնդրում ենք ներկայացրեք Accor-ի Pullman բրենդը։

- Accor-ը աշխարհի թոփ 10 խոշոր խմբերից մեկն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում: Այն ներառում է շուրջ 5600 հյուրանոց, 10 000 ռեստորան եւ սրճարան աշխարհի ավելի քան 110 երկրներում։ Խումբն ունի հյուրընկալության ամենաբազմազան էկոհամակարգերից մեկը, ոլորտային նախագծերի տարաբնույթ պորտֆոլիո, որը ներառում է 51 հյուրանոցային բրենդ։ Pullman-ը ընկերության պրեմիում բրենդն է, որն Accor-ի հետ համագործակցության արդյունքում բերում ենք Հայաստան։ Այս պահին Pullman-ը ներկայացված է 49 երկրում։ 

Այն կոնցեպտը, որը Pullman բրենդով ներկայացնում ենք Հայաստանում, համեմատաբար նոր է։ Այն «living and residence» ձեւաչափով նախագիծ է, որի մի մասը 5 աստղանի հյուրանոցային, մյուս մասը՝ բնակելի համալիր է։ Այս ամբողջը սպասարկում է Pullman բրենդը:

- Ինչպե՞ս ձեւավորվեց համագործակցությունը Accor-ի հետ եւ Pullman Living and Residences Yerevan նախագիծը Հայաստանում իրականացնելու գաղափարը։ Ի՞նչն էր այս որոշման հիմնական շարժառիթը։

- Երբ սկսեցինք մտածել շենքի նախագծման շուրջ, սկզբից նախատեսում էինք, որ այն պետք է ունենա բարձրակարգ հանգստի գոտիներ՝ լողավազաններ, մարզասրահ, մանկական ակումբ եւ հինգաստղանի հյուրանոցին բնորոշ այլ ենթակառուցվածքներ։ Մեր խորհրդատուներից մեկը առաջարկեց, որ շենքը բրենդավորվի եւ համապատասխանեցվի միջազգային չափանիշներին` նման ծավալի համալիրը բարձրակարգ սպասարկմամբ ապահովելու նպատակով։

Բազմաթիվ բրենդների հետ բանակցելուց հետո հասկացանք, որ մեզ համար ամենագլխավոր եւ կարեւոր հանգամանքն այն էր, որ բրենդը կսպասարկի ամբողջ համալիրը: Հետեւաբար, ընտրությունը կանգ առավ հյուրընկալության խոշորագույն ընկերություններից մեկի՝ Accor Group-ի վրա, որի մոտեցումը համընկավ մեր հիմնադրի տեսլականի հետ՝ ունենալ համահավասար պրեմիում սպասարկում բոլոր բնակիչների եւ հյուրերի համար։


Նույնիսկ կային ասպեկտներ, որտեղ մեր պահանջներն ու նշաձողն ավելի բարձր էին եւ խիստ՝ քան բրենդինը, քանի որ մենք էլ բացառիկ համալիր ստեղծելուն էինք միտված: Ընկերության հետ hամագործակցության հուշագիրը ստորագրվեց անցյալ տարի հուլիսի 2-ին՝ ազդարարելով համագործակցության մեկնարկը։ Այժմ Pullman Living and Residences Yerevan համալիրն ամբողջությամբ կառուցում ենք Accor-ի չափանիշներով եւ վերահսկողությամբ`սահմանելով նոր մշակույթ: Սա մեր ընկերության, ինչպես նաեւ Հայաստանի կառուցապատման ոլորտի համար նոր միջազգային չափանիշների, գիտելիքների եւ բարձր պահանջների ներգրավման կարեւոր փորձ է։

- Accor խմբի Արեւելյան Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի խոսքով՝ այն, ինչ նրանք բերում են Հայաստան, նոր է, եւ «մենք այս գործում առաջատարներից ենք»։ Պարզաբանեք, խնդրում եմ, ինչո՞ւմ է կայանում այս նախագծի բացառիկությունը։

- Նման նախագծի բացառիկությունն այն է, որ այն առաջարկում է նոր ապրելակերպ։ Այն նախատեսված է մարդկանց համար, որոնք գնահատում են իրենց ժամանակը, սիրում են վայելել կյանքը եւ ցանկանում են ունենալ բոլոր հարմարությունները անմիջապես իրենց բնակության վայրում։ Pullman Living and Residences Yerevan-ի տարածքում լինելու են բաց եւ փակ ենթակառուցվածքների բացառիկ բազմազանություն՝ համապատասխանելով միջազգային պրեմիում ստանդարտներին։ 


