Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարներին հանձնարարել է Ռուսաստանի հետ մշակել այլընտրանքներ «Միր» վճարային համակարգին:Թուրք եւ ռուս պաշտոնյաներն այս հարցի շուրջ բանակցություններ են վարել, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով թուրքական A Haber հեռուստաալիքը: «Նախարարներին հանձնարարվել էր Մոսկվայի հետ մշակել այլընտրանքներ «Միր» վճարային համակարգին: Ռուսաստանյան կողմի հետ բանակցություններն իրականացվել են համապատասխան գերատեսչությունների կողմից՝ նախարարների մասնակցությամբ: Առաջիկա ժամերին Էրդողանը քննարկումներ կանցկացնի այս թեմայի վերաբերյալ»,- հայտնում է թուրքական հեռուստաալիքը:Նախօրեին հայտնի դարձավ, որ Էրդողանը նախատեսում է սեպտեմբերի 23-ին «բարձր մակարդակով հանդիպում» անցկացնել, որի ընթացքում կքննարկվի ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի հարցը:Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել էր, որ ոչ ամերիկյան ֆինանսական հաստատությունները, որոնք նոր պայմանագրեր են կնքում ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի (НСПК) հետ կամ ընդլայնում են եղած պայմանագրերը, հայտնվում են ռիսկի տակ՝ աջակցելու ՌԴ ջանքերին ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու հարցում: Սեպտեմբերի 20-ին թուրքական Isbank-ը եւ Denizbank-ը հայտարարեցին ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի օգտագործումը դադարեցնելու մասին: Isbank-ում ընդգծել էին, որ տեսել եւ գնահատել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարությունը «Միր» վճարային համակարգի հետ ֆինանսական կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ եւ որոշել են դադարեցնել գործարքները։ Tweet Դիտում՝ 13264