Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելպասը հայտարարել է մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 30-ը պաշտոնը թողնելու որոշման մասին։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀԲ մամուլի ծառայության գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է նախօրեին։«ՀԲ նախագահ Դեւիդ Մելպասն այսօր տեղեկացրել է տնօրենների խորհրդին իր մտադրության մասին՝ լքելու պաշտոնը մինչեւ ՀԲ ֆինանսական տարվա ավարտը, որը լրանում է հունիսի 30-ին՝ ավելի քան չորս տարի աշխատելուց հետո»,- ասված է տեքստում։«Ինձ համար մեծ պատիվ էր աշխարհի զարգացման առաջատար հաստատության նախագահի պաշտոնում աշխատել այսքան տաղանդավոր եւ ականավոր մարդկանց կողքին: Այն ժամանակ, երբ զարգացող երկրները բախվում են աննախադեպ ճգնաժամերի, ես հպարտ եմ, որ Համաշխարհային բանկն արձագանքում է արագ, լայնամասշտաբ, նորարարական եւ արդյունավետ: Վերջին չորս տարիներն իմ կարիերայում ամենակարեւորներից էին: Հասնելով զգալի հաջողությունների եւ երկար մտորումներից հետո՝ ես որոշեցի զբաղվել նոր խնդիրների լուծմամբ»,- ասել է Մելպասը:Անցած տարվա սեպտեմբերին կլիմային վերաբերող իր հայտարարությունների պատճառով ՀԲ նախագահը խիստ քննադատության էր ենթարկվել բնապահպան ակտիվիստների կողմից, նրան հորդորել էին լքել պաշտոնը։Այն ժամանակ նա ասել էր, որ մտադիր չէ հրաժարական տալու, ֆինանսական հաստատության բաժնետերերը նույնպես չէին պահանջել իրենից նման քայլի դիմել։ Սեպտեմբերին Axios լրատվական պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ը, որը բանկի հիմնական բաժնետերն է, դիտարկում է Մելպասին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցը՝ կապված կլիմայի փոփոխության մասին նրա հայտարարությունների հետ։Դեւիդ Մելպասը Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնը ստանձնեց 2019 թվականին, երբ ԱՄՆ նախագահն էր Դոնալդ Թրամփը: Նրա պաշտոնավարման ժամկետը պետք է լրանար 2024 թվականին։ Tweet Դիտում՝ 4081