Լինելու են «outdoor» ենթակառուցվածքներ՝ բաց infinity լողավազան, մանկական բաց լողավազան, բասկետբոլի, ֆուտբոլի, թենիսի եւ վոլեյբոլի խաղադաշտեր, վազքուղիներ եւ հեծանվուղիներ, երեխաների բաց խաղահրապարակ, զբոսանքի եւ հանգստի գոտիներ, տարածքներ ընտանի կենդանիների համար: Կունենանք նաեւ «indoor» ենթակառուցվածքներ՝ 500 քմ մակերեսով ֆիթնես կենտրոն, 1000 քմ-ից ավելի սպա գոտի՝ փակ տաքացվող լողավազանով, Kid’s Club, Co-working տարածք, կոնֆերանս դահլիճ եւ հանդիպումների սրահներ, ռեստորան եւ լաունջ բար, գեղեցկության սրահ, սուպերմարկետ, դեղատուն: 

Բնակիչներին հասանելի են լինելու հետեւյալ հիմնական ծառայությունները՝ կոնսիերժ, valet parking, անվտանգություն եւ տեսահսկում: Լինելու են նաեւ բրենդի պրեմիում À La Carte ծառայությունները՝ քիմմաքրում եւ լվացքատուն, տարածքի/բնակարանի մաքրում, room-service, «While You Are Away»՝ սպասարկում բնակչի բացակայության ընթացքում։ Այսինքն՝ բնակիչը, առանց իր տան տարածքից դուրս գալու, կարող է օգտվել բոլոր այս ծառայություններից։ 

Շենքի հյուրանոցային հատվածի համար նախատեսված ծառայությունները հասանելի կլինեն նաեւ հիմնական բնակիչներին։ Կարծում եմ, որ ներկայումս Երեւանում չկա այս չափի հողատարածքով, այսքան համալիր եւ բազմաֆունկցիոնալ լուծումներ ունեցող նախագիծ։

- Ըստ նախնական հաշվարկների՝ նախագծի ներդրումային բյուջեն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար է։ Ինչպիսի՞ն է այս ներդրումների կառուցվածքը։

- Ներդրումային փաթեթը կազմում է $100 մլն, որի հիմնական բաղադրիչներն են` սեփական միջոցները՝ ի դեմս ընկերության հիմնադիրների, բանկերի կողմից ստացված վարկերը եւ գնորդների կողմից ստացված կանխավճարների ապասառեցումները։

Pullman-ը միայն աջակցում է ընկերության բարձր չափանիշներին համահունչ կոնցեպտի իրականացմանը եւ հետագայում իր վրա է վերցնելու համալիրի սպասարկման գործառույթը։

- Հայաստանն այսօր որքանո՞վ է գրավիչ միջավայր խոշոր ներդրումների համար։ Որո՞նք են այն առավելությունները եւ ռիսկերը, որոնք դիտարկում եք նման նախագծերի ընթացքում։

- Իրավացի եք, ոլորտում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք, ըստ իս, մեծամասամբ պայմանավորված են եղել «ֆորս-մաժորային» տրամադրություններով եւ արտաքին գործոնների ազդեցությունից զգալի փոփոխություններ են եղել։ Սակայն վերջին տասնամյակում Երեւանի անշարժ գույքի շուկան շարունակել է արձանագրել կայուն աճ: Թեեւ փորձագետների կարծիքները երբեմն հակասական են՝ 2025 թվականի ընթացիկ տվյալները չեն արձանագրում էական գնանկում: Գները պահպանել են դրական եւ համեմատաբար կայուն շարժը, ինչը վկայում է բարձր պահանջարկի եւ ներդրումային հետաքրքրության շարունակականության մասին՝ ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի հրապարակված պաշտոնական տվյալների։

Ոլորտում, անշուշտ, կարիք կա նաեւ օրենսդրական փոփոխությունների, որը կբերի հստակության։ Այս ամենը հուզումների տեղիք կարող էր տալ, սակայն նշեմ, որ հյուրընկալության ոլորտի աշխարհում խոշորագույն խաղացողների կողմից մեր նախագծից բացի՝ մի քանի նոր նախագիծ եւս գործարկվում է: Սա վկայում է այն մասին, որ անորոշություններ կան, սակայն շուկան աճ է գրանցում եւ վստահության մակարդակը ՀՀ-ի հանդեպ բարձրանում է: Նման գործընկերների ներգրավվածությունն իր հերթին ներդրողների համար ստեղծում է ավելի կանխատեսելի միջավայր։

