ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահի պաշտոնում առաջադրում է Mastercard-ի նախկին գլխավոր տնօրեն Աջայ Բանգային (Ajay Banga)։«Նախագահ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում առաջադրում է Աջայ Բանգայի թեկնածությունը»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ իր հայտարարության մեջ Բայդենը նշել է, որ Բանգան ունի անհրաժեշտ փորձ այս պաշտոնի համար, մասնավորապես՝ «մեր ժամանակի ամենահրատապ խնդիրները լուծելու, այդ թվում՝ կլիմայի փոփոխության խնդիրը»։ 63-ամյա Բանգան ներկայումս General Atlantic-ի փոխնախագահն է, նախկինում եղել է Mastercard-ի գլխավոր տնօրենը: Նա ծնվել է Հնդկաստանում, բայց ունի ամերիկյան քաղաքացիություն։Հիշեցնենք, որ փետրվարի կեսին Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը հայտարարել էր մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 30-ը պաշտոնը թողնելու որոշման մասին։ Վերջին շրջանում նրա գործողություններն առաջացրել էին ԱՄՆ իշխանությունների աճող դժգոհությունը։ Մելպասի հասցեին քննադատությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց մարդկային գործոնը ճանաչել որպես գլոբալ տաքացման պատճառ։ Ինքը՝ Մելպասը, նշել էր, որ իր խոսքերը սխալ էին հասկացվել։Վերջերս Financial Times-ը գրել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը շտապ կազմում է Համաշխարհային բանկի նախագահի հավանական թեկնածուների ցանկը։ Թերթի տվյալներով՝ հիմնական թեկնածուները հինգն են, որոնցից չորսը՝ կանայք։ Աջայ Բանգայի անունը թեկնածուների ցանկում չկար։Նախօրեին Համաշխարհային բանկը հայտարարեց, որ ակնկալում է կազմակերպության նոր ղեկավար ընտրել մինչեւ 2023 թվականի մայիսի սկիզբը։ «ՀԲ տնօրենների խորհուրդը համառորեն առաջարկում է թեկնածուների թվում առաջադրել կանանց»,- ասված էր հայտարարության մեջ: Նշվում էր նաեւ, որ թեկնածուները պետք է լինեն բանկի մասնակից երկրների քաղաքացիներ։ Tweet Դիտում՝ 7910