Հուսով եմ՝ մոտ ապագայում կունենանք էլ ավելի կայուն իրավիճակ, ինչն ուղիղ խթան կհանդիսանա ներդրումների աճի համար: Միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանում Pullman-ի նման բրենդի ներկայությունը բարձրացնում է երկրի նկատմամբ վստահությունը եւ ներդրողներին փոխանցում կայունության եւ հուսալիության զգացում։

- Հետաքրքիր կլինի լսել Ձեր փորձագիտական կարծիքը հայաստանյան անշարժ գույքի շուկայի վերաբերյալ․ հաճախ կարելի է լսել, որ շինարարական այսպիսի բումը չի համապատասխանում պահանջարկին, մինչդեռ Ձեր նախագիծը, կարծես, հակառակն է ցույց տալիս։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում շուկայում։

- Եկամտահարկի վերադարձի մասին օրենսդրական փաթեթի ընդունումից, Հայաստանում շուկայի շարժից հետո տրվել են մեծաքանակ շինթույլտվություններ, կառուցապատումների ծավալը բավականին մեծացել են, ուստի շուկան հագեցած է եւ ընտրության շրջանակը բավականին լայն։ Այս պահանջարկը վերջին տարիներին նաեւ ձեւավորել է զբոսաշրջության աճ եւ ՀՀ ժամանողների զգալի հոսք:

Շուկայի տրամադրություններն, այո, մեծ ազդեցություն ունեն, սակայն եզակի նախագծերի դեպքում պահանջարկի ձեւավորումը այլ կերպ է ընթանում։
Մեր գնորդները, ՀՀ-ից բացի՝ նաեւ Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանի Դաշնությունից եւ ԱՄՆ-ից են՝ մեծամասնությունն ազգությամբ հայ, ինչը կրկնակի պարտավորեցնող է, որպեսզի պահպանենք նախագծի բացառիկությունը։

- Եվ վերջում՝ ի՞նչ եք սպասում այս նախագծից անձամբ Դուք՝ որպես ներդրումային նախաձեռնության ղեկավար։

- Կարծում եմ, որ այս նախագիծը ինքնին կնպաստի Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը։ Նախագծի ինքնատիպության հիմնական գործոններն են՝ բրենդի ուժն ու միջազգային ստանդարտները, շինարարության որակը, օգտագործվող նյութերը, նորարար մոտեցումները եւ կիրառվող առաջադեմ տեխնոլոգիաները։

Բացումից հետո կստեղծվեն նոր աշխատատեղեր: Հրավիրված եւ տեղում վերապատրաստվող ոլորտային մասնագետների շնորհիվ կհամալրվի մեր անձնակազմը, ինչը զարկ կտա նաեւ հյուրընկալության ոլորտի զարգացմանը։ 
Զբոսաշրջության տեսանկյունից «living» կոնցեպտը միջնաժամկետ եւ երկարաժամկետ կեցության ձեւաչափով, աշխատանքային նպատակով Հայաստան տեղափոխված մարդկանց հնարավորություն կտա այստեղ գտնել իրենց ժամանակավոր տունը, որն իր հերթին եւս կնպաստի ներդրումային միջավայրին։


Մեր նվիրումը, ունենալ էկոլոգիապես մաքուր միջավայր, բխեց նրանից, որ նախագծի 20 000 քմ ընդհանուր մակերեսից 16 000-ը թողնում ենք որպես կանաչապատ եւ ընդհանուր օգտագործման տարածք, որտեղ կգործի նաեւ մեր որդեգրած «no car» քաղաքականությունը: Իսկ համալիրը ապահովված է լինելու «Ա» դասի էներգախնայողությամբ՝ կրկին միտված մեր շուրջն ավելի մաքուր միջավայր ստեղծելուն: 

Խիստ կարեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, հանձն ենք առել վերանորոգել ճանապարհը դեպի մեր փողոց, որը կլուսավորվի, կասֆալտապատվի եւ կկառուցվեն մայթեզրեր: Իսկ վերգետնյա ենթակառուցվածքային մալուխները եւ խողովակները փոխարինվել են ստորգետնյայով։ Մեր միջոցներով արդեն փոխել ենք նաեւ Գ.Հովսեփյան եւ Ա.Արմենակյան փողոցների ջրագիծը։ Մեր հողատարածքի սահմանի ստորին հատվածում Երեւանի քաղաքապետարանը մոտ մեկ տարի առաջ մեկնարկել է երբեմնի «Նորքի Այգիների» վերակառուցման նախագիծը: Տնկվել է մոտ 7 հա անտառ, որտեղ մեր տեխնիկայով եւ մարդկային ներուժով ակտիվ մասնակցություն ենք ունեցել:

Տիգրան Մնացականյանի հետ զրուցել է Արփի Ջիլավյանը
Դիտում՝ 1161
